Ինձ մի սիրիր
Արտաքին տեսք
ԻՆՁ ՄԻ՛ ՍԻՐԻՐ...
Ինձ մի սիրիր՝ որպէս գարնան
Բողբոջ ծաղկին քնքշօրէն.
Կամ տաքարիւն քո առնական
Վառ հեշտանքով կուրօրէն:
Երազներով մի՛ տար սնունդ՝
Հոգիս չարբի անուրջից,
Բաց իմ դիմաց կեանքի անդունդ—
Վէրքն ու ոճիրն իւր միջից:
Թող որ քեզ հետ ես համարձակ
Ծծեմ թոյնը՝ տանջանքի.
Լինեմ ազատ, խօսեմ՝ արձակ,
Ձգտեմ լոյսին՝ փրկանքի:
Եւ ամենքի վշտին մօտիկ
Մտնեմ այն մեծ խաչի տակ,
Որ տանում են ըմբոստ մարդիկ
Դէպ ընդհանուր նպատակ:
Թող փորձերից սիրտս մաշուի
Կրեմ զրկանք ես անվերջ.
Դալար ճակտիս կնճիռ շարուի
Այս բարբարոս կեանքի մէջ:
Եւ երբ հպարտ, ձորձևը, հագիս
Ելնեմ կարօտ քեզ այցի՝
Այն ժամ չոքիր, փարուիր կրծքիս,
Խնդրիր սէրս կանացի...