Ինչ է, ով է/Աթարբեկյան Գ. Ա.
Աթարբեկյան Գևորգ Ալեքսանդրի
1892-1925
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո նրա թշնամիները զգալով, որ բացահայտ ճանապարհով չեն կարող վերստին ետ վերցնել իշխանությունը, սկսեցին «գաղտնի պատերազմ» մղել նորաստեղծ սովետական պետության դեմ։ Նրանք ամենուրեք մահափորձեր էին կատարում հեղափոխության ղեկավարների դեմ, կազմակերպում խռովություններ և ապստամբություններ ոչնչացնում ու գողանում սննդի, հագուստի և վառելիքի պաշարները որպեսզի աշխատավորների շրջանում դժգոհություն առաջացնեն սովետական իշխանության հանդեպ։
Հակահեղափոխության ծավալած այդ «գաղտնի պատերազմի» դեմ պայքարելու համար ստեղծվեց համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով որի գլուխ կանգնեց Լենինի զինակից Ֆ. Է. Ձերժինսկին։ Նա իր շուրջը համախմբեց կուսակցության անձնվեր խիզախ ու ազնիվ անդամների, որոնք պատրաստ էին սեփական կյանքը վտանգելով բացահայտել ու վնասազերծել թշնամուն։ «Հեղափոխության ասպետներ» այսպես էին անվանում սովետական չեկիստներին և այդ ասպետներից էր հայ ժողովրդի զավակ Գևորգ Աթարբեկյանը։
Դեռ 16 տարեկան հասակում էր նա զինվորագրվել հեղափոխության գործին։ Ցարական կառավարությունը մի քանի անգամ ձերբակալել ու բանտ էր նետել երիտասարդ բոլշևիկին, սակայն չէր կարողացել ընկճել նրան։ 1917 թ. Փետրվարյան հեղափոխության ժամանակ Աթարբեկյանն Ալեքսանդրապոլում էր (այժմ՝ Լենինական) և տեղի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից էր։ Հետո տեղափոխվեց Աբխազիա, Սուխում, ուր այդ ժամանակ ժողովուրդը պայքարում էր սովետական իշխանություն հաստատելու համար։ Կրակոտ երիտասարդն անմիջապես ներգրավվեց այդ պայքարի մեջ և դարձավ տեղի բոլշևիկների ղեկավարներից մեկը:
Աբխազիայից Աթարբեկյանն անցավ Հյուսիսային Կովկաս, և այստեղ էլ ահա սկսվեց նրա գործունեությունն Արտակարգ հանձնաժողովի մարմիններում։ Նա նշանակվեց Աստրախանի երկրամասի Արտակարգ հանձնաժողովի նախագահ և հատկապես կարևոր դեր խաղաց նրա պաշտպանության գործում։ Գլխավորելով պայքարը քաղաքում բուն դրած լրտեսների ու դավաճանների դեմ և ցուցաբերելով մեծ խորաթափանցություն, հաստատակամություն ու անձնական խիզախություն, Աթարբեկյանը կարճ ժամանակում հայտնաբերեց և վերացրեց թշնամական ուժերը։
1921 թ․ փետրվարին, երբ կարմիր զորամասերը Հայաստանից անցան Վրաստան, որպեսզի օգնեն վրաց ժողովրդին սովետական իշխանություն հաստատելու, Հայաստանի հակահեղափոխական ուժերը խռովություն բարձրացրին և միառժամանակ գրավեցին Երևանն ու հանրապետության հարավային շրջանները։ Այդ օրերին Գ․ Աթարբեկյանը նշանակվեց Հայաստանի հյուսիսային շրջանների ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ, կազմակերպեց և գլխավորեց տեղի հակահեղափոխականների ջախջախումը։ Հետագայում հենց այդ շրջաններից էլ սկսվեց սովետական զորքերի հարձակումը և արդեն մայիսին Հայաստանը մաքրվեց խռովարարներից։
1925 թ․ մարտի 22-ին Աթարբեկյանն Ալ․ Մյասնիկյանի և պետական գործիչ Ս․ Մոգիլևսկու հետ Թիֆլիսից ինքնաթիռով պետք է թռչեր Սուխում՝ մասնակցելու Աբխազիայի սովետների համագումարին։ Ինքնաթիռն աղետի ենթարկվեց և նրանք զոհվեցին։ Սովետական մարդիկ վառ են պահում նրանց հիշատակը։
Աթարբեկյանի անունով են կոչվում բնակավայրեր փողոցներ։