Իմ հայացքների եւ հեռվի միջեւ
Մշտադալար են իմ երազները,
Եվ նրանց վրա բարձրանում է ջինջ
Երկինքը ահա,
Որ չխանգարի ազատությունը
ճյուղ ու տերեւի,
Նրանց մեջ՝ գարնան սլացքն անսխալ։
Իմ հայացքների եւ հեռվի միջեւ
Երգով ժանյակած մաքուր երկինքներ,
Կապույտ են փռում ծիծեռնակները:
Իսկ տոթ ամառը
Իմ մեջ վարարած արյուն է ասես,
Ուր հոսանքն ի վեր
Շարունակում է մագլցել սերը։
Իմ հայացքների եւ հեռվի միջեւ
Ինձ սպասում է մի անուշ աղջիկ,
Որին տեսնելիս երբեք չեք ասի,
Թե նա կապ չունի
Ծիծեռնակների, երկնի, ծառերի,
Անսխալ գարնան
Ու իմ քայլերով բացվող հեռվի հետ։
Իմ հայացքների եւ հեռվի միջեւ
Ծաղկում են ահա անթիվ շուշաններ,
Իսկ ճամփեքն ինձնից երազ են մանում...