Ինչ է, ով է/Արբանյակ
Արբանյակ
Արեգակնային համակարգի մեծ մոլորակներից շատերի շուրջը պտտվում են ավելի փոքր մոլորակներ, որոնց անվանում են արբանյակներ։ Օրինակ, Լուսինը երկրի արբանյակն է: Այդպիսի բնական արբանյակներից բացի կան մոլորակների, մասնավորապես, Երկրի շուրջը պտտվող մարմիններ` արհեստական արբանյակներ, որ ստեղծել է մարդը։ 1957 թ հոկտեմբերի 4-ին աշխարհով մեկ տարածվեց հաղորդումն այն մասին, որ Սովետական Միությունում ուղեծիր է դուրս բերվել Երկրի առաջին արհեստական արբանյակը։ Իսկ հետո բազմաթիվ գիշերներ կարելի էր դիտել, թե ինչպես աստղալից երկնքում արագորեն տեղաշարժվում են երկու փոքրիկ աստղեր։ Ավելի պայծառը հրթիռն էր, որն արբանյակը դուրս էր բերել մերձերկյա ուղեծիր: Մյուս աչքով հազիվ նշմարելի աստղիկը մեր մոլորակի արհեստական արբանյակն էր, որ մարդիկ ուղարկել էին տիեզերական անհայտ տարածություններ: Տիեզերքի առաջին հետախույզը ոչ մեծ փայլուն մի գունդ էր` արտաքին չորս անտենաներով, ներսից՝ ռադիոհաղորդիչներով: Շարժման արագությունը, որ վայրկյանում 7 97 կմ էր, նրան հնարավորություն էր տալիս մեր մոլորակի շուրջը մեկ լրիվ պտույտ գործել մեկ ու կես ժամում: Այդ օրից շատ տարիներ են անցել, և Երկրի շուրջն արդեն պտտվում է արհեստական արբանյակների հսկա մի ընտանիք։ Ժամանակակից հրթիռներն ուղեծիր են դուրս բերում միանգամից մի քանի արբանյակ, որոնք Տիեզերք են տանում գիտական բազմապիսի ու բարդ սարքեր: Երկրի առաջին արհեստական արբանյակը կշռում էր ընդամենը 83,6 կգ, իսկ այսօր մեր մոլորակի շուրջը պտտվող ժամանակակից գիտական կայաններն արդեն տասնյակ տոննաներ են կշռում։
Երկրի արհեստական արբանյակներից մի քանիսը կարող են արտասովոր ուղեծրեր ունենալ։ Այդպիսին են օրինակ, այսպես կոչված օրային արբանյակները, որոնք Երկրի շուրջը պտտվում են նրանից մոտ 36 հզ կմ հեռավորությամբ։ Դժվար չէ հաշվելը, որ այդպիսի արբանյակի պտտման պարբերությունը հավասար է 24 ժամի, այսինքն՝ մեկ օրվա։ Այսպիսով, եթե նման արբանյակը արձակվի Երկրի հասարակածի հարթության մեջ, ապա այն մշտապես կգտնվի Երկրի նույն կետի վերևում։
Օրային արբանյակները հարմար են ռադիո և հեռուստահաղորդումները վերահաղորդելու համար։ Իրարից հավասարապես հեռու պտտվող օրային երեք արբանյակների օգնությամբ կարելի է Երկրի վրա գտնվող մեկ ռադիոկայանի հաղորդումներով սպասարկել ամբողջ երկրագունդը։
Այժմ պատկերացրեք տիեզերական տարածությունում գտնվող երկու կետ, որտեղ Երկրի ու Լուսնի ձգողության ուժերը միմյանց հավասար են և որոնք Երկրի ու Լուսնի ծանրության կենտրոնների հետ գտնվում են միևնույն հարթության մեջ։ Այդ կետերն անվանում են լիբրացիայի եռանկյունային կետեր։ Այդտեղ տեղադրված արբանյակները կգտնվեն կայուն հավասարակշռության մեջ և Երկրի ու Լուսնի նկատմամբ մշտապես կպահպանեն իրենց սկզբնական դիրքը։
Ստեղծվել են նաև այնպիսի արբանյակներ, որոնք շարժվելով խիստ ձգված ուղեծրով՝ Երկրից հեռանում են ավելի քան 200 հզ. կմ։
Արբանյակներում տեղադրված սարքերն օգնում են ուսումնասիրելու Արեգակնային համակարգի մոլորակները, այլ գալակտիկաներ, անսահման Տիեզերքը։ Չէ՞ որ տիեզերական աստղադիտարանի աշխատանքին չի խանգարում Երկրի մթնոլորտը, որը դժվարացնում է Երկրից կատարվող դիտումները։
«Կոսմոս» սերիայի մեր արբանյակներում փորձարկվում են տիեզերական ապագա թռիչքների համար նախատեսվող սարքեր, կատարվում կենսաբանական փորձեր։
Արբանյակները մարդուն առաջին անգամ հնարավորություն տվեցին հեռվից նայելու սեփական մոլորակին։ «Մետեոր» սերիայի արբանյակները օդերևութաբաններին արժեքավոր տեղեկություններ են տալիս օդային զանգվածների շարժման մասին և օգնում անսխալ կանխագուշակելու եղանակը։ Գեոդեզիական արբանյակների օգնությամբ քարտեզագիրները որոշում են Երկրի առանձին կետերի կոորդինատները լուսանկարում մեր մոլորակի մակերևույթը։ Նավագնացության արբանյակներով կողմնորոշվում են նավերն ու ինքնաթիռները ինչպես առաջներում կողմնորոշվում էին աստղերով, Արեգակով և Լուսնով։ «Մոլնիա» սերիայի կապի արբանյակների շնորհիվ կարելի է հսկայական հեռավորություններից լսել ու դիտել ռադիո և հեռուստահաղորդումները։ Երկրի արհեստական արբանյակները մարդկանց հրաշալի օգնականներն են: Երկրի արհեստական արբանյակների հատուկ տարատեսակներն են «Սալյուտ» (ՍՍՀՄ) կամ «Սքայլաբ» (ԱՄՆ) տիպի ուղեծրային կայանները: «Սալյուտ»-ներից մեկի մոդելը կարելի է տեսնել Մոսկվայում, ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում: Ուղեծրային կայաններն այնպիսի չափեր ունեն, որ գիտափորձի ժամանակ այնտեղ կարող են ապրել և աշխատել մի քանի տիեզերագնաց: Ուղեծրային կայանի և Երկրի կապն իրականացվում է «Սոյուզ» տիպի տիեզերանավով: Այդ կայանների սարքերը կարող են աշխատել ինքնուրույն, ավտոմատորեն: Նախատեսվում է ապագայում ստեղծել էլ ավելի խոշոր կայաններ: Դրանցից մի քանիսում, սեփական առանցքի շուրջ պտտման միջոցով կստեղծվի կենտրոնախույս ուժ, արհեստական կշիռ: Գոյություն ունեն նույնիսկ այնպիսի նախագծեր, ըստ որոնց Երկրի «շրջակայքում» ստեղծվելու են ուղեծրերով պտտվող խոշոր քաղաքնե հազարների հասնող ազգաբնակչությամբ: «Եթերային քաղաքների» մասին Կ. է. Ցիոլկովսկու գաղափարները հետզհետե մարմնավորում են ստանում: