Ինչ է, ով է/Ալեքսանդր Մակեդոնացի
Ալեքսանդր Մակեդոնացի
Մեր թվականությունից առաջ 356-323
Նա մեծ զորավար էր ու նվաճող և հպատակեցրեց Հին Արևելքի շատ պետություններ։
Դեռ երեխա ժամանակ մի անգամ նա իր հոր Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս 2-րդի և նրա շքախմբի աչքի առջև սանձեց վայրի ձիուն։ Բոլորն ապշել էին Ալեքսանդրի ճարպկությամբ ու խիզախությամբ, իսկ Փիլիպոս թագավորը գրկեց նրան և ասաց. «Զավակս, քեզ արժանի թագավորություն գտիր, Մակեդոնիան խիստ փոքր է քեզ համար»։
Ալեքսանդրը շռայլորեն օժտված էր բնությունից խելացի էր խորաթափանց համարձակ: Նրա դայակը Լեոնիդասը թագավորի որդուն դաստիարակում էր ինչպես ռազմիկի, որ նա լինի տոկուն ուժեղ ուտելու մեջ անքմահաճ։
Ալեքսանդրը հետագայում հիշում էր, թե ինչպես էր Լեոնիդասն իրեն «նախաճաշի փոխարեն առաջարկում գիշերային արշավ, իսկ ճաշին աղքատիկ նախաճաշ»։
Եվ Ալեքսանդրը մեծացավ ուժեղ ու անվեհեր: Նա չէր հանդուրժում պարապությունը և հաճախ ասում էր «Ոչ մի բան ավելի անտանելի չէ, քան անհոգ կյանքն ու շռայլությունը և ոչ մի բան ավելի վեհ չէ, քան աշխատանքը»։
Ալեքսանդրի ուսուցիչը հին ժամանակների նշանավոր գիտնական Արիստոտելն էր: Նա թագավորի որդու հետ զրուցում էր տիեզերքի ու բնության, մարդու և պետության մասին։ Եվ պատանին ուսուցչին ասում էր, թե կցանկանար բոլորին գերազանցել ոչ այնքան ֆիզիկական ուժով, որքան գիտելիքներով: Ալեքսանդրին ռազմական արշավանքների ժամանակ գիտնականներ էին ուղեկցում: Զորավարը պահանջում էր, որ նրանք ծանոթանային օտար երկրներին դրանք նկարագրեին գրքերում գիտելիքներ տարածեին հպատակեցված ժողովուրդների մեջ։
Բայց ինչպես ամեն մի նվաճող Ալեքսանդրը նախ և առաջ ավերածություն ու մահ էր սփռում ամենուր որտեղով անցնում էր նրա հաղթական զորքը Զորավարը նվաճեց պարսիկների մեծ ու ուժեղ տերությունը, նրա կազմի մեջ մտնող բոլոր ժողովուրդներին և թագավորությունները։ Նրան հպատակվեցին Եգիպտոսը, Բաբելոնը և շատ այլ երկրներ, հին հույներին հայտնի գրեթե ողջ աշխարհը։ Նա կամենում էր հպատակեցնել նաև հարուստ խորհրդավոր Հնդկաստանը։
Ալեքսանդրը թափանցեց Ինդոսի գետահովիտը և մի շարք հաղթանակներ տարավ։ Բայց տասնամյա արշավանքից հոգնատանջ զինվորները հրաժարվեցին շարժվել ավելի առաջ դեպի Գանգեսի ափերը և Ալեքսանդրը հարկադրված դադարեցրեց արշավանքը։
Արշավանքից վերադառնալուց շատ չանցած Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ Նրա վիթխարի տերությունն արագ քայքայվեց որովհետև այն կանգուն էր միայն զորքի ուժով։ Սակայն նրա հարթած ճանապարհները չանհետացան։ Դրանցով սկսեցին անցնել առևտրական քարավանները հին Արևելքի ժողովուրդների և հույների հարուստ մշակույթները միախառնվեցին և ծնվեց նորը՝ հելլենիստական մշակույթը, ի տարբերություն զուտ հունական կամ հելլենական մշակույթի։
Ալեքսանդր Մակեդոնացին Հայաստան չարշավեց և չնվաճեց այն։ Սակայն Մենոն անունով մի զորավարի գլխավորությամբ զորամաս ուղարկեց Հայաստան Սպեր գավառի ոսկու հանքերը գրավելու նպատակով, բայց հայերը վտարեցին հունամակեդոնական զորքերը և ճակատամարտում սպանեցին Մենոնին։ Մեր թվականությունից առաջ 331 թ. տեղի ունեցած Գավգամելայի ճակատամարտից հետո պարսիկների տիրապետության տակ գտնվող այն երկրները, որոնք Ալեքսանդրը չէր գրավել, անկախացան։ Այդ երկրներից էր նաև Հայաստանը։