Jump to content

Ինչ է, ով է/Աղվես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Աղվես

Հեքիաթներում աղվեսը միշտ խելացի է, խորամանկ, ճարպկորեն խաբում է մարդկանց ու գազաններին։ Բայց այդպե՞ս է արդյոք իրականում։ Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ իհարկե գերազանցում է շատ կենդանիների, բայց այնուամենայնիվ նա ամենախորամանկ և նույնիսկ ամենազգույշ գազանը չէ:

Աղվեսը շատ հետաքրքրասերն է, նրան ամեն ինչ հետաքրքրում է: Երբեմն հետաքրքրասիրությունից դրդված, նույնիսկ արհամարհում է զգուշությունը: Եվ եթե չլինեին նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունն ու հոտառությունը, վատ կլիներ շեկլիկի բանը: Փորձանքից նրան հեռու է պահում հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում ժամանակին փախչել կամ թաքնվել: Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելու: Ձմռանն աղվեսն զբաղվում է մկներ որսալով, քայլում է ետևի թաթերին հենված, ցատկոտում, պտույտներ գործում: Նայողին թվում է, թե աղվեսը պարում է: Իրականում նա ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին: Ամենաթույլ ծվծվոցից էլ աղվեսը գտնում է մկանը:

Աղվեսը դժվարությամբ է հետապնդում ու հասնում նապաստակին և այն կարծիքը, թե իբր աղվեսը շատ նապաստակներ է ոչնչացնում, ճիշտ չէ: Թերևս միայն հանկարծակի դեմառդեմ դուրս գա շլդիկի հետ, կամ պատահաբար գտնի նրա թաքստոցը, կամ էլ անսպասելի հանդիպի փոքրիկ նապաստակի։ Աղվեսն ուտում է թե գորտեր ու մողեսներ, թե խոշոր միջատներ, կարող է ավերել գետնին ապրող թռչնի բույնը: Սակայն նրա հիմնական կերը դաշտամկներն ու մկներն են։ Տարվա ընթացքում աղվեսը ոչնչացնում է մի քանի հազար մուկ, իսկ իր ձագուկների հետ՝ երկու-երեք անգամ ավելի: Դրանով նա մեծ օգուտ է բերում, որովհետև այդ կրծողները մեծապես վնասում են գյուղատնտեսությանը։

Ամռանն աղվեսը սնվում է նաև բույսերով:

Աղվեսի ձագուկները, որ լինում են 3-ից մինչև 10 հատ և ավելի, ծնվում են գարնանը կամ ամռան սկզբին: Նման ընտանիքը կերակրելը հեշտ չէ, և երկու ծնողներն էլ անդադրում «աշխատում են»։ Չորս ամսականում արդեն աղվեսի ձագուկները դառնում են ինքնուրույն և հեռանում ծնողներից: Այդ պահից թե ջահել և թե ծեր աղվեսներն սկսում են ապրել միայնակ, թափառական կյանքով, մինչև հաջորդ գարուն, եթե իհարկե ձմռանը չեն ընկնում որսորդի ձեռքը. չէ որ աղվեսը գեղեցիկ ու թանկարժեք մորթի ունի:

Գազանաբուծական սովետական տնտեսություններում բուծում են արհեստական ճանապարհով ստացված սև արծաթափայլ աղվեսներ։ Նման տնտեսություն կա նաև Հայաստանում (Գուգարքի շրջանում):