Ինչ է, ով է/Ապակի
Ապակի
Եգիպտոսում հնագիտական պեղումներ կատարելիս գիտնականները գտան ապակե մի հիասքանչ սկահակ։ Սկահակը գեղեցիկ ձև ուներ և պատրաստված էր ամենաբարձրորակ ապակուց: Որոշեցին գտածոյի տարիքը, պարզվեց, որ սկահակը պատրաստվել է գրեթե 3 հզ տարի առաջ։ Հին Եգիպտոսում ապակուց պատրաստում էին զանազան զարդեր, ամանեղեն: Ընդհուպ մինչև մեր թվականությունը Եգիպտոսը մնում էր ապակեգործության կենտրոն, որտեղից ապակե առարկաներ էին արտահանվում շատ երկրներ:
Պեղումները գիտնականներին օգնեցին պարզելու նաև, որ Ռուսիայում ևս պատրաստում էին ապակե զարդեր, ինչպես նաև հատուկ ապակի տաճարները զարդարող խճանկարների համար:
Հին Հայաստանում նույնպես ապակե զարդերն ու առարկաները լայնորեն տարածված էին։ Պեղումների օգնությամբ Լճաշեն բնակավայրի դամբարաններում, օրինակ, հայտնաբերվել են 3 հզ տարի առաջ պատրաստված ուլունքներ, Կարմիր բլուրում՝ անոթներ, այլ հուշարձաններում (որոնց մասին դուք կարող եք իմանալ ընթերցելով «Հնագիտական պեղումներ» զրույցը) ճարմանդներ, կնիքներ և շատ ուրիշ առարկաներ։ Միջնադարյան Հայաստանում ապակե գունագեղ ու բազմաձև իրեր էին պատրաստում, հիմնականում, Դվինում և Անիում, որոնք տարբեր ժամանակ եղել են Հայաստանի մայրաքաղաքները։
Այդ իրերն իրենց որակով չէին զիջում ժամանակի ապակեգործության լավագույն նմուշներին և նույնպես արտահանվում էին օտար երկրներ: Այդ հին ժամանակներից ի վեր ապակեգործությունն, անշուշտ խիստ փոփոխություններ է կրել։
Զարմանալի նյութ է ապակին։ Վերցնում են միանգամայն անթափանցիկ սպիտակ ավազ, նույնպիսի անթափանցիկ սոդա և նման մի քանի այլ նյութեր, խառնում են իրար, ապա խառնուրդը բարձր ջերմաստիճանում հալում վառարաններում։ Եվ ահա պատրաստ է թափանցիկ, մածուցիկ զանգվածը։ Նրանից կարելի է ապակե թերթ գլոցել, և կստացվի պատուհանի ապակի։ Կարելի է փչելով ստանալ ապակե պղպջակ և այն ձևափոխելով դարձնել բաժակ, ջրաման, սկահակ:
Բայց ապակին ամանեղեն, հայելի, զարդեղեն չէ միայն: Լուսանկարչական ապարատների, կինոնկարահանման խցիկների օբյեկտիվները պատրաստված են հատուկ թափանցելիության օպտիկական բարձրորակ ապակուց, իսկ որքան փորձանոթներ, սրվակներ, գալարախողովակներ կան քիմիական լաբորատորիաներում: Լուսավորող միլիարդավոր լամպերը նույնպես ապակուց են։
Ասում են «Ապակու պես փխրուն է»: Մինչդեռ այժմ ստեղծված է այնպիսի ապակի, որն ամրությամբ պողպատին չի զիջում։ Այդպիսի ապակուց կարելի է մեխանիզմների մասեր պատրաստել: Ավտոմոբիլների և ինքնաթիռների լուսամուտախորշերում տեղադրում են մխված ապակի։ Սա շատ ամուր է. այդպիսի ապակուց պատրաստված թերթը անվնաս կարող է մնալ անգամ այն դեպքում, եթե մեկ կիլոգրամանոց պողպատե գունդը մարդահասակ բարձրությունից ընկնի նրա վրա: Այդ ապակին եթե, նույնիսկ, ջարդելու լինենք, սրաշեղբ բեկորներ չեն առաջանա: Նշանակում է, եթե հանկարծ այդ ապակուց լուսամուտներ ունեցող ավտոմոբիլը վթարի ենթարկվի, և ապակին ջարդվի, նրա մեջ գտնվող մարդիկ բեկորներից չեն վնասվի:
Ապակուց պատրաստում են արհեստական մանրաթել, իսկ սրանից էլ հյուսում չայրվող գործվածքներ։ Քիմիական խեժերով տոգորված ապակե գործվածքներից պատրաստում են մարդատար ավտոմոբիլների թափքեր, ծովային նավակների և փոքր նավերի իրաններ։
- Ապակու և ապակեգործ վարպետների մասին դուք կարող եք կարդալ հետևյալ գրքում
- Кирпичникова Т. П. Хрустальные тайны, Л, «Дет лит» 1973.