Jump to content

Իմ երկար միրուքը՝ ինչպես ձիու պոչ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԻՄ ԵՐԿԱՐ ՄԻՐՈՒՔԸ՝ ԻՆՉՊԵՍ ՁԻՈՒ ՊՈՉ


Շրջված բաժակի շուրջ օրը թեքվում է դեպի
խոսքն այն, որը երբեք չի ասվելու։ Անագռավ
ցելերում քնած սերմնացանի աչքերը ծլում են։

Յուրաքանչյուր ծաղիկ յուրովի պատրաստություն է
մութի ու լույսի։ Անհիշատակ ջրերի երգը չունի
ետ գալու ոչ մի ճանապարհ։ Տխուր հաց, որ չի ուտվում։

Մարդասպանության համար մեղավորները ոչ թե միայն
կրակողներն են, այլ նաեւ այն պահերը, որոնք հարմար եղան
դրա համար։ Ատրճանակի փողը շնչափողից է օրինակված։

Եվ մարդիկ անընդհատ ոչնչացնում են սերը՝ նրան
վայրի քարայրներից ու անտառներից բերելով տուն,
պայմանական թշնամու մեջ միշտ առկա է անպայմանը։

Մութը լափում է աչքերս, եւ իմ երկար
                                        միրուքը ես հավաքում ու
քշկռում-կապում եմ՝ ինչպես ձիու պոչ, որը կարող է հանկարծ
ոտնատակ տրվել ու խաթարել ընթացքը երանական։

Ջրի կաթիլը սահում է ապակու վրայով եւ անհետանում՝
որպես չկայացած հեռու։ Ձանձրույթը
                                        սիրահետում է։ Արգելանքը
վերցրու ճանապարհներից, եւ նրանք այլեւս
                                        ճամփորդ չեն ունենա։