Jump to content

Ինչ է, ով է/Արևադարձային անտառ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արևադարձային անտառ
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Արևադարձային անտառ

Երկրագնդի առավել տաք գոտիներից են արևադարձային գոտիները, որոնք տեղավորված են հասարակածին մոտ։ Արևադարձային գոտիներում բնությունն ստեղծել է յուրօրինակ բնական ջերմոց՝ հաստատուն, հավասարաչափ ջերմությամբ, առատ տեղումներով: Եվ բուսական աշխարհն էլ այստեղ զարմանահրաշ է: Անտառն առաջացնում է խիտ թավուտներ, որոնց միջով անցնելը շատ դժվար է, իսկ երբեմն էլ անհնարին: Ծառերը ձգտում են վեր դեպի լույսը, թանձր ստվերով վարագուրելով անտառը։ Այստեղ հավերժական կանաչի թագավորություն է, հավերժական ամառ:

Արևադարձային գոտիների բուսականությունն արտակարգ բազմազան է։ Անտառն, ասես, մի քանի հարկանի լինի. առանձին ծառեր հասնում են մինչև 60 մետրի՝ քսան հարկանի շենքի բարձրության։

Ծառերի տերևները հոծ են, խոշոր և հաստակեղև։ Դրանք հիշեցնում են տնային ֆիկուսի տերևները, որը ծագումով նույնպես արևադարձային բույս է: Հաստ կեղևը տերևներին պաշտպանում է բարկ արևից:

Արևադարձային անտառի բնորոշ բույսերը լիաններն են: Նրանք կառչում են ծառերի բներին և մագլցում վեր՝ դեպի լույսը։ Լիանները փաթաթվում են ծառերին, կախվում ցած, ձգվում ծառից ծառ և հասնում են հսկայական, հաճախ 100 մետրից ավելի երկարության:

Արևադարձային գոտիներում շատ են նաև ամենաբազմապիսի արմավենիները՝ բարձր, հսկա ծառերից մինչև ցածրիկ թփերը: Կան նույնիսկ արմավենի-լիաններ։ Բարձր արմավենիներն ունեն գլանաձև, ողորկ բուն: Որոշ ցածրիկ արմավենիներ բուն ամենևին չունեն, միայն տերևների պսակն է։

Լույսին ավելի մոտ լինելու համար շատ բույսեր աճում են ոչ թե հողի, այլ ծառերի բների ու ճյուղերի վրա: Այդ բույսերից առավել գեղեցիկ են խոլորձները, որոնք նման են հսկա, վառ թիթեռների:

Արևադարձային գոտիներում աճում են ադամաթզենի (բանան), հնդկեղեգ, ծառանման պտերներ, խոլորձներ և շատ ու շատ այլ բույսեր։ Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ մարդուն օգտակար այդքան շատ բույսեր չկան: Արևադարձային անտառը տալիս է ադամաթուզ, հացածառի և սեխածառի պտուղներ, քինին, մանգո, ճանդան (սանդալ), կարմիր և սև ծառերի փայտ, կաուչուկ, լաքեր, կոկոսյան ընկույզ, սագո, շաքար:

Արևադարձային անտառների ամենամեծաքանակ բնակիչները միջատներն են և ամենից առաջ՝ գույնզգույն, խոշոր, մինչև 20 սմ մեծության թիթեռները: Վառ գույն և մեծ չափեր ունեն նաև սարդերը:

Ամենաբազմապիսի չափի և գույնի թութակներն իրենց կոկորդային ճիչերով լցնում են անտառը: Արևադարձային գոտիներում ապրում են նաև ամենափոքրիկ թռչունները՝ կոլիբրիները: Նրանց որոշ տեսակներ բոռից մեծ չեն։ Իսկ որքան կապիկներ կան այստեղ հսկա գորիլլաներից մինչև փոքրիկ ուիստիտիները, որոնց հասակն ընդամենը 15 սմ է:

Արևադարձային անտառներում անչափ շատ են նաև սողուններն ու երկկենցաղները, օձերը, մողեսները, գորտերը: