Սար ու ձորեր լցվեց մութը,
Կորցրի նորից տուտը ճամփիս։
Բայց եւ հանկարծ հիշեցի, որ
Տանն իմ՝ հեռվում,
Մի լավ մանուկ՝ անուշ մոր հետ՝
Լույսը վառած,
Իմ ճամփան է հիմա պահում։
Հիշեցի եւ, հրաշք, կարծես
Իմ տան լույսը
Ձուլված նրանց ժպիտներին,
Կարոտի պես եկա՜վ, եկա՜վ,
Լցվեց մեկեն աչքերիս մեջ,
Լույսը իմ տան...
Ախր, մայրս ասում էր միշտ.
- Երբ որ տնից մեկը հանկարծ
ՈՒշանում է հանդ ու արտում,
Արեգակը մայր մտնելիս՝
Վառեք լույսը,
Որ նա լույսով գա, հասնի տուն...