Jump to content

Ինչո՞ւ համար է գյուղատնտեսական ցուցահանդեսը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ինչո՞ւ համար է գյուղատնտեսական ցուցահանդեսը

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՄԱՐ է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ցուցահանդեսներ շատ են լինում և զանազան տեսակի։ Կա գործարանային իրերի ցուցահանդես, վաճառքի առարկաների ցուցահանդես և այլն։

Գյուղատնտեսական ցուցահանդեսը մեզանում դեռ նորություն է, բայց ուրիշ շրջաններում ամեն տարի, նույնիսկ տարին մի քանի անգամ, ցուցահանդեսներ են կազմակերպում։

Գյուղատնտեսական ցուցահանդեսները լինում են խառն, երբ հանդես են բերում գյուղատնտեսության բոլոր ճյուղերի արդյունքը, անասնապահությունից սկսած մինչև շերամապահություն։

Բայց կա և առանձին ճյուղերի ցուցահանդես, ինչպես օրինակ՝ միայն կաթնատու կովերի ցուցահանդես կամ թե ձիերի ցուցահանդես և այլն։ Այդպիսի ցուցահանդեսների ժամանակ դուրս են բերում միայն կովերը կամ ձիերը, և մրցանակ է ստանում այն կովը, որ ամենից շատ կաթ է տալիս, կամ այն ձին, որ ավելի դիմացկուն է, ավելի շատ բեռ տանող և այլն։

Մենք էլ կհասնենք այդ դրության, մի քանի տարուց հետո․ մենք էլ կունենանք գյուղատնտեսական զանազան ճյուղերի ցուցահանդեսներ, բայց այս տարի, առաջին անգամ լինելով, մենք կազմակերպում ենք միայն գյուղատնտեսական խառն ցուցահանդես։

Ցուցահանդեսին շրջակա գյուղերից բերելու են զանազան տնտեսությունների արդյունքներ։ Կան գյուղացիներ, որոնք այս տարի ցորենի նոր տեսակներ են մշակել և հաջող բերք ստացել, կան այնպիսիները, որոնք անասունների կերի բազուկ են մշակել. այդպիսիներն իրենց տնտեսությունների հաջող արդյունքը պիտի ցույց տան ցուցահանդեսին։

Գյուղատնտեսական ցուցահանդեսի ժամանակ ցույց կտրվեն գյոլղատնտեսական մեքենաներ, կկազմակերպվեն զրույցներ գյուղացիների հետ՝ գյուղատնտեսական զանազան նյութերի շուրջ, կկատարվեն մի շարք փորձեր, գյուղացիները կծանոթանան նոր մեքենաների հետ, կտեսնեն, թե ինչ նորություն կա հարևան գյուղում, կսովորեն օրինակելի գյուղացուց։

Ցուցահանդեսը տևելու է մի օր։ Այդպիսի ցուցահանդեսներ լինելու են և շրջաններում։ Սրանից հետո ամեն տարի ցուցահանդեսներ են կազմակերպվելու։

Այս տարվա մեր ցուցահանդեսը կարող է մի քիչ աղքատ լինել, որովհետև գյուղացիները դեռ սովոր չեն, չեն տեսել. բայց ոչ մի կասկած չկա, որ ամեն տարի գնալով պիտի լավանա, հարստանա ցուցահանդեսը և դառնա ժողովրդական մի մեծ տոն։

Այս տարի մեր հիմք ենք դնում, և սկիզբը միշտ էլ դժվար է լինում, բայց դժվարը միայն առաջին տարին է լինելու, նրանից հետո գյուղացիք կտեսնեն, կսովորեն և կգնահատեն ցուցահանդեսի կարևոր նշանակությունը։

Ցուցահանդեսի ժամանակ լինելու է և մրցանակաբաշխություն: Այն տնտեսությունը կամ այն գյուղացին, որ մի օրինակելի աշխատանք է թափել և իր տնտեսության մեջ մի օգտակար նորություն մտցրել, նա մրցանակ է ստանալու։

Ուրեմն՝ բոլորը դեպի ցուցահանդես, դեպի մրցություն։