Jump to content

Ինչ է, ով է/Ավետիսյան Ա.Մ.

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ավետիսյան Ավետ Մարկոսի

7897—1971

1918 թ․ Բաքվում մեծ դերասան Հովհաննես Աբելյանի խորաթափանց աչքը զինվորի գորշ վերարկուով երիտասարդի մեջ տեսավ ապագա տաղանդավոր դերասանին ու հանձնարարեց նրան Ոսկանի դժվարին դերը Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի» դրամայում։ Նույն ժամանակ էլ Աբելյանը նրան իր հետ տարավ Թիֆլիս, հայկական դրամատիկական խումբ խմբում էր ճանաչված դերասան Հովսեփ Ոսկանյանը։ Ու որպեսզի շփոթ չլինի, երիտասարդ դերասանին խորհուրդ տվեցին հրաժարվել իր Ոսկանյան տոհմական ազգանունից։ Նա ընտրեց Ավետիսյան ազգանունը, որով և հետագայում հռչակվեց թատերական աշխարհում։

Երբ 1922 թ․ հիմնադրվեց Հայաստանի առաջին պետական թատրոնը, նա եկավ Երևան ու դարձավ մայր թատրոնի հիմնադիր դերասաններից։ Ավետիսյանի ստեղծագործական կյանքն անխզելիորեն կապված է Գ․ Սունդուկյանի անվան թատրոնի կեսդարյա տարեգրությանը։

Զարմանալի բնական ու հողեղեն էր Ավետիսյանի արվեստը։ Թանձր վրձնահարվածներով էր ստեղծում նա իր կերպարները և ապա հարստացնում ոսկերչական մանրանկարներով, բեմական խորիմաստ մանրամասներով։

Նա ազգային ընդգծված նկարագրի տեր դերասան էր։ Հոյակապ էին, մասնավորապես, նրա կերտած կերպարները Գ․ Սունդուկյանի մի շարք պիեսներում։ Այստեղ նրա ստեղծագործության բարձրակետը եղավ Զամբախովի դերակատարությունը «Խաթաբալա» պիեսում։ Այս կերպարում խտացան դերասանի արվեստի հիմնական հատկանիշները, առավելագույնս դրսևորվեցին նրա երգիծական տաղանդը, ստեղծագործական ոճն ու խոսքի բացառիկ արվեստը: Խոսքի ներգործությունը կրկնապատկվում էր շնորհիվ հարուստ դիմախաղի ու մանավանդ, «մատների լեզվի»։ Ավետիսյանը կարողանում էր երբեմն անբառ բացահայտել կերպարի հոգեբանությունը։ Նրա ստեղծագործության գլուխգործոցներից էր նաև Սաղաթելը Ալ. Շիրվանգադեի «Պատվի համար» դրամայում։ 1962 թ. Ավետ Ավետիսյանը արժանացավ ՍՍՀՄ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: Իր ողջ կյանքում Ավետիսյանը մշտապես պահպանեց մանկան անմիջականությամբ զարմանալու թանկ ունակությունը: Այդ էր, որ հնարավորություն տվեց դերասանին իր կյանքի վերջին տարիներին կերտելու բացառիկ մի կերպար Անտոնիոն էդ դե Ֆիլիպպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» տրագիկոմեդիայում։ Իր արվեստին գրեթե անծանոթ գույների նոր համադրումով հերոսի ներքին դրաման դերասանը հանդիսատեսին էր հաղորդում ցնցող ուժով, մեծ արվեստագետին հատուկ ողբերգական շնչով: Մեծ է Ա. Ավետիսյանի ավանդը նաև հայկական կինոարվեստում: Սկսած 1925 թվականից մինչև 60-ական թվականների վերջը նա եղավ ու մնաց իբրև առաջնակարգ կինոդերասան: Անմոռանալի են նրա Հայրապետը` «Նամուս», Բազազ Արտեմը` «Գիքորը», Զիմզիմովը` «Պեպո», Սաղաթելը` «Պատվի համար» կինոնկարներում: