Վիկը Զանգեզուրում
ՎԻԿԸ ՋԱՆԳԵԶՈԻՐՈԻՄ
Մեր լեռնային գավառներում անասունների կերի խնդրի հաջող լուծումն այն լծակն է, որով պիտի հեղաշրջվի այդ գավառների հետամնաց անասնապահությունը, դարձնի այն շահի միակ աղբյուրը և ետ մղի դաշտային մշակույթներին, որոնք այդ գավառներում անհրաժեշտ նախապայմաններ չունեն մշտական եկամուտ տալու։ Կերի խնդրի լուծումից է կախված խոշոր չափով ոչ միայն անասունների թվի աճումն ու որակի բարձրացումը, այլև հողերի պարարտացումը գոմաղբով։ Այդ խնդրի լուծման ճանապարհներից մեկն էլ ցանովի խոտերի տարածումն է լեռնագավառներում, առաջին հերթին՝ յոնջայի, կորնգանի և վիկայի:
Այդ նպատակով էլ 25 թվի գարնանը Զանգեզուրի մի շարք գյուղերում, անհատ գյուղացիների տնտեսություններում, ցանվել է վիկ՝ պարզելու, թե ի՞նչպես է աճում վիկը և ինչքա՞ն բերք է տալիս։
Մեր ձեռքի տակ է այդ փորձերի հաշվեառման արդյունքը թվական տվյալներով։ Փորձերի արդյունքը մի ավելորդ անգամ հաստատում է այն ամուր պատվանդանը, որի վրա հիմնվելու է առաջիկա տարիներում լեռնագավառների օրինակելի անասնապահությունը։
Դժբախտաբար, մեզ չհաջողվեց պարզել, թե գյուղբանկը ո՞րտեղից է ձեռք բերել այդ վիկը, որ Զանգեզուր է ուղարկված դեռ 23 թվին։
Նախնական փորձը վիկի ծլման տոկոսը ցույց էր տալիս 84—86-ի միջև։ Սերմը եղել է շատ մաքուր։
Մեր ձեռքի տակ եղած վիկը եղել է գարնանացանի վիկը։
Սերմերը գյուղացիներին բաժանված են ձրի, մեզ չի հաջողվել բոլոր գյուղերում էլ անմիջապես ղեկավարել աշխատանքները, շատ գյուղերում բավականացել ենք միայն բանավոր ցուցմունքներ տալով։
Չնայած որ գյուղատնտեսական տարին եղել է աննպաստ, սովորականից շատ ավելի պակաս մթնոլորտային տեղումներ են եղել մեր գավառներում, չնայած որ, իբր նորամուծություն, գյուղացիք կասկածով էին վերաբերվում և աշխատում էին միշտ վատ հողերը հատկացնել վիկի համար և, ընդհանրապես, առանձին խնամք չտանել, չնայած այդ բոլոր աննպաստ պայմաններին, վիկը տվել է հաջող բերք։ Ահա թվերը․
Գորիսի ցուցադրական հողամասում վիկը ցանել ենք ապրիլի 2-ին և հարել հուլիսի 5-ին։ Հողը եղել է շոռաքյաթ, տեղ-տեղ ծանր կավային։ Հունիսի 2-ին ջրվել է մի անգամ։ Վիկը ցանված է ձեռքով, դեսյատինին՝ 10 փութ։ Տվել է 380 փութ չոր խոտ։ Սկզբնական շրջանում աճում էր դանդաղ, երկյուղ կար, որ մոլախոտերը կարող են հաղթել, բայց վերջում վիկն ավելի արագ բարձրացավ, այնպես որ տեղ-տեղ բարձրությունը հասնում էր 20—22 վերշոկի, միջինը՝ 15 վերշոկ։ Վիկի արտում այլևս մոլախոտեր չէին երևում: Վերջին շաբաթում կարկուտից վիկը տեղ-տեղ պառկել էր։ Այդ տեղերում վիկի ներքի ճյուղերն ու տերևները փտել էին։ Մի շատ փոքր տարածության վրա վիկ ցանվել է և գարու հետ։ Հետաքրքիր է այն, որ առանձին ցանած գարին կարկուտից համարյա չէր վնասվել, իսկ վիկի հետ բուսած գարին տեղ-տեղ պառկել էր։ Այդ պառկած տեղերում գարին երկար ժամանակ մնաց կանաչ, այնինչ մյուս տեղերում գարին արդեն հասել էր։
Այդ խնդիրը հետաքրքրական է այնքան, որքան կարևոր է պարզել, թե ի՛նչ բույսերի հետ մեր պայմաններում ձեռնտու է ցանել վիկ։ Մի շարք այլ պայմանների մեջ է մտնում նաև հաճախակի կարկուտը, որ համարյա յուրաքանչյուր տարի տեղում է լեռնային գավառներում։
Բագրատավան գյուղում վիկ ցանել ենք Մելիք-Դանիելյանի հողում: Այդ հողը գտնվում է «Ղարի Բանդի» բարձրության վրա և ծովի մակերևույթից 7050 ոտնաչափ բարձր է։
Բագրատավանում վիկն ամենահաջող բերքն է տվել։ Մի դեսյատինից ստացվել է 450 փութ չոր խոտ։ Ցանվել է մայիս 4-ին և հուլիս 25-ին հնձվել։
Վիկը ծաղկել է հուլիսի 8-ին։ Հողը պարարտ սևահող է եղել։ Բագրատավանում ցանած վիկն աչքի էր ընկնում իր մուգ գույնի թարմ և տերևաշատ ճյուղերով. բարձրությունը տեղ-տեղ արշինից անցնում էր։ Բուսել էր միահավասար և կանոնավոր։
Գյուղացիները համոզվում են վիկի օգտակարության։ Նրանք արդեն գալ տարվա համար 50 փութի պահանջ են դրել։ Հետաքրքիր հարցերից մեկն էլ վիկի սերմը տեղում պատրաստելն է։ Գյուղացիների ցանկությամբ՝ վիկի մի մասը թողնված է սերմացուի համար։
Բագրատավանի շրջակա գյուղերում կլիմայի խստության պատճառով աշնանացան չեն մշակում։ Ուրեմն՝ աշնան վիկն այդտեղ չի գնալու երկարատև ձմեռվա պատճառով։ Եթե տեղում հաջողվի վիկի սերմ ստանալ, Բագրատավանի շրջակա գյուղերում վիկը շատ կտարածվի և կնպաստի այդ շրջանի քիչ օրինակելի անասնապահության էլ՛ ավելի զարգացման։
Հայկավան գյուղում վիկը ցանվել է Կարապետ Հարությունյանի հողում, մայիսի 2-ին։ Ցանվել է նույնպիսի բարձրության վրա, ինչպես Բագրատավանում (այդ երկու գյուղերն իրար մոտ են)։ Հարել են հուլիս 30-ին, բերք ստացվել է 390 փութ։ Հողը վատ որակի է եղել. վիկի կողքին ցանված է եղել ոսպ, իբր անպետք հող։ Հայկավանում վիկը շատ չի բարձրացել, մոտ 8—9 վերշոկ։ Անձրև չի եղել, չեն էլ ջրել։ Տպավորությունը դարձյալ լավ է։
«Եթե այդ հողում վիկն այդքան խոտ է տվել, ուրեմն նա շատ լավ խոտ է»,— ասում էին գյուղացիք»։ Հայկավանը ևս գալ տարվա համար վիկի սերմի պահանջ է դրել։ Այդ գյուղում ցանած վիկը տեղ-տեղ կտրվել էր, բուսել էին զանազան մոլախոտեր և փուշ։
Խնձորեսկ գյուղում վիկ ցանել ենք դպրոցի հողամասում ապրիլի 19-ին և հարել հուլիսի 17-ին։ Մի դեսյատինը տվել է 210 փութ չոր խոտ։ Չի ջրվել, անձրև միայն մի անգամ է եղել, բացի այդ, հողը ծանր կավային է եղել և չորությունից ճաքճքված։
Բռուն գյուղում վիկ ցանել ենք Սամսոն Հարությունյանի հողամասում, գյուղի ճանապարհի գլխին։ Վիկը ցանել ենք ապրիլ 15-ին և հարել հուլիս 21-ին։ Մի դեսյատինը տվել է 360 փութ չոր խոտ։
Այդ հողում անցյալ տարի մշակել են ցորեն և այս տարի պետք է խամ թողնեն, որպեսզի եկող տարի նորից ցորեն ցանեն։ Այդ հողամասում վիկն ավելի շատ բերք է տվել, բայց մենք հարել ենք ոչ երեսից, թողնելով 3—4 վերշոկ բարձրությամբ վիկի ցողունները, որպեսզի գալ տարի պարզենք, թե ի՞նչ ազդեցություն է անում վիկը ցորենի բերքի վրա։
Գյուղացիները հետաքրքրվում են ոչ միայն վիկի բերքի քանակով, այլև խոտի որակով։ Ոմանք պնդում էին, թե վիկը վնասակար խոտ է անասունների համար։ Մեզ մնում էր հենց այդ նույն գյուղացիների ձիերի առաջ մի-մի խուրձ վիկի խոտ դնել, նրանց կասկածը փարատելու համար։ Գորիս գյուղում, Գեղամ Շալունցի հողամասում ցանվել է վիկ ապրիլ 21-ին և հարվել է օգոստոս 3-ին, մի դեսյատինից ստացվել է 260 փութ չոր խոտ։ Հողը եղել է ավազային, ջրվել է մի անգամ։
Բացի այդ, վիկ ցանել են և այլ գյուղացիներ, որոնք կա՛մ իրենք են գնել սերմը մեզնից, կա՛մ մենք ենք սերմը ձրիաբար տվել։
Այդ գյուղերից դեռ տեղեկություն չկա։ Մեզ հայտնի է միայն մի դեպք Տեղ գյուղում, ուր հաջող բերք չի տվել։ Դեսյատինի հաշվով ստացվել է մոտ 110 փութ։
Այդ գյուղում ցանած վիկի մի մասը քշել է հեղեղը, այնպես որ մենք հաշվեառման չենք ենթարկել։
Ի՞նչ են ասում թվերը։ Որ վիկի հանրանալը մեր գավառում մոտակա տարիների խնդիր է։ Առաջին քայլն է արված միայն՝ շատ թերություններով հանդերձ։
Ծրագրված է այս տարի ձեռք բերել աշնանացան վիկի սերմ. ավելի շատ տնտեսություններում կատարել փորձեր ոչ միայն անասունների կեր ստանալու նպատակով, այլև որպես կանաչ պարարտացում։ Բացի այդ, զուգընթացորեն, պիտի որոշել վիկի տեղը գյուղացու զանազան մշակույթների մեջ և, որ գլխավորն է, վիկի սերմը տեղում ստանալ։ Այս վերջին հանգամանքը մի տեսակ կոմպենսացիա կլինի վիկի միամյա խոտաբույս լինելուն[1]։
- ↑ 1