Jump to content

Ինչ է, ով է/Ալավերդյան Ս. Հ.

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ալավերդյան Ս. Հ.
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Ալավերդյան Ստեփան Կարապետի

1888-1920

Օգոստոսյան գիշեր էր։ Երևանի վրա իջել էր հեղձուցիչ շոգը, իսկ բանտարկյալներով լեփ-լեցուն խցում շնչելու օդ չկար։ Միջանցքում ոտնաձայներ լսվեցին ապա ճռնչաց ժանգոտած դուռը և մթության մեջ մի խռպոտ ձայն կանչեց.

- Ալավերդյա՛ն, Մուսայելյա՛ն, Ղարիբջանյա՛ն, դու՛րս եկեք, տանում ենք հարցաքննության...

–Սուտ է, ընկերնե՛ր, ձեզ տանում են առանց դատի ու դատաստանի սպանելու, չգնաք,- այս ու այն տեղից լսվեցին բանտարկյալների ձայները։

Ալավերդյանը գիտեր, այդ ուստի կտրուկ հայտարարեց։

–Մենք մեր կամքով դուրս չենք գա։ Դուք միայն մեր դիակները կհանեք այս տեղից։

-Դե լավ, դուք դեռ կզղջաք,- սպառնալից ասաց նույն ձայնը։

Դուռը նորից ճռինչով փակվեց, ապա մարեցին հեռացող ոտնաձայները.

Եվ այսպես, ևս մեկ օրով երկարեց մեր կյանքը մտածեց Ստեփանը։ Բայց արդյո՞ք կհաջողվի ազատվել բանտից... Չէ՞ որ հաղթանակի օրը հեռու չէ, ահա ուր որ է կբացվի ազատության առավոտը։

16 տարեկան Ստեփանն արդեն կոմունիստական կուսակցության անդամ էր։ 1905 թ. առաջին ռուսական հեղափոխության ժամանակ նա ոչ միայն աշակերտական միտինգներ ու ցույցեր էր կազմակերպում իր ծննդավայրում Քութայիսում, այլև կատարում կուսակցության կարևոր հանձնարարություններ։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ալավերդյանը, որ սովորում էր Մոսկվայի առևտրի ինստիտուտում, տեղափոխվեց Հայաստան։ Նա վերականգնեց Սարիղամիշի (այժմ Թուրքիայի տարածքում) բոլշևիկյան կազմակերպությունը և հեղափոխական լայն գործունեություն ծավալեց կովկասյան բանակի զինվորների շրջանում։ 1919 թ. սեպտեմբերին, երբ ստեղծվեց Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների ղեկավար կենտրոնը՝ Արմենկոմը, Ալավերդյանը ևս ընտրվեց նրա կազմում։ Նրան հանձնարարվեց ամրապնդել Երևանի բոլշևիկյան կազմակերպությունը և ուժեղացնել հեղափոխական աշխատանքը։

Իրադարձությունները զարգանում էին անչափ արագ. 1920 թ. ապրիլի վերջին Ադրբեջանում հաստատվեց սովետական իշխանություն։ Այդ լուրը ցնծությամբ ընդունեցին Հայաստանի աշխատավորները, տեղի ունեցան միտինգներ ու ցույցեր։ Հետո այդ բուռն շարժումը վերածվեց Մայիսյան ապստամբության, որի ղեկավարներից էր Ալավերդյանը։ Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական) կարմիր դրոշ բարձրացրեց «Վարդան զորավար» զրահագնացքը։ Ապստամբեցին Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Դիլիջանում և այլ վայրերում։ Երևանում տեղի ունեցավ քաղաքական ցույց։

Այդ ելույթները չունեին միասնական ամուր ղեկավարություն։ Եվ դաշնակցականներին հաջողվեց ճնշել Մայիսյան ապստամբությունը ձերբակալել։ Նրա ղեկավարներին ու նետել բանտ...

Կատարվեց սոսկալի ոճիր։ Ալավերդյանին, Մուսայելյանին ու Ղարիբջանյանին դուրս բերեցին բանտից և ծածուկ, առանց դատելու, գնդակահարեցին Նորքի ձորում։ Դա տեղի ունեցավ 1920 թ. օգոստոսի 14-ի գիշերը։ Իսկ երեք ու կես ամիս անց՝ նոյեմբերի 29-ին, կարմիր բանակի զորամասերի օգնությամբ Հայաստանն ընդմիշտ ազատագրվեց դաշնակների ու օտարերկրյա իմպերիալիստների տիրապետությունից, երկրում հաստատվեց սովետական իշխանություն։ Ալավերդյանը և նրա ընկերները թաղված են Երևանում՝ 26 կոմիսարների զբոսայգում։ Նրա անունով են կոչվում փողոցներ Երևանում, Լենինականում, Թբիլիսիում, Քութայիսում, դպրոց Երևանում։