Ինչ է, ով է/Բաուման Ն. է.
Բաուման Նիկոլայ Էռնեստովիչ
Այդ օրը ոստիկանները վխտում էին 1905 Կիևի Կայարանի շուրջը, ուշադիր զննում յուրաքանչյուր ուղևորի Օրը ցերեկով բանտից փախել էին մի խումբ հեղափոխական բոլշևիկներ։
...Բազում ճամպրուկներից կքած բեռնակրի ետևից վագոն մտավ մի հարուստ օտարերկրացի: Արծաթե մի դրամ մեկնելով աստիճանների մոտ տնկված լրտեսին՝ նա կոտրատված ռուսերենով ջուր խնդրեց։ Լրտեսը շփոթվեց խոնարհվեց և նետվեց ջուր բերելու: Իբրև պարգև ուղևորը նրան թողեց դրամի մանրը և մի հաստ սիգար:
Բայց հենց այդ «հարուստին»՝ ռուս հայտնի հեղափոխականին էլ որոնում էին ոստիկանները: Նրա իսկական ազգանունը՝ Բաուման, գիտեին միայն Վ. Ի. Լենինը, մի քանի ընդհատակայիններ: Ուրիշներին նա հայտնի էր Գրաչ Եվգրաֆիչ, Պոլետաև, Վիկտոր, Սորոկին ծածկանուններով:
Ինչի համար էին այդ ծածկանունները: Ցարական իշխանությունները դաժանորեն հետապնդում էին հեղափոխականներին, հատկապես լենինյաններին: Նրանց բանտ էին նետում, շղթաներ հագցնում և ուղարկում տաժանակրության, մահապատժի ենթարկում: Եվ հանուն ժողովրդի ազատագրության մարտնչողները, ոստիկանության ճանկը չընկնելու համար ստիպված էին թաքցնելու իրենց իսկական ազգանունները, հաճախակի տեղափոխվելու տեղից տեղ:
Նիկոլայ Բաումանը ցարիզմի դեմ պայքարին ներգրավվել է դեռևս ուսանողական տարիներին: Կազմակերպում էր գաղտնի խմբակներ, բանվորներին ծանոթացնում Մարքսի ուսմունքին, կտրում անցնում էր սահմանը և փոխադրում «Իսկրա» լենինյան թերթը: Նա դարձել էր Մոսկվայի հեղափոխականների ղեկավարը: Արտասովոր քաջության և աննկուն կամքի տեր այդ մարդը կատարում էր Լենինի ամենադժվարին հանձնարարությունները։
Շատ անգամ էին Բաումանին բանտ նետել: Բայց աներևակայելի հանդգնությամբ Գրաչը (հայերեն սերմնաքաղ) դուրս էր թռչում այդ վանդակներից
1905 թ հոկտեմբերն էր, առաջին ռուսական հեղափոխության թեժ պահը: Կուսակցության հանձնարարությամբ Բաումանը դրոշը ձեռքին կառքով գնում էր բանվորների բազմահազարանոց շարասյան առջևից Տագանյան բանտից ազատելու հեղափոխականներին։ Հանկարծ ոստիկանության գործակալը երկաթե մի խողովակով ուժեղ հարվածեց նրա գլխին...
Ողջ աշխատավոր Մոսկվան էր քայլում իր հեղափոխական առաջնորդի աճյունի ետևից։ Նրա մահն էլ ավելի բորբոքեց ատելությունը ցարիզմի նկատմամբ
Սովետական մարդիկ հարգում են հիասքանչ հեղափոխականի հիշատակը, նրա անունով են կոչվում Մոսկվայի մի խոշոր շրջան, փողոց, հրապարակ և բուհ։ Բաումանի հրապարակի պուրակում մի հուշարձան է կանգնած. ոգեշնչված դեմքով մարդը ձեռքին սեղմում է լենինյան «Իսկրան»։ Այսպիսին է մնացել Ն. Է. Բաումանը ժողովրդի հիշողության մեջ:
- Կարդացեք Ն. Է. Բաումանին նվիրված հետևյալ վիպակը.
- Мстиславский С. Л․ Грач – птица весенняя, М. «Дет лит», 1967.