Jump to content

Իմ բանաստեղծություններն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Իմ բանաստեղծություններն առաջինը քեզ էի կարդում,
դեռեւս՝ նորավարտ, տաք-տաք բառերը, թեժ, շատ
անգամ իմ անփութության պատճառով՝ թոնրապողը
կպած տողին, կարդում էի...
Ու երբ ընթերցում էի
քեզ համար, բանաստեղծություններս նոր միայն դառնում էին
բանաստեղծություններ, բառերը իրենց մեջ էին առնում
աչքերդ
խորախորան, շիտակությունը՝ քայլիդ,
շարժումիդ,ձայնիդ, շնչիդ...
Հիմա ուրիշ է։
Տեսնես որտե՞ղ են մեր սարերը։ Գնամ, աստղաշատ
մի գիշեր ագուցեմ ծաղկած մի դաշտի ծայրին, այնպես,
որ ոչ-ոք չիմանա,
պատմուճանի պես գցեմ ուսերիս, ու այդ պատմուճանի
ծոցագրպանից հանեմ առվակախոս ու զուլալ սրինգս...
-Այլեւս չեմ գրելու... Կմեռնեմ՝ բայց չեմ գրի։ Այսինքն՝
եթե նորից ուզենաս հեքիաթներ լսել, կարող է՝
էլի գրեմ... Մնաք բարով, իմ չգրվելիք բանաստեղծություններ...
                                                          14.05.95թ.