Jump to content

Ինչ է, ով է/Արգելանոց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Արգելանոց

Տարեցտարի երկրագնդի վրա ավելի ու ավելի սակավաթիվ են դառնում բնության անձեռնմխելի մնացած անկյունները, ուր կարելի է տեսնել կուսական անտառներ, տափաստաններ կամ անապատներ։ Որպեսզի պահպանվեն բնության այդ տիպական կամ հազվադեպ հանդիպող տեղամասերն իրենց բուսական ու կենդանական ողջ աշխարհով, պետությունը դրանք դարձնում է արգելանոցներ: Արգելոցի տարածքն ընդմիշտ կմնա իր բնական տեսքով և ապագա սերունդները հնարավորություն կստանան այստեղ բնությունը տեսնելու իր ողջ գեղեցկությամբ ու հարստությամբ: Արգելանոցներն ամենից առաջ գիտական լաբորատորիաներ են բնության մեջ։ Այստեղ գիտնականներն ուսումնասիրում են մարդու ձեռքով չփոփոխված բնության բարդ օրենքները: Սովետական Միությունում ստեղծվել են շուրջ 120 արգելանոցներ, որոնք տեղավորված են մեր հայրենիքի բոլոր բնական գոտիներում։ Յուրաքանչյուր արգելանոցում կան հատկապես արժեքավոր օբյեկտներ, որոնց պահպանությանը հատուկ ուշադրություն է դարձվում։ Օրինակ, Կանդալակշայի արգելանոցում պահպանվում են թռչնաշուկաներն ու այդերուկների բնադրավայրերը: Այդ թռչնի աղվամազը բարձր է գնահատվում։ Բայկալ լճի ափին է գտնվում Բարգուզինյան արգելանոցը` սամույրի պահպանման հիմնական վայրը: Բելովեժյան թավուտում շատ են կճղակավոր կենդանիները` եղջերուներ, վարազներ, այծյամներ, ազատության մեջ ապրում են անտառի հսկաները զուբրերը (վայրի ցուլ): Վորոնեժի արգելանոցում հաջողվել է պահպանել ու բազմացնել կուղբեր։ Ուկրաինայի տափաստաններում է գտնվում Ասկանիա Նովա արգելանոցը, որտեղ կարելի է տեսնել փետրախոտե տափաստանի՝ ողջ Եվրոպայում անձեռնմխելի մնացած միակ հողակտորն իր կենդանական աշխարհով: Կովկասի լեռնալանջերին գտնվող արգելանոցում ազատ արածում են վայրի այծերի և քարայծերի հոտեր, կիրճերում կան թռչունների հազվադեպ տեսակներ։ Իսկ Կասպից ծովի ափին Կզըլ Աղաջի արգելանոցում, ձմեռում են բադերի, սագերի և կարապների երամներ, որպեսզի գարնանը վերադառնան իրենց բնադրման վայրերը` հեռավոր տունդրա։ Հարավային Թուրքմենիայում Բադխիզի արգելանոցի լայնարձակ տարածություններում բնակվում են նրբագեղ այծքաղները, ջեյրանները, վայրի էշերը, կուլանները: Փորձառու բնախույզն այս տեղ կարող է հանդիպել նույնիսկ այնպիսի հազվադեպ կենդանիների, ինչպես ընձառյուծն ու շնագայլը։

Հայաստանում ստեղծված Խոսրովի արգելանոցն ունի հարուստ բուսածածկույթ։ Այստեղ ազատության մեջ արածում են հայկական մուֆլոնները (վայրի ոչխար) և բեզոարյան այծերը։ Լայնատերև իլենիների, արոսենիների ստվերում հանգստանում են գորշ արջն ու գորշուկը, հանդիպում են վարազներ, լուսաններ, ընձառյուծներ։ Գիհու նոսր անտառներում և կաղնուտներում իրենց բույնն են հյուսում սպիտակագլուխ անգղներն ու գառնանգղները։ Օդում ճախրում են ճերմակաթև ճայերը։ Այս արգելանոցում կարելի է տեսնել բնության մեջ հազվադեպ հանդիպող սև ցիների։

Մեր հանրապետության մյուս՝ Դիլիջանի արգելանոցի լայնարձակ տարածություններում փռված են հաճարենու, կաղնու, բոխու, լորենու, հացենու գեղեցիկ անտառները, կարմրածառի (մահիկի) պուրակները, ուր կլիմայավարժեցվում են Հեռավոր Արևելքից բերված ուսուրական բծավոր եղջերուն, ազնվացեղ եղջերուն և վայրի խոզը։ Անտառի թավուտում բնակություն են հաստատել գորշ արջն ու այծյամը, լուսանն ու անտառային կատուն։ ճյուղից ճյուղ են թռչկոտում պարսկական սկյուռները։ Հանդիպում են գորշ կաքավների, անտառային կտցարների, աղավնիների երամներ։

Շատ արգելանոցներ են ստեղծվել նաև աշխարհի ուրիշ երկրներում, ուր դրանց հաճախ անվանում են ազգային պարկեր։ Օրինակ Արևելյան Աֆրիկայի սավաննաներում տասնյակ կիլոմետրերով ձգվում է Սերենգետի ազգային պարկը։ Սավաննայի կանաչապատ տարածություններում տարածում են գնու այծքաղների, զեբրերի գոմեշների խոշոր հոտեր։ Ակացիաների ստվերում օրվա տապից թաքնվում են առյուծները։ Թփուտներով ծանրումեծ անցնում են հսկա փղերը՝ պոկռտելով ծառերի տերևները։ Ահա ակացիաների ամենաբարձր տերևներն է կրծոտում երկարավիզ ընձուղտը:

Խոժոռ ռնգեղջյուրներն արածում են բացատներում, իսկ ծանրամարմին ու ալարկոտ գետաձիերն ամբողջ օրը պառկած են ջրում։ Արագավազ հեպարդները հետապնդում են այծքաղներին, զարգացնելով ժամում ավելի քան հարյուր կմ արագություն։ Իսկ ընձառյուծը որսի վրա հարձակվում է դարանից: Ահա նա բռնեց այծքաղին և նրա հետ մագլցեց ծառը, որպեսզի ոչ ոք չխանգարի նրան հանգիստ ճաշելու: Բազմաթիվ գունագեղ թռչուններ են ճախրում շուրջդ։ Ծառերի ճյուղերին պարկանման բներ են հյուսում թռչուն-ջուլհակիկները։ Հաճախ նույն ծառի վրա կարելի է տեսնել հարյուրավոր բներով մի ամբողջ «թռչնաքաղաք»: Ծառերի կատարին Կարմրաթևիկները Սովետական Միության Ասկանիա Նովա հնագույն արգելանոցում Աֆրիկական զեբրերը լավ հարմարվել են Ասկանիա նովայում վաում տարներին նսւուսծ են մերկ պարանոցերով մռայլ թռչունները անգղները Նրանք ուշադիր զննում են թե որտեղ են ճաշում առյուծները որպեսզի օգտվեն նրանց «խրախճանքի» մնացորդներից։Մեկ այլ մայրցամաքում` Ավստրալիայում, արգելանողների շնորհիվ այսօր էլ գետակներում կարելի է տեսնել բնության հրաշքները` բադակտուցը և եքիդնան: Որովայնի վրա մեծ, փափուկ պարկերում տեղավորված իրենց ձագուկների հետ տեղից տեղ են ցատկում կենգուրուները։ Դանդաղաշարժ պարկավոր արջը՝ կոալան, նստած է ծառին ու տերևներ է ուտում։ Հեռվից նկատելով վտանգը, նա բարձրանում է ավելի վեր, որպեսզի անհասանելի մնա: Լավ է, որ մարդիկ հասցրեցին Երկրի վրա ստեղծել շատ արգելանոցներ: Այլ կերպ մենք այլևս չէինք կարողանա տեսնել բազում հիանալի կենդանիների` բնության բազում հրաշալիքներ: