Ի՜նչ գեղեցիկ է վերադառնալը։
Դեռ ճանպարհին՝ դեմքդ բացվում է,
եւ բալիկներիդ ճռվողյունները
գալիս են ասես, հեռվից հասնում քեզ,
ծլվլոցներ են սուրբ երջանկության։
Ի՜նչ գեղեցիկ է վերադառնալը։
Ինչքան էլ որ դու լինես չուշացած,
քո բալիկների մայրը սաստում է՝
դարձիդ բերկրանքը հոգում թաքցրած.
գնացել ես ու գալդ մոռացել։
Ի՜նչ գեղեցիկ է վերադառնալը։
Հենց երեւում են լեռներդ հեռվում,
արագանում են զարկերը սրտիդ,
եւ ձիդ, ինչքան էլ հոգնած է լինում,
վարգում է արդեն, վարգում ինքն իրեն։
Ի՜նչ գեղեցիկ է վերադառնալը։