Ինչ է, ով է/Աճառյան Լ. Լ.
Աճառյան Հրաչյա Հակոբի
1876-1953
1885 թ․ իննամյա մի տղա պայուսակը ձեռքին հոր ուղեկցությամբ ոտք դրեց Կոստանդնուպոլսի Սամաթիայի թաղային վարժարանի շեմին։ Կոստանդնուպոլիսն այն ժամանակ Թուրքիայի մայրաքաղաքն էր, ուր վաղուց ի վեր ապրում էին շատ հայեր և ուր գործում էին բազմաթիվ հայ գրողներ, արվեստագետներ, գիտնականներ։ Պատանու հայացքն ընկավ դիմացի պատին գրված նախադասությանը «Ծանիր զքեզ» («Ճանաչիր քեզ»):
Եվ նա ճանաչեց իրեն՝ իր կոչումը գտնելով գիտության մեջ։ Հենց աշակերտական նստարանից ի հայտ եկան նրա փայլուն ընդունակությունները։ Դպրոցում ավանդվող առարկաներից ամենից շատ սիրում էր հայոց պատմությունը և արտակարգ հետաքրքրություն ցուցաբերում լեզուների նկատմամբ: Դեռ վաղ պատանության տարիներից նա սկսեց լեզուներ սովորել։
Հունարեն ու եբրայերենը սովորում է մանրավաճառներից։ «Մեր փողոցի ծայրին մի հույն նպարավաճառ կար,- տարիներ հետո հիշում է ինքը,- խնդրեցի նրանից, որ տա ինձ հունարեն այբուբենը, սովորեցի բոլոր տառերը և այդ փոքր հասակիս ազատ կարդում էի հունարենը: Մի քանի փողոց այն կողմ մի հրեա փերեզակ կար, որից երբեմն գնումներ էինք անում: Փերեզակը սպիտակ մորուքով պատկառելի և բարի ծերունի էր։ Ակնոցը աչքերին, գլուխը կախած գրքերի վրա, և ըստ իրենց սովորության միշտ օրորվելով, կարդում էր։ Նրանից էլ խնդրեցի, որ տա ինձ եբրայական այբուբենը իրենց անուններով և արժեքով: 22 տառերը գրեց մի թերթի վրա և ես արագությամբ սովորելով, եբրայերենն էլ էի կարդում»։ Այնուհետև մի ծերունի լազից (լազերը վրացիներին ցեղակից ժողովուրդ են) սովորում է լազերենը, գրում նրա քերականությունը, որը 1897 թ ներկայացնում է Փարիզի լեզվաբանական ընկերությանը և արդեն 21 տարեկան հասակում ընտրվում այդ ընկերության անդամ:
Այդ պատանին Հրաչյա Աճառյանն էր, որը հետագայում դարձավ աշխարհահռչակ գիտնական, հայ ամենախոշոր լեզվաբանը։
Դեռ 15 տարին չբոլորած Հրաչյան մեկնում է Փարիզ և ընդունվում Սորբոնի համալսարանը, ուր աշակերտում է ֆրանսիացի նշանավոր հայագետ Անտուան Մեյեին։ Այնուհետև գերմանացի հայագետ Հայնրիխ Հյուբշմանի հրավերով գնում է Գերմանիա՝ լսելու նրա դասախոսությունները։
Ծանր է եղել ապագա գիտնականի կյանքը: Ուսումնառության տարիներին նա շատ զրկանքներ է կրել: Ամբողջ օրը համալսարանում դասախոսություններ լսելուց հետո նա հարկադրված էր երեկոները լրագրեր վաճառել մի քանի ֆրանկ վաստակելու և իր գոյությունը պահպանելու համար։ Ինչպես Եվրոպայում սովորելու տարիներին, այնպես էլ աշխատանքային գործունեության ընթացքում Աճառյանը անդադրում հետևողականությամբ սովորում էր նորանոր լեզուներ, խորանում լեզուների ուսումնասիրության մեջ։ Նա գիտեր ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, պարսկերեն, ինչպես նաև բազմաթիվ չօգտագործվող լեզուներ (լատիներեն, սանսկրիտ, և այլն), որ գիտության մեջ կոչվում են մեռած լեզուներ։
Քաջատեղյակ լինելով աշխարհի շատ լեզուների՝ Աճառյանը գրել է «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» բազմահատոր աշխատությունը, որը եզակի երևույթ է համաշխարհային լեզվաբանական գրականության մեջ։ Նա է կատարել հայ բարբառների առաջին գիտական դասակարգումը: Մնայուն ու եզակի ուսումնասիրություն է նրա «Հայերեն արմատական բառարանը» (7 հատորով), որի մասին Ա. Մեյեն ասել է. «Ոչ մի լեզվի համար չկա այսքան ճոխ, այսքան կատարյալ ստուգաբանական բառարան»:
Հայագիտության համար անչափ կարևոր և արժեքավոր է Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանը» (5 հատորով), որտեղ հավաքված և ուսումնասիրված են 5-13-րդ դարերում հայ մատենագրության մեջ հիշատակված բոլոր անձնանունները։
Եթե քո անունը Վարսենիկ է, Տիգրան կամ Վարոս, ապա այդ բառարանից դու կարող ես իմանալ, որ Վարսենիկ անունը հայերեն վարս բառից է ծագել, Տիգրանն իրանական ծագում ունի, իսկ Վարոսը լատինական, և հետո, թե ինչ են նշանակում այդ անունները և պատմական նշանավոր անձնավորություններից ովքեր են կրել դրանք։
Մեծ են Աճառյանի՝ գիտությանը մատուցած ծառայությունները։ Նրա գիտական ուսումնասիրությունները մի յուրատեսակ համալսարան են հայագիտությամբ զբաղվողների համար։
Աճառյանը 1923 թվականից մինչև իր կյանքի վերջը դասախոսել է Երևանի համալսարանում։ Նա Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամներից էր: Նրա անվամբ է կոչվում ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտը և Երևանի դպրոցներից մեկը, փողոց Երևանում: