Jump to content

Ինչպե՞ս վերջ տալ արտի փուշին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԻՆՉՊԵ՞Ս ՎԵՐՋ ՏԱԼ ԱՐՏԻ ՓՈԻՇԻՆ

Բոլորն էլ գիտեն, որ մեր արտերի ամենամեծ թշնամին փուշն է, կոշտ տերևներով, կարմիր ծաղիկներով և փոքրիկ փշիկներով՝ թե՛ տերևների ծայրերին և թե՛ ցողունի վրա։

Հնձելիս՝ ձեռքեր է ծակում, կալսելիս՝ փշերը մարդու աչք են ցավեցնում։

Փուշը շատ֊շուտ կարողանում է տարածվել։ Մի արտում որ երևաց, երկու տարուց հետո մի քանի արտ է խլելու։ Փուշի մի բույսը տալիս է մինչև հինգ հազար սերմ, որոնք շատ հեշտ տարածվում են։

Փուշը շատ խոր արմատներ ունի։ Նրա արմատների վրա կան աչքեր։ Եվ գութանով վարելիս, երբ գութանը կտրում է նրա գլխավոր ցողունը, արմատների այդ աչքերից նոր ցողուններ են դուրս գալիս և ավելի շատ տարածվում։

Տեսել եք, որ փուշը խմբերով է տարածվում։ Այդ նրա արմատների աչքերն են, որ բուսել են գլխավոր ցողունի շուրջը։

Փուշը շատ լավ է բսնում սևահող և կավային հողերում։ Եթե ամառն անձրևային է լինում, փուշն ավելի քիչ սերմ է տալիս։

Ինչպե՞ս վերջ տալ փուշին.

Ամենից առաջ այդ մի մարդու բան չի։ Բոլորը պիտի միանան և ամբողջ գյուղով մի որոշում անեն՝ արտի փուշին վերջ տալ: Փուշը արտի սահմանում կամ միջնակում չպիտի թողնել. սերմը էնտեղից կփոխվի։ Հարկավոր է այդ ազատ հողերի փուշը գերանդիով վեր տալ, որ հա՛մ արտն ազատվի փուշից ու նրա սերմից, հա՛մ էլ փուշի տեղ բուսնի ապրանքի համար ուտելու խոտ։ Փուշը պիտի մինչև ծաղկելը քաղել։

Վարելու ժամանակ, երբ փուշի և այլ խոտերի արմատները գութանը պոկում է և թափում ակոսի մեջ, պիտի իսկույն հավաքել։ Դրա համար գութանի ետևից պիտի գնա մի երեխա կամ կին, որ հավաքելու է այդ արմատները։

Հնձից հետո շատ լավ կլինի արորով (չութ) քյուլաշը վարել՝ շատ երես։

Դրանից հետո մեկ էլ աշունքն են ցել անում, բայց այս անգամ՝ խոր, որպեսզի փուշի նոր ցողունները ոչնչանան։ Ամառվա շոգին, երբ փուշի արմատները արևի տակ են մնում, իսկույն չորանում են և այրվում։

Ամեն տարի փուշը մեր գյուղացիներին անհաշիվ վնաս է տալիս։ Հողը մի երկու տարի թողնում են, որ հանգստանա։ Բայց փուշը բսնում է խիտ, ապրանք չի մոտենում։ Եվ զարմանալի չի, որ երկու-երեք տարի հանգստանալուց հետո հողն էլի չի ուժեղանում։ Փուշը ծծել է նրա նյութը, փուշից հողն ուժասպառ է եղել։

Դրա համար էլ փուշին պիտի վերջ տալ: