Ինչ է, ով է/Ադամյան Հ.Ա.
Ադամյան Հովհաննես Աբգարի
1879֊1932
Դաշնակահարուհու նուրբ մատները վարժ շարժումով հպվում են ստեղներին և սենյակն աստիճանաբար լցվում է հնչյուններով։ Փոքրիկ Հովհաննեսն ուշադիր հետևում է սև ու սպիտակ ստեղներով սահող մատներին։ Երաժշտության իր ուսուցչուհու նվագը չէ միայն որ գրավել է նրան։ Նա ձգտում է նաև հասկանալ թե մատների շարժումը սև ու սպիտակ փայտիկների վրայով ինչպե՞ս է վերածվում երաժշտության։ Ինչպե՞ս է կառուցված այդ սև արկղը ստեղներին իջնող հարվածներն ինչպե՞ս են վերածվում հնչյունների։ Եվ երաժշտության դասերից հետո փոքրիկ Հովհաննեսը բացում է դաշնամուրի կափարիչը ուշադիր զննում երաժշտական գործիքի մեջ ձգված լարերը, հարվածող մուրճիկները փորձում հասկանալ դրանք շարժման մեջ դնող մեխանիզմի աշխատանքը։
Այսպես դեռ աշակերտական նստարանից Հովհաննեսի մեջ ծնունդ է առնում պրպտելու և ուսումնասիրելու ձգտումը։ Դպրոցական պարապմունքներից ու երաժշտության դասերից ազատ ժամերին նա տանը փորձեր է անում իր պատրաստած գործիքներով։
Պրպտելու և հայտնագործելու ձգտումն ավելի է ուժեղանում Մյունխենի Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում ուր Ադամյանն ուսանելու էր մեկնել իր ծննդավայր Բաքվից։ Որոշ ժամանակ լինում է նաև Փարիզում և դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում։
Ադամյանն օժտված էր արտակարգ ընդունակություններով և տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների։ Ուսումն ավարտելուց հետո նա սերտ կապեր է հաստատում եվրոպական մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և նշանավոր գիտնականների հետ։ Հայ մեծանուն վիպասան Շիրվանզադեն իր հուշերում նկարագրել է թե երիտասարդ Ադամյանի ընդունակությունների և գյուտարարական ձիրքի մասին ինչպիսի բարձր կարծիք է հայտնել ֆրանսիացի նշանավոր ֆիզիկոս և ֆիզիոլոգ դ Արսոնվալը։
1913 թ վերջերին Գերմանիայից ուր կատարել էր մի շարք գյուտեր Ադամյանը տեղափոխվում է Ռուսաստան և մշտական բնակություն հաստատում Պետերբուրգում։ Այստեղ ինչպես և Գերմանիայում, գյուտարարը սեփական միջոցներով ստեղծում է լաբորատորիա և շարունակում գիտական փորձերը։
Սակայն Ադամյանի գիտական բուռն գործունեությունն սկսվում է սովետական կարգերի հաստատումից հետո գյուտարարը հնարավորություն է ստանում ազատորեն իրագործելու իր մտահղացումները ստեղծելու և փորձարկելու նոր սարքեր։
Բազմաթիվ գյուտերի հեղինակ է հայ ինժեներ Հովհաննես Ադամյանը։ Նա եղել է գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության առաջին գյուտարարը (տեխնիկայի այս բնագավառների մասին դուք կարող եք կարդալ «Հեռուստացույց» և «Հեռագրություն» զրույցներում) Ադամյանի առաջարկած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում 1928 թ։
Տեխնիկական գիտություններին զուգընթաց Ադամյանն ուսումնասիրել է նաև գեղագիտություն ու ճարտարապետություն, սիրում էր երաժշտություն այս բնագավառի իր խոր իմացությամբ նա կարող էր բանավիճել ճանաչված երաժշտագետների հետ։ Ադամյանը կրքոտ շախմատիստ էր նրա մշտական խաղընկերներն էին Լենինգրադում հայտնի շախմատիստները, իսկ Փարիզում եղած ժամանակ հանդիպում է ունեցել հռչակավոր շախմատիստ աշխարհի չեմպիոն Խոսե Դաուլ Կապաբլանկայի հետ։
Ադամյանը նաև սրամիտ ծաղրանկարիչ էր։ Այսպիսի մի դեպք են պատմում Բեռլինում իր ընկերների՝ Ավետիք Իսահակյանի և բանասեր Գարեգին Լևոնյանի հետ մի սրճարանում նստած Ադամյանը սեղանի մարմարե տախտակին այնպիսի գեղեցիկ ու նուրբ մի պատկեր է նկարում որ հիացած սրճարանատերը այն պահպանելու համար ծածկում է ապակիով:
Ադամյանի բնավորության հատկանշական գծերից էին կարեկցանքը դեպի մարդիկ և անխախտ լավատեսությունը: Նա ուժեղ կամքի տեր մարդ էր երբեք չէր ընկճվում և դժվարություններից չէր հուսալքվում:
Ադամյանը մահացավ Լենինգրադում: Նրան թաղեցին տեղի հայկական գերեզմանատանը: 1970 թ. աճյունը փոխադրվեց Երևանի քաղաքային պանթեոն:
Հայ մեծ գյուտարար Հովհաննես Ադամյանի անունն է կրում Երևանի ռադիո էլեկտրակապի տեխնիկումը: