Jump to content

Ինչ է, ով է/Անի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Անի

Պատմիչներն Անին անվանել են «մեծ» «տիեզերական»։ Այդ անուններին Անին արժանացել է իր հոյակերտ կառույցներով, պալատներով, տաճարներով կամուրջներով... Թեև ավերակ, բայց այսօր էլ Անին հիասքանչ է։ Քաղաքը փռված է Ախուրյան գետի աջ ափին, բարձր սարահարթի վրա Անիի վրա։ Լենինականից 30 կմ հարավ-արևմուտք սովետա-թուրքական սահմանի մոտ, առջևում Թուրքիայի տարածքում Ախուրյանի ձախ ափից պարզ երևում են կիսաքանդ շինություններ տաճարներ, եկեղեցիներ աշտարակներ պարիսպների ու բերդերի մնացորդներ, որոնք հայ միջնադարյան ճարտարապետության հոյակապ նմուշներ են։

Անին Հայաստանի մայրաքաղաքն է եղել 10-11-րդ դարերում։

Թշնամիների հարձակումից և թափառական ցեղերի արշավանքներից քաղաքը պաշտպանված է եղել երկու ամրակուռ պարիսպներով, որոնք կառուցող արքաների անուններով կոչվել են Աշոտաշեն և Սմբատաշեն։ Այժմ պարիսպները մեծ մասամբ քանդված են այնուամենայնիվ եղածն էլ բավական է պատկերացնելու, թե ինչ հզոր ու անառիկ էին դրանք կանգուն ժամանակ։ Պարիսպները երկու երեսից շարված են սրբատաշ քարով, ունեն քանդակներ արձանագրություններ։ Ավագ դռան վերևում վազող հովազի քանդակն է՝ Անի քաղաքի զինանշանը։

Անի քաղաքը 40 դուռ է ունեցել, յուրաքանչյուրը իր անունը. Կարսի դուռ Դվնո կամ Երևանի դուռ, Ավագ դուռ, Իգաձորի դուռ, Շախմատսշար դարպաս Գայլաձորի դարպաս։

Անին ապրել է վերելքներ և վայրէջք ներ։ Ծաղկուն շրջանում 100 000 բնակիչ է ունեցել։ 989 թվականից մինչև 1020 թվականը հայոց թագավորը Գագիկ Առաջինն էր։ Երեսունմեկ տարվա այդ խաղաղ ժամանակահատվածում Անին ավելի շենացավ ու ճոխացավ։ Կառուցվեցին հոյակերտ Մայր տաճարը Գագկաշեն Աբուղամրենց եկեղեցիները, պալատներ, հյուրատներ ու իջևանատներ։ Հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին Անին անվանել է «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»։ Եկեղեցիների ու տաճարների պսակը Մայր տաճարն է։ Նրա հեղինակը մեծատաղանդ Տրդատ ճարտարապետն է, որի հռչակը ժամանակին դուրս էր եկել Հայաստանի սահմաններից։ Ախուրյանի ձախ ափից պարզ երևում է կիսավեր տաճարի սյունազարդ և կամարազարդ ճակատը։ Տաճարի դիրքը հանդիսավոր է վեհ։ Նրանից դեպի ձախ բլրի վրա, միջնաբերդն է։ Շատ քիչ բան է մնացել․ պարզ գծագրվում է միայն երեք կամար։

Անիի տաճարներն ու պալատներն ունեցել են շքեղ մուտքեր ներսից զարդարված գունագեղ որմնանկարներով։ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կիսաքանդ պատերին մինչև այսօր էլ պահպանվել են որմնանկարները։ Ճոխ քանդակներով ու նկարներով այդ եկեղեցին ստացել է Նախշազարդ անունը։

Անիում զարգացած են եղել մոտ չորս տասնյակ արհեստներ՝ շինարարական մետաղագործություն, գորգագործություն, դիպակագործություն, ջուլհակություն, բրուտագործություն, ոսկերչություն և այլն։

Անին միջազգային խոշոր առևտրական ճանապարհների հանգուցակետ էր։ Անեցի վաճառականները առևտուր էին անում Բյուզանդիայի, Պարսկաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի և Միջին Ասիայի, Չինաստանի, Հնդկաստանի հետ։ Աշխարհով մեկ տարածված էր անեցի արհեստագործ վարպետների հռչակը, որոնց արտադրանքը զանազանվում էր ճաշակով, գեղեցկությամբ և որակով։

Բացի սովորական դպրոցներից, Անին ունեցել է նաև բարձր տիպի դպրոց, որտեղ դասավանդվել են բժշկագիտություն, բնագիտություն, մաթեմատիկա, փիլիսոփայություն և այլ առարկաներ։ Անին եղել է հայ գրչության կենտրոն։ Երևանի Մատենադարանում պահվում են Անիում գրված ձեռագիր գրքեր, որոնք աչքի են ընկնում գունագեղ մանրանկարներով և փղոսկրե ու արծաթե զարդաքանդակ կազմերով։ 10—11-րդ դարերում Անիում գործել է արքայական գրադարան։ Անին ունեցել է քարանձավային թաղեր: Քարանձավներն օգտագործել են նաև եկեղեցին որպես զորանոցներ ու զինանոցներ։ Անիի քարանձավային բնակարանները թաքստոց են ծառայել թշնամիների հարձակումների ժամանակ։ Քարանձավների մեծ մասն այժմ փլված է։

Անեցիները շատ էին սիրում իրենց քաղաքը և հերոսաբար մարտնչում էին նրա անկախության և ազատության համար։ Տարբեր դարերում Անիի վրա են հարձակվել բյուզանդացիները, սելջուկյան թուրքերը, մոնղոլ–թաթարները։

1042 թ. հայոց բանակը սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ պարտության է մատնել Անին նվաճել փորձող բյուզանդացիներին և Անիում թագավոր օծել տասնութամյա Գագիկին։ Թագադրումից երկու տարի անց Գագիկ Երկրորդը ճակատամարտ է մղել բյուզանդական զորքերի դեմ և նրանց ջախջախել Անիի պարիսպների տակ։ Հայ պատմիչ Արիստակես Լաստիվերցին գրում է, որ հայոց բանակը 1042—1045 թվականներին ևս երեք անգամ ջախջախել է Անին նվաճելու եկած բյուզանդական մեծաքանակ բանակները։ Իր գոյության ընթացքում Անին շատ հաղթանակներ ու պարտություններ է տեսել։ 12-րդ դարում քաղաքը մի քանի անգամ ձեռքից-ձեռք է անցել։ Քայքայվել ու ավերվել է Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ (14-րդ դար)։ Նվաճողներից մեկը՝ Չարմաղան զորավարը, ապշել է քաղաքի վայելչագեղությունից։ «Սպանեցեք բոլորին,– հրամայել է նա,– բացի արհեստավորներից»։ Եվ նա գերեվարել է հազարավոր արհեստավորների՝ մոնղոլական տիրույթների խորքերում նրանց ձիրքերն օգտագործելու համար։

14-րդ դարում մոնղոլական և թուրքական ցեղերի պարբերական արշավանքներն այն աստիճան հյուծեցին քաղաքը, որ բնակիչներն աստիճանաբար լքեցին այն ու գաղթեցին օտար ափեր՝ Վրաստան, Ղրիմ, Լեհաստան, Կոստանդնուպոլիս... Անեցիներն ուր էլ որ բնակվեցին, կառուցեցին տներ եկեղեցիներ արհեստանոցներ ու վաճառատներ հիմնեցին դպրոցներ ու գրչության կենտրոններ։ Իրենց աշխատասիրությամբ և կառուցողական արվեստով նրանք արժանացան ուրիշ ժողովուրդների համակրանքին, դրանով ևս բարձր պահեցին հայոց մայրաքաղաք Անիի անցյալի փառքը։

Անին միջնադարյան Հայաստանի ամենալավ ուսումնասիրված քաղաքներից է։ Պեղումները հնարավորություն տվեցին պարզել քաղաքի ընդհանուր պատկերը, փողոցների համակարգը, ջրմուղի հիմնական ուղղությունները։ Բացվեցին հնագույն պարիսպները, հրապարակները, բնակելի թաղամասերը, հյուրատները, կործանված բազմաթիվ եկեղեցիներ, հարուստների շքեղ ապարանքներ, հասարակ ժողովրդի հյուղակներ, արհեստավորների գործատներ։

Անիի հերոսական պատմությունը ներշնչանքի աղբյուր է եղել հայ գրողների համար։ Նրա մասին գրվել են շատ գրքեր։