Jump to content

Ժայռերը՝ անհանգ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ժայռերը՝ անհանգ,
Ծաղիկներն՝ անհանգ, քեզ հետ երգ են մի,
Որ ես եմ գրել
Եվ ես չեմ գրել...
Քեզ երբեք, երբեք չասած բառերս
Հուլունքներ արել կիսաբաց լանջիդ,
Ծոցիկդ ի վար,
Երջանկություն ես բերում ճամփեքին,
Որ խենթությունից
Քեզանից ահա արագ են վազում։
Քեզ հետ վազում են եւ ծաղիկները
Եվ այս ժայռերը,
Եվ դաշտերը այս...
Ապա խանդում են, որ իրենց լքում,
        մտնում ես ծովը՝
Անբոց այրումդ մեղմելու համար։
Եվ համբույր -համբույր ալիքներն ասես
Քեզանից բույր են տանում դաշտերին։
Իսկ դու արձակված ծաղկեփնջի պես
Ցրվում-ցանվում ես ջրի երեսին։
Ես տրված ծովի խենթացումներին,
Չգիտեմ՝ գնում,
Թե հենց քշվում եմ,
Եվ ծաղիկ-ծաղիկ հավաքում եմ քեզ...
Ժայռերը՝ անհանգ,
Ծաղիկներն՝ անհանգ, քեզ հետ երգ են մի,
Որ ես չեմ գրել,
Եվ ես եմ գրել...