Ինչ է, ով է/Ավստրալիա
Ավստրալիա
Սա մի զարմանալի մայր ցամաք է` տարօրինակ ճակատագրով: Եվ ոչ միայն նրա համար, որ եվրոպացիները հայանաբերել են այն Ամերիկայից շատ ավելի ուշ, ոչ էլ նրա համար, որ հեռավոր Ավստրալիան յուրացնողների մեջ կային հանցագործներ, որոնք այստեղ էին աքսորվել Անգլիայից։ Ոչ: Զարմանալին սկսվել էր շատ ավելի վաղ, մոտավորապես 100 մլն տարի առաջ, երբ Ավստրալիան հարակից կղզիներով անջատվեց մնացած ցամաքից: Դա մի ժամանակաշրջան էր, երբ Երկրի վրա արդեն հայտնվել էին կաթնասունները, բայց նրանց մեծ մասն իրենց նախնիների մողեսների նման ձու էր դնում: Իսկ նրանք, որոնք արդեն սկսել էին կենդանի ձագեր ծնել, սրանց լույս աշխարհ էին բերում թերզարգացած ու թույլ։ Այդ ձագերը մորից առանձին ապրել չէին կարող, և մայրը նրանց կրում էր իր փորի վրա` մորթու ծալքերից առաջացած պարկում: Այդտեղ ձագերը սնվում էին մայրական կաթով և հասունանում: Ավստրալիայի անտառներն ու սավաննաներն ընդմիշտ դարձան պարկավորների (գիտնականներն այդպես անվանեցին այդ կենդանիներին) թագավորությունը: Դրանցից են պարկավոր գայլն ու փոքրիկ ծառերի վրա բնակվող պարկավոր արջը կոալան և պարկավոր սկյուռիկներն ու առնետները: Բայց Ավստրալիայի գլխավոր պարկավոր կենդանին կենգուրուն է։ Հայտնաբերվեցին նաև ձվադրողներ, որոնց գիտնականները համարում էին լիովին անհետացած միլիոնավոր տարիներ առաջ։ Դրանք բադակտուցը և եքիդնան են։ Ահա թե ինչու Ավստրալիան շատ հաճախ անվանում են կենդանի բրածոների թանգարան:
Ավստարլիայում շատ թռչուններ կան։ Ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկները ծիածանի նման շքեղազարդ դրախտահավերն են: Ամենազվարճալին ծաղրասարյակն է։ Հսկայական երամներով թռչում են ալիքափետուր թութակները։
Ավստրալիայում է աճում հռչակավոր պոմպ ծառը անտառային հսկա էվկալիպտը, որի տերևներն անուշաբույր գոլորշիներով են հագեցնում օդը։
Ավստրալիայի ընդարձակ սավաննաները և անապատների ծայրամասերը ծածկված են խիտ մացառուտներով թեփապտերներով:
Ավստրալիայում մեծ և ջրառատ գետեր չկան։ Ամենախոշոր գետը Մուրեյն է։ Նրա Դառլինգ վտակը երաշտի ժամանակ չորանում է։ Չորային ոռոգման կարիք զգացող շատ հողատարածություններ դեռևս քիչ են յուրացված և գրեթե ամայի են։ Ոռոգման խնդիրն Ավստրալիայում ամենակարևորներից է: Գետերի ջուրը վերաբաշխելու համար կառուցում են հիդրոտեխնիկական հատուկ կառույցներ։ Օգտագործում են նաև ստորգետնյա ջրերը․
Ավստրալիայում լեռներ շատ կան, բայց դրանք բարձր չեն։ Ընդերքում կան օգտակար հանածոներ ոսկի արծաթ, պղնձի և երկաթի հանքաքար քարածուխ և այլն: Այդ հանածո հարստության մեծ մասը մշտապես արտահանվում է այլ երկրներ: Բայց Ավստրալիան ամենից շատ գյուղատնտեսական ապրանքներ է արտահանում։ Ոչխարաբուծությամբ Ավստրալիան աշխարհում առաջին տեղն է գրավում և Եվրոպայի, Ասիայի ու Ամերիկայի շատ երկրների մատակարարում է հրաշալի բուրդ։ Ոչխարների արոտավայրերի համար Ավստրալիայում ոչնչացվել են բազմաթիվ հոյակապ անտառներ։
Անցյալ դարի կեսին, երբ Ավստրալիայում ոսկի գտան, աշխարհի տարբեր ծայրերից այնտեղ սլացան հեշտ շահ որոնողները:
Բնակություն հաստատելով Ավստրալիայում և յուրացնելով այն՝ անգլիացի գաղութարարները գրեթե ամբողջովին ոչնչացրին նրա բնիկներին։ Զուր չէ, որ հորիզոնում նկատելով եկվորների նավերը, բնիկները ծովափը թնդացնում էին «կուի-ի» ճիչերով։ Դա վտանգի և օգնության կանչի ազդանշանն էր:
Բայց ուրիշ ինչով կարող էին նրանք կռվել գաղութարարների թնդանոթների դեմ իրենց ձկնորսական եռաժանիներից և որսորդական բումերանգներից բացի։ Ավստրալիայի բնիկներին գայթակղելով ծուղակն էին գցում գնդակահարում դավաճանաբար ոչնչացնում թունավորված ուտելիքով քշում անապատներ ուր նրանք դատապարտվում էին սովամահության։ Ավստրալիայում բնիկներ շատ քիչ են մնացել ընդամենը մոտ 50 հզ․ մարդ։
Ավստրալիա մայր ցամաքը զբաղեցնում է մեկ պետություն՝ Ավստրալիան։ Ավստրալիացիները հիմնականում անգլիացիների սերունդներն են և խոսում են անգլերեն։ Նրանք զբաղվում են գյուղատնտեսությամբ, աշխատում հանքահորերում և հանքերում մետալուրգիական գործարաններում, մանածագործական և կոշիկի ֆաբրիկաներում։ Ավստրալիայի շատ գործարաններ ու ֆաբրիկաներ անասնապահական ֆերմաներ և հանքեր պատկանում են օտարերկրյա հիմնականում անգլիացի կապիտալիստներին ու կալվածատերերին։
Ավստրալիան կապիտալիստական պետություն է։