Jump to content

Ինչ է, ով է/Ալիխանյաններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ալիխանյաններ
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Ալիխանյաններ

Աբրահամ Իսահակի 1904 - 1970

Արտեմ Իսահակի 1908 - 1978

Մեծ հայրենականի ահեղ տարիներն էին։ Խավար գիշերներին ռումբերի պայթյունների տակ, հրի ու ծխի մեջ սովետական ռազմանավերն ապամագնիսացնելու միջոցով երկու եղբայրներ վնասազերծում էին ֆաշիստական ականները։ Եղբայրներից մեկը կռվում էր Սև ծովի ափերին, մյուսը` Լենինգրադի դարպաս Կրոնշտադտում։ Սակայն պատերազմի տարիներին անգամ նրանք զբաղվում էին գիտական աշխատանքով։ 1942 թ ամռանը եղբայրները Հայաստան տեղափոխեցին ու Արագած լեռը բարձրացրին մի շարք բարդ սարքեր: Վրաններ խփելով բաց երկնքի տակ՝ նրանք շարունակեցին իրենց ուսումնասիրությունները դժվարին պայմաններում:

Ովքե՞ր էին հայրենիքի այդ անվեհեր պաշտպաններն ու տաղանդավոր գիտնականները. նրանք ականավոր փորձարար-ֆիզիկոսներ Աբրահամ Ալիխանով և Արտեմ Ալիխանյան եղբայրներն էին:

Փոքր հասակից նրանք սիրեցին մաթեմատիկական առարկաները, սակայն հայրը երեխաներին տվեց Թիֆլիսի առևտրի դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո նրանք մեկնեցին Լենինգրադ: Ավագ եղբայրը` Աբրահամը, ընդունվեց պոլիտեխնիկական ինստիտուտ, իսկ Արտեմը` համալսարան։ Այն ժամանակ սովորելը հեշտ չէր։ Եղբայրները հարկադրված էին և՛ սովորել, և՛ աշխատել. ավագ եղբայրը ռենտգենատեխնիկ էր հիվանդանոցում, կրտսերը` բեռնակիր նավահանգստում:

Բուհն ավարտելուց հետո եղբայրներն սկսեցին ուսումնասիրել ռենտգենյան ճառագայթների բյուրեղների ֆիզիկան, հետազոտել ատոմի միջուկն ու ռադիոակտիվությունը (ռադիոակտիվության մասին դուք կարող եք կարդալ «Կյուրիներ» զրույցում):

Աշխարհի մի շարք մեծ ֆիզիկոսներ պնդում էին, թե ատոմը կազմող որոշ տարրական մասնիկներ չեն ենթարկվում ֆիզիկայի օրենքներին։ Եղբայրները փորձով ապացուցեցին, որ երբ այդ մասնիկները փոխազդեցության մեջ են մտնում, ֆիզիկայի օրենքները չեն խախտվում:

Ինչպես դուք գիտեք, Արեգակը, բացի լուսային ճառագայթներից, արձակում է նաև տարրական մասնիկներից կազմված անտեսանելի ճառագայթներ։ Մեզ նման ճառագայթներ են հասնում նաև այլ աստղերից, ամբողջ Տիեզերքից: Այդ ճառագայթներն ուսումնասիրելու նպատակով Ալիխանյան եղբայրները սովետական կառավարության որոշմամբ Արագած լեռան վրա հիմնադրեցին տիեզերական ճառագայթների՝ Սովետական Միությունում առաջին բարձր լեռնային կայանը։ Նրանք աշխարհում առաջինը նկատեցին, որ այդ ճառագայթների մեջ կան նոր, անհայտ տարրական մասնիկներ. Ալիխանյան եղբայրները տիեզերական ճառագայթների մեջ հայտնաբերեցին նաև մեծ էներգիա պարունակող պրոտոններ: Այս հայտնագործությունը շատ կարևոր նշանակություն ունեցավ տիեզերական ճառագայթների գաղտնիքները բացահայտելու համար: Աշխատանքը շարունակվեցին Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, որը 1943 թ․ հիմնադրել էր Արտեմ Ալիխանյանը։ Նա 30 տարի անընդմեջ եղել է այդ ինստիտուտի ղեկավարը:

Մեր դարի 30-ական թվականներին ֆիզիկոսներն արդեն բացահայտել էին, որ ատոմի միջուկում թաքնված են էներգիայի վիթխարի պաշարներ։ Անհրաժեշտ էր այնպես անել, որ այդ էներգիան ծառայեր մարդկանց։ Հարկավոր էր նաև խանգարել ֆաշիստական Գերմանիային, որը ցանկանում էր այդ էներգիան օգտագործել սարսափելի կործանարար զենք պատրաստելու համար։ 1942 թ․ վերջին Աբրահամ Ալիխանովը մեկնեց Մոսկվա, որտեղ Ի․ Վ․ Կուրչատովի ու սովետական այլ խոշոր գիտնականների հետ մասնակցեց շատ կարևոր հարցերի լուծմանը, որոնք կապված էին սովետական պետության ռազմական հզորության մեծացման և նրա պաշտպանունակության ամրապնդման հետ։ Այդ աշխատանքները հաջողությամբ պսակվեցին։

1945 թ. Աբրահամ Ալիխանովը Մոսկվայում հիմնադրեց և երկար տարիներ ղեկավարում էր տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը, որը դարձավ գիտության համաշխարհային կենտրոններից մեկը. նրա անմիջական ղեկավարությամբ այստեղ նախագծվեց ու կառուցվեց ՍՍՀՄ-ում իր տեսակի մեջ առաջին միջուկային ռեակտորը (դա բարդ «հնոց» է, որի մեջ որպես վառելիք օգտագործվում են ուրանի ատոմները):

Ատոմի միջուկի գաղտնիքները բացահայտելու համար ֆիզիկոսներն այն ռմբակոծում են տարրական մասնիկներով և դիտում, թե ինչ է տեղի ունենում։ Առաջին հետազոտությունների համար այդ նպատակով օգտագործվում էին ռադիոակտիվ նյութերի քայքայումից առաջացող մասնիկները։ Բայց շուտով պարզվեց, որ այդ մասնիկների էներգիան բավարար չէ միջուկի «խորքերը» ուսումնասիրելու համար։ Ֆիզիկոսներն սկսեցին ուղիներ փնտրել մեծ էներգիա ունեցող մասնիկներ ստանալու համար։ Այդ նպատակով ստեղծվեցին արագացուցիչներ, որտեղ տարրական մասնիկների շարժումն արագանում է, և նրանք ձեռք են բերում մեծ էներգիա։ ՍՍՀՄ-ում պրոտոնային առաջին արագացուցիչն ստեղծվեց Աբրահամ Ալիխանովի, իսկ ժամանակի ամենահզոր էլեկտրոնային արագացուցիչը Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ Երևանում։ Մեծ էներգիայով տարրական մասնիկներն ուսումնասիրելու համար Արտեմ Ալիխանյանն ստեղծեց նաև բազմաթիվ յուրատեսակ սարքեր։

Աբրահամ Ալիխանովը 3 անգամ արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի, պարգևատրվել շքանշաններով ու մեդալներով։ Նա ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր, սոցիալիստական աշխատանքի հերոս: Նա չափազանց աշխատասեր մարդ էր չէր խուսափում նույնիսկ «ամենասև» աշխատանքից։ Սիրում էր սպորտը, երաժշտությունը։ Տաղանդավոր կազմակերպիչ-փորձարարի ընկերներն էին ոչ միայն ականավոր ֆիզիկոսներ, այլև արվեստի և գրականության շատ գործիչներ։

Արտեմ Ալիխանյանը լենինյան մրցանակի դափնեկիր է, երկու անգամ արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակի, պարգևատրվել շքանշաններով ու մեդալներով։ Նա ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ էր։ Արտեմ Ալիխանյանը լավ շախմատ էր խաղում, սիրում էր գեղանկարչությունը, ուներ նկարների արժեքավոր հավաքածու, որի մեջ կային հայ մեծանուն նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Հարություն Կալենցի և ուրիշների ընծայած կտավները։ Նրա մոտիկ բարեկամներն էին կոմպոզիտորներ Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը։ Նա սիրում էր սպորտը, հրաշալի թենիս էր խաղում, աջակցում Հայաստանում այդ խաղի տարածմանը։ Մեր հանրապետության թենիսիստներն ամեն տարի Երևանում անց են կացնում Արտեմ Ալիխանյանի հիշատակին նվիրված թենիսի հուշամրցումներ։ Ականավոր ֆիզիկոսներ Ալիխանյան եղբայրները ՀՍՍՀ ԳԱ հիմնադիր անդամներ են։ Նրանց անունով է կոչվում Երևան քաղաքի փողոցներից մեկը, իսկ Երևանի պետական համալսարանում սահմանված է Ալիխանյան եղբայրների անվան ուսանողական կրթաթոշակ: