Jump to content

Ինչ է, ով է/Բանջարանոց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Բանջարանոց

Հին արևելյան քաղաքի այգիներում տեղը նեղ էր գալիս, որովհետև այնտեղ կողք կողքի աճում էին դեղձենին ու սեխը, վարդենին ու ձմերուկը: Այժմ ձմերուկը, սեխը, դդումը, լոլիկն ու վարունգը, տաքդեղն ու սմբուկը աճեցնում են առանձին դաշտերում, որոնք կոչվում են բանջարանոց, իսկ այդ բույսերը` բանջարանոցային բույսեր կամ բանջարեղեն: Իրանը, Աֆղանստանը, Սովետական Միության միջինասիական հանրապետություններն աշխարհի լավագույն սեխի հայրենիքն են: Այդ երկրներում սեխը սիրել են վաղուց։ Այն փոխարինել է ճաշին թե՛ դաշտում աշխատելիս, թե՛ հեռավոր ճամփորդության ժամանակ: Ով սեխ ուներ, ճանապարհին ո՛չ ծարավ կզգար, ո՛չ էլ քաղց։ Սեխի հյութով քաղցրաբլիթներ էին թխում, սեխով բուժվում էին։ Բայց առանց ջրի սեխ չես աճեցնի: Հնում ոռոգման առուները քիչ էին և միայն հարուստներին էին պատկանում: Նրանք կարող էին սպանել գյուղացուն, եթե նա ինքնակամ ջուր վերցներ այնտեղից: Անցյալում ուզբեկ գյուղացին սեխի սերմը զետեղում էր ուղտափշի արմատակոճղի ճեղքի մեջ, որպեսզի ուղտափշի հզոր արմատները ջուր հայթայթելով հողի խորքերից առաջին օրերը սնեին սեխիկին: Այժմ ուզբեկական սեխը «դայակ» ուղտափշի կարիք չունի։ Ջուրն առատորեն կոլտնտեսային բանջարանոցներ է հոսում ջրանցքներից, որոնք կառուցել է ազատագրված ժողովուրդը: Պովոլժիեի, Հյուսիսային Կովկասի, Մոլդավիայի բանջարանոցներում առաջնությունը սեխից անցել է ձմերուկին: Հնում փառաբանված էին աստրախանցի «ձմերուկի վարպետները»: Ձմերուկի սերմերը Վոլգայի ափին գտնվող նավահանգստային քաղաք էին բերել Արևելքի վաճառականները: Եվ կանաչով ծածկվեցին բանջարանոցները Աստրախանի մոտակայքում, իսկ հետո նաև` ամբողջ ստորին Վոլգայի երկայնքով: Վոլգյան ձմերուկները տանում էին ոչ միայն մայրաքաղաք` ցարի սեղանին մատուցելու, այլև արտասահման` Փարիզ: Ռուսական տափաստանային ձմերուկներն ավելի քաղցր էին, քան ֆրանսիականները, որոնք աճում էին մերձծովյան խոնավ կլիմայի պայմաններում։ Արևի տակ պտղի մեջ կուտակվում է շաքար, իսկ երաշտին ձմերուկը սովոր է Աֆրիկայում, Կալահարի կիսաանապատում, որը ձմերուկի հայրենիքն է․ անձրևները խիստ սակավ են։

Կալահարիում կան քաղցրահամ, անհամ կամ դառը վայրի ձմերուկների ամբողջ մացառուտներ։ Ժամանակակից մշակովի ձմերուկը խոշոր է ու քաղցր և պահպանել է աֆրիկականի երաշտադիմացկունությունը։ Սովետական Միությունում ձմերուկի բանջարանոցներ կան նույնիսկ Կարակում անապատի ավազուտներում։ Մեր հանրապետությունում գերակշռում Են ձմերուկի կարմրամիս սորտերը։ Տեղական սորտերից առավել տարածված են Էջմիածնի շրջանում մշակվող միջին վաղահաս «Սուլթանը» և Արտաշատի ու Էջմիածնի շրջաններում մշակվող ուշահաս «Չիթը»։