Պատահած քար եղանակավորում է տարածությունը, որը
սկսվում-տարածվում-տարրալուծվում է
իմ տխրության մեջ։ Իսկ
հայացքս բաղկացած է
հեռացածների թիկունքից։
Կինը, որի մի աչքն աղավնի է, մյուսը՝ ագռավ,
բախտագուշակ
գնչուի շորեր հագած, շրջում է կատաղած ամբոխի ներսում,
որը մեղավորներ է փնտրում՝
իր իսկ մեղքերի համար։
Ինքնաթիռների վթարներից սեւումուր հագած լվացքաշորերի
անժամանակ ծերություն, փորձանքն
ուզում է քերել ինքն իրեն
անմաքուր պահերից.
անխնա ծերանում ենք։
Ես սխալ ցուցումներ եմ տվել, ես չգիտեմ՝
ով էր կրակողը, բայց
աղջիկը, որի ձեռքում ատրճանակ եմ դրել ու
ստիպել, որ սեղմի ձգանը՝
ուղիղ իմ դեմքին, գոյություն
չունի, իմ ձին կարող է վկայել։
Եվ համոզված եմ՝ վերադարձ չի լինում,
որովհետեւ կետը, որից
մենք հեռանում ենք, մեզ լքում է նախքան մեր շարժվելը։
Երբ փոքր էի՝ մի թռչուն միշտ
երգում էր ինձ համար։