Ինչ է, ով է/Արսեն Վ. Կ.
Արսենև Վլադիմիր Կլավդիևիչ
Գիտնական, ճանապարհորդ, գրող. ահա թե ով էր Վ. Կ. Արսենևը: Այն ամենը, ինչ նա պատմում է իր գրքերում, տեսել ու ապրել է ինքն անձամբ և սկզբում գրի առել ճամփորդական օրագրերի կամ նոթերի ձևով: Դրանց շատ էջեր ծխահարվել են անտառային հրդեհներից, քրքրվել լեռնային սառնաշունչ քամուց, խանձվել երթային խարույկների կայծերից: 1899 թ. երիտասարդ սպա Արսենևը որոշ ժամանակով ծառայության ուղարկվեց Հեռավոր Արևելք։ Բայց, երբ տեսավ Ուսուրական անծայրածիր տայգան, Սիխոտե Ալինի վայրի լանջերը, լայնահուն գետերն ու օվկիանոսի անհյուրընկալ ափերը, հասկացավ, որ ընդմիշտ կմնա այստեղ: Արսենևը տեսնում էր այդ գրեթե չհետազոտված երկրամասի անհատնում հարստությունները և քաղցից ու հիվանդություններից մեռնող տեղացիների սոսկալի աղքատությունը։ Վաճառականները գալիս հասնում էին տայգա, որսորդներին և ժենշեն որոնողներին հարբեցնում ոգելից խմիչքով և չնչին գներով նրանցից գնում բուժիչ «կյանքի արմատը», սամույրի և սևագորշ աղվեսի թանկարժեք մորթիները: Այդ մորթիների և այլանդակ մարդուկի նմանվող փոքրիկ արմատների համար, որոնք գտնելն ավելի դժվար էր, քան ոսկու բնակտորը, նրանք պատրաստ էին մարդ սպանել։ Այդպես սպանեցին Արսենևի լավագույն բարեկամին ու հավատարիմ ուղեկցին, հիանալի բնախույզ, տայգաբնակ Դերսու Ուզալային, որը շատ անգամ էր փրկել Վլադիմիր Կլավդիևիչի կյանքը, ազատել նրան բազմաթիվ փորձանքներից: Իր հավատարիմ բարեկամի և ուղեկցի հիշատակին Արսենևը գրեց «Դերսու Ուզալա» հետաքրքիր գիրքը, որը լույս է տեսել նաև հայերեն, և դուք կարող եք կարդսզ այն: Ուժեղ, տոկուն, հանդուգն ու արի Արսենևը միշտ առաջինն էր խիզախում, չէր խուսափում ոչ մի աշխատանքից և ամենահուսահատ պահերին կարողանում էր առույգություն և աշխուժություն ներարկել ուղեկիցներին։ Արսենևը մահացավ գիտարշավի ժամանակ, մրսածությունից: Նրա կյանքն ընդհատվեց անժամանակ՝ 58 տարեկան հասակում, երբ նա լի էր եռանդով և ապագայի ծրագրերով։ Նա հրաշալի շատ գրքեր գրեց, բայց մի գիրք այդպես էլ չհասցրեց գրել, թեև ամբողջ ժամանակ նախապատրաստվում էր դրան: Դա պետք է լիներ գիրք այն մասին, թե ինչպես ճանապարհորդ դառնաս: Այդ գիրքը չկա: Բայց երբ դուք կարդաք Արսենևի «Ուսուրական երկրամասով», «Դերսու Ուզալա», «Սիխոտե Ալինի լեռներում», «Հանդիպումներ տայգայում» և մյուս գրքերը, այնտեղ շատ բան կգտնեք այն ամենից, ինչի մասին նա ուզում էր պատմել այդ չգրված գրքում։