Ինչ է, ով է/Ալիշան Ղևոնդ
Ալիշան Ղևոնդ
1820 - 1901
Քերովբե Պետրոս-Մարգարի Ալիշանյանը 12 տարեկան էր, որ նավը Կոստանդնուպոլսից նրան տարավ Ադրիատիկ ծովի ափին գտնվող գեղատեսիլ Վենետիկ քաղաքը։ Վենետիկը կառուցված է 118 կղզիների վրա, որոնք իրար են միանում 400 կամուրջով և 150 ջրանցքով: Կղզիներից մեկը կոչվում է Սուրբ Ղազար: Այդ կղզում դեռևս 1701 թվականին հիմնադրվել էր հայագիտական խոշոր կենտրոն Մխիթարյան միաբանությունը, որի վարժարանում սովորելու էր եկել Քերովբեն:
Վարժարանում պատանին աչքի ընկավ արտակարգ աշխատասիրությամբ։ Ուսումնառության սկզբից ևեթ նա սիրեց աշխարհագրությունը, պատմությունն ու գրականությունը։ 16 տարեկան էր, որ կոչեցին Ղևոնդ Ալիշան։ 1832 թվականից մինչև իր կյանքի վերջը Ալիշանը Սուրբ Ղազար կղզուց բացակայեց միայն պաշտոնի բերումով կամ ստիպված։ Նա տիրապետում էր տասը լեզվի։ Իր խուցը միակ տեղն էր, ուր կարելի էր գտնել նրան խորասուզված բազմալեզու գրքերի ու ձեռագրերի աշխարհում: Իսկ եթե օրվա մեջ կարճ ժամանակով դադարեցնում էր աշխատանքը, ապա գնում էր հանգստանալու իր իսկ ձեռքով սարքած լճակի ափին, ձիթենիների ստվերում: Այդ լճակը շատ նման էր հայրենի Վանա լճին: Մայր Հայաստանի կարոտը Ալիշանը այստեղ էր առնում։ Ութսուն տարի ապրեց այդ գիտնական հսկան, բայց երբեք չտեսավ Հայաստան աշխարհը: Բնավ չտեսավ.. Մինչդեռ այնպես լավ գիտեր Հայաստանի պատմությունն ու աշխարհագրությունը, նրա սարերն ու ձորերը, գետերն ու լճերը, ճանապարհներն ու բերդերը, ճարտարապետական հուշարձանները: Նա ծրագրել էր առանձին հատորներ գրել Հայաստանի բոլոր նահանգների ու Կիլիկիայի մասին, բայց հասցրեց գրել միայն «Շիրակ», «Սիսվան», «Այրարատ», «Սիսական» մեծածավալ աշխատությունները։ Վենետիկում իրար ետևից լույս էին տեսնում Ալիշանի գրքերը։ Նա առաջիններից էր, որ գրեց աշխարհաբար բանաստեղծություններ «Հրազդան», «Մասիսու սարեր», «Հայոց աշխարհիկ», «Պլպուլն Ավարայրի» և այլն։ Ալիշանը հավաքեց և տպագրեց հայկական ժողովրդական բանահյուսությունից «Հայոց երգք ռամկականք» ժողովածուն, իսկ «Հայբուսակ կամ հայկական բուսաբառություն» գրքում նկարագրեց Հայաստանում աճող շուրջ 3400 բույս ու ծաղկատեսակ։
Ալիշանի խուցը դարձել էր յուրօրինակ ուխտատեղի այն հայերի համար, որոնց հուզում էին հայոց պատմությունն ու ճակատագիրը: Աշխարհի տարբեր ծայրերից այստեղ էին գալիս հանրաճանաչ գիտնականներ, որպեսզի խորհուրդ հարցնեին պատմաբան ու աշխարհագրագետ բանասեր բանաստեղծ ու թարգմանիչ Ղևոնդ Ալիշանից: