Ինչ է, ով է/Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ)
Ամերիկայի Միացյալ Նահանգները Արևմտյան կիսագնդի խոշոր երկրներից է: Նրա գրեթե ողջ տարածքը գտնվում է hյուսիսային Ամերիկայում։ ԱՄՆ֊ի արևելյան ափերը ողողում են Ատլանտյան, իսկ արևմտյանը` Խաղաղ օվկիանոսի ջրերը։
ԱՄՆ-ի կլիման հիմնականում բարեխառն է ու մերձարևադարձային։ Կան նաև արևադարձային կլիմայով վայրեր` Հավայան կղզիները (ԱՄՆ-ի նահանգներից) Խաղաղ օվկիանոսում։ Իսկ Ալյասկա հյուսիսային նահանգում ձմռանը լինում է արկտիկական սառնամանիք:
Երկրի կենտրոնական մասի հարթավայրերն արևմուտքում փոխվում են վեհասքանչ, ձյունապատ լեռնագագաթներով ժայռոտ լեռների, իսկ արևելքում ոչ շատ բարձր լեռների՝ Ապալաչների։
Լեռների, հատկապես Ապալաչների ընդերքը հարուստ է քարածխով, նավթով, բնական գազով, երկաթի, գունավոր մետաղների հանքաքարով և այլ օգտակար հանածոներով: Ամենախոշոր գետերն են Միսսիսիպին և նրա վտակ Միսսուրին:
Եվրոպացիներն սկսել են Հյուսիսային Ամերիկա գաղթել դեռևս 16-րդ դարում: Այն բանից հետո, երբ Կոլումբոսը հայտնագործեց Ամերիկան, նրանք անողոքաբար բնաջնջում էին հնդկացիներին՝ ամերիկյան մայրցամաքի բնիկներին: Ողջ մնացած հնդկացիները վտարվեցին դեպի անբերրի, ամայի տարածություններ, արգելաբնակավայրեր: ԱՄՆ-ում ապրում են նաև նեգրեր, որոնք բռնությամբ Աֆրիկայից Ամերիկա բերված նախկին ստրուկների սերունդներն են։ ԱՄՆ-ում վաղուց արդեն ստրկություն չկա, բայց նեգրերն այժմ էլ ամերիկյան ամենաճնշված ու իրավազուրկ քաղաքացիներն են: Նեգր գործազուրկներ ավելի շատ կան, քան սպիտակամորթ։ Սովորաբար նեգրերն ապրում են ամերիկյան քաղաքների ամենաանբարեկարգ, առանձնացված թաղամասերում` գետտոներում։ Հաճախ նեգր երեխաներին չի թույլատրվում սովորելու այն դպրոցներում, ուր սովորում են սպիտակամորթ երեխաները։
17-րդ դարում վերաբնակիչները (հիմնականում, անգլիացի) Ատլանտյան օվկիանոսի ափին հիմնադրեցին իրենց բնակավայրերը` գաղութները։ 18-րդ դարի վերջին 13 գաղութ ազատագրվեց անգլիացիների տիրապետությունից և ստեղծվեց անկախ պետություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրապետությունը։ Դրա համար էլ ԱՄՆ–ի պետական դրոշի վրա կան սպիտակ ու կարմիր 13 զոլեր: Դրոշի վերին ձախ անկյունում գտնվող կապույտ ուղղանկյան մեջ նկարված 50 սպիտակ աստղիկները համապատասխանում են ԱՄՆ-ի Նահանգների ներկա թվին:
ԱՄՆ-ը արդյունաբերության արտադրանքի թողարկմամբ գրավում է առաջին տեղը կապիտալիստական աշխարհում: Երկրում զարգացած են ժամանակակից արդյունաբերության բոլոր ճյուղերը, հատկապես` ավտոմոբիլային, նավթավերամշակման, քիմիական և ատոմային արդյունաբերությունը: Շատ զարգացած է նաև գյուղատնտեսությունը, որի բոլոր ճյուղերում լայն կիրառում ունի տեխնիկան։ Գլխավոր հացահատիկային բույսը եգիպտացորենն է։ Աշխարհում մշակվող եգիպտացորենի գրեթե կեսը հավաքվում է ԱՄՆ-ում:
ԱՄՆ-ը շատ հարուստ երկիր է, բայց այդ հարստությունը պատկանում է մի բուռ մարդկանց, որոնք ապրում են պերճանքի մեջ, իսկ միլիոնավոր աշխատավոր ամերիկացիներ հաճախ կիսաքաղց կյանք են վարում։
ԱՄՆ-ի տնտեսական և քաղաքական կյանքում վճռական դեր ունեն ֆինանսաարդյունաբերական խոշոր խմբերը` մոնոպոլիաները, որոնցից շատերը սերտորեն կապված են ռազմական արտադրության հետ։ Նրանք պաշտպանում են հետադիմական քաղաքականությունը երկրի ներսում և ագրեսիվ քաղաքականությունը միջազգային ասպարեզում:
Չնայած բարձր զարգացած արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը, ԱՄՆ-ում տարեցտարի աճում է գործազրկությունը։ Մշտապես բարձրանում են մթերքների ու արդյունաբերական ապրանքների գները: Բնակարանային բուժման վարձն այնքան բարձր է, որ հաճախ մատչելի չէ գործազուրկներին և չքավոր ամերիկացիներին, հատկապես նեգրերին: Ամերիկյան բանվոր դասակարգը պայքարում է կապիտալիստների դեմ իր աշխատանքային և կենսական պայմանները բարելավելու, նոր պատերազմի վտանգը կանխելու համար: Եվ այդ պայքարի առաջին շարքերում է ԱՄՆ-ի կոմունիստական կուսակցությունը
ԱՄՆ-ի բնակչությունը ապրում է հիմնականում քաղաքներում: Նյու Յորքը ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքն է, որը արդյունաբերական խոշոր կենտրոն է և նավահանգիստ Ատլանտյան օվկիանոսի ափին: Նյու Յորքի գլխավոր առանձնահատկությունը 60-80 հարկանի երկնաքեր շենքերն են, որոնք քաղաքի շատ թաղամասեր վերածել են քարե կիրճերի, ուր չի թափանցում արևի լույսը և օդը թունավորված է ավտոմեքենաների արտանետած գազերով: Նյու Յորքի կենտրոնում՝ Մանհաթըն կղզում, տեղավորված են ամերիկյան խոշորագույն ձեռնարկությունների վարչությունները, պետական և քաղաքային հիմնարկները, բանկերը:
Պոտոմակ գետի ափին է տեղավորված ԱՄՆ-ի մայրաքաղաքը՝ Վաշինգտոնը, որն իր անունն ստացել է ի պատիվ երկրի առաջին պրեզիդենտ Ջորջ Վաշինգտոնի։ Նյու Յորքից մինչև մայրաքաղաք երկաթուղով հինգ ժամվա ճանապարհ է:
Ամերիկյան Մեծ լճերից մեկի՝ Միչիգանի, ափին է գտնվում արդյունաբերական խոշոր քաղաք Չիկագոն: Նրանից ոչ հեռու Դետրոյտ քաղաքն է, ամերիկյան ավտոմոբիլաշինության կենտրոններից մեկը։ Խաղաղ օվկիանոսի ափին ընկած ամենախոշոր քաղաքներն են Լոս Անջելեսը և Սան Ֆրանցիսկոն: Լոս Անջելեսի շրջաններից մեկում՝ Հոլիվուդում, թողարկվում են ամերիկյան համարյա բոլոր կինոնկարները: Սան Ֆրանցիսկոն, որը գտնվում է Կալիֆոռնիայի ծաղկուն հովտում, ԱՄՆ-ի արևմտյան մասի ամենախոշոր նավահանգիստն ու արդյունաբերական կենտրոնն է:
ԱՄՆ-ը նշանավոր շատ մարդկանց հայրենիքն է: Ականավոր քաղաքական գործիչներ Բենջամին Ֆրանկլինը և Աբրահամ Լինկոլնը, գյուտարարներ Ռոբերտ Ֆուլտոնը և Թոմաս Էդիսոնը, գրողներ Մարկ Տվենը, Ջեկ Լոնդոնը և շատ ուրիշներ հայտնի են ամբողջ աշխարհին:
ԱՄՆ-ը հայկական մեծ գաղթավայրերից է: Հայերը Հյուսիսային Ամերիկայում հաստատվել են 17-րդ դարի առաջին տասնամյակներից: ԱՄՆ-ում հայ առաջին համայնքը հիմնվել է 1881 թ Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ ԱՄՆ գաղթած հայերի թիվն ստվարացավ 1894-1896 թվականներին Թուրքիայում կազմակերպված հայկական կոտորածներից և հատկապես 1915 թ Մեծ եղեռնից հետո։ 1920 թ հայերի թիվն ԱՄՆ-ում 100 հզ էր, 1983 թ.՝ 650 հզ.. Ամերիկահայերը բնակվում են հիմնականում Նյու Յորք, Լոս Անջելես, Դետրոյտ, Բոստոն, Չիկագո, Ֆիլադելֆիա, Ֆրեզնո և Սան Ֆրանցիսկո քաղաքներում:
Ամերիկահայ գաղութում գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, մշակութային միություններ և ընկերություններ։ ԱՄՆ-ում է գտնվում Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչությունը: Մշակութային ամենահայտնի կազմակերպություններից են Ամերիկահայ առաջադիմական միությունը, Թեքեյան մշակութային միությունը:
Ամերիկահայ գաղութում ստեղծագործել և ստեղծագործում են հայ անվանի գրողներ։ ԱՄՆ-ի գրական շրջանակներում հանրաճանաչ են անգլիագիր հայ գրողներ Վ. Սարոյանը, Լևոն Զ. Սյուրմելյանը, Մայքլ Առլեն կրտսերը:
Հանրածանոթ են հայ և օտար շրջանակներին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի մեներգչուհիներ Լիլի Չուգասզյանը, Լուսին Ամարան (Արմադանյան) և շատ ուրիշներ։
Համաշխարհային հռչակի է արժանացել ԱՄՆ-ի կինոարվեստի հայ գործիչ Ռուբեն Մամուլյանը: Գեղանկարչության ասպարեզում ճանաչված են Հովսեփ Փուշմանյանը, Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան):
ԱՄՆ-ի գիտության և տեխնիկայի զարգացման մեջ իրենց խոշոր ավանդն ունեն ամերիկահայ գիտնականներ Վ. Գազանճյանը, Ա. Գանտոնյանը։ Հայաստանի գիտական հաստատությունների հետ սերտ հարաբերություններ են հաստատել ամերիկահայ գիտնականներ, Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ Մանասե Սևակը, Չարլզ Հրաչ Փափազը, Սիրարփի Տեր Ներսեսյանը:
1960-ական թվականների կեսերից շատ ամերիկահայ ուսանողներ սովորում են Երևանի բուհերում, ուսումնասիրում հայոց լեզու, պատմություն, հայ գրականություն։ Ամերիկահայությունը օտարացումից փրկելու երաշխիքը Սովետական Հայաստանի գոյությունն է, նրա տնտեսական ու մշակութային հարաճուն վերելքը սովետական ժողովուրդների եղբայրական ընտանիքում։