Իմ ձիանոցի անհնազանդ զամբիկները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իմ երկար միրուքը՝ ինչպես ձիու պոչ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Իմ ձիանոցի անհնազանդ զամբիկները)

Վարդան Հակոբյան

Ֆանտասմագորիա
ԻՄ ՁԻԱՆՈՑԻ ԱՆՀՆԱԶԱՆԴ ԶԱՄԲԻԿՆԵՐԸ


Ծաղիկները լույսի վայելչագրություն են, որ
ընծայագրել-թողել է գարունը՝ դաշտի մի խուլ
անկյունում։ Իսկ ես
ընթացքը փնտրում եմ բուրմունքի մեջ, որ տանում է
գետին։ Աստղերի դուռը ծեծող եղեգների մեջ
մեղր է դառնում մեղուների հիշողությունը։

Ես արատավորեցի լույսը՝ նկարագրելով նրա
անսպառելի ազատությունը։ Ճանապարհը
սիրում է գետափների չգիտեմ ինչը, բայց հաստատ
սիրում է։ Սերմի նման խավարն ու լույսը
պաշտում եմ հավասարապես, գուրգուրելով
ձիուս մաշկը, որը թրթռում է սարերի վազքով։

Թեւեր կան քարերի վրա, եւ թռչունների երամները
հանգստանում են իմ սրտին։ Աչքերդ իմ ձիանոցի
անհնազանդ զամբիկներն են, որ
ենթարկեցնում են ճանապարհներին։ Իսկ օտարությունը
զգեստ է սովորական, որը չի ծածկում ամոթույքը։ Լույսը
ձկան շերեփուկներ ունի, եւ գիշերը նրա կեղեւն է սեւ։

Ահավասիկ, հիմա ես եկել եմ, որ ինձ վրա լիաթոք ծիծաղեք՝
ձեզ վերագտնելու համար, անշուշտ, եւ չխաբվեք ձկներով,
որ աճեցվում են խոսքաջրերում։ Էկրանի վրա
մի կապիկ բանան է ուտում եւ
թեփը շպրտում է դեպի աղջիկները՝ հասուն կրծքերով։ Ձեռ
չտալ մութին, թողնել ծավալվի՝ գիշեր ունենալու համար։

12.09.05թ.