Ինչ է, ով է/Բաքվի 26 կոմիսարներ
Բաքվի 26 կոմիսարներ
1918 թ սեպտեմբերի 20-ի գիշերը հեռավոր Ախչա-Կումայի ավազուտներում կանգ առավ զինված պահապաններով շրջապատված մի գնացք: Վագոններից դուրս բերեցին խոշտանգված 26 մարդու: Որոտացին գնդացիրների ու հրացանների համազարկերը, որոնց աղմուկի մեջ լսվում էին հպարտ բացականչություններ. «Մենք մեռնում ենք հանուն կոմունիզմի, կեցցե կոմունիզմը»։
Մարդասպաններն շտապում էին, նրանք չհասցրեցին թաղել բոլոր դիակները: Վաղ առավոտյան արևը բարձրացավ բարկ ավազուտների վրա՝ որպես լուռ վկա հակահեղափոխականների քստմնելի ոճրագործության և հավիտենական պսակ հերոս անթաղ շիրիմներին. 1920 թ սեպտեմբերին, 26 կոմիսարների գնդակահարության երկրորդ տարեդարձին, նրանց աճյունները տեղափոխվեցին Բաքու և հանդիսավոր պայմաններում հողին հանձնվեցին. վայրն անվանվեց «26 կոմիսարների հրապարակ»։ Այժմ այդտեղ 26 մարտիկների եղբայրական շիրիմներին կանգնեցված է մեծ կոթող-հուշարձան հավերժական կրակով:
Ովքե՞ր էին նրանք, մռայլ անապատում գազանաբար սպանված այդ հերոսները, որոնք անմահացել են ազատասեր ժողովուրդների սրտերում։ Ահա նրանց անունները Ս. Գ. Շահումյան, Պ. Ա. Ջափարիձե, Մ. Ա. Ազիզբեկով, Ի. Տ. Ֆիոլետով, Ի. Վ. Մալիգին, Գ. Ն. Կորգանով (Ղորղանյան), Յա. Դ. Ջևին, Ա. Լ. Վեզիրով, Գ. Կ. Պետրով, Ա. Մ. Ամիրյան, Մ. Վ. Բասին, Ս. Վ. Հովսեփյան, Վ. Ֆ. Պոլուխին, Բ. Լ. Ավագյան, Ի. Յա. Գաբիշև, Է. Ա. Բերգ, Ա. Ա. Բորյան, Ա. Ռ. Կոգանով, Ա. Ա. Կոստանդյան, Ա. Ա. Բոգդանով, Ս. Ա. Բոգդանով, Ի. Պ. Մետաքսա, Ի. Ա. Միշնե, Ֆ. Ֆ. Սոլնցև, Ի. Ա. Նիկոլաշվիլի, Թ. Մ. Ամիրյան (Ամիրով): Նրանք տարբեր ազգերի ու ժողովուրդների զավակներ էին. ութը՝ հայ, վեցը՝ ռուս, երկուսըէ վրացի, երկուսն ադրբեջանցի, վեցը՝ հրեա, մեկը՝ լատիշ, մեկը՝ հույն, ամենահասակավորը 45 տարեկան էր, ամենաերիտասարդը՝ 22։
Բաքվի կոմիսարների հերոսական կյանքն անխզելիորեն կապված է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության սովետական իշխանության համար մղված պայքարի պատմության հետ: Ոգեշնչված մեծ Հոկտեմբերի հաղթանակով և կատարելով Վ. Ի. Լենինի ցուցումները՝ Բաքվի պրոլետարիատը Ս. Շահումյանի, Պ. Ջափարիձեի, Ա. Ազիզբեկովի, Ի. Ֆիոլետովի, Վ. Կորգանովի և ուրիշների գլխավորությամբ Անդրկովկասում առաջինը բարձրացրեց սոցիալիստական հեղափոխության դրոշը և 1917 թ նոյեմբերի սկզբին Բաքվում հռչակեց սովետական իշխանություն, իսկ 1918 թ. ապրիլի 25-ին Ս. Շահումյանի գլխավորությամբ կազմվեց Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը: Բաքվի կոմիսարները Վ. Ի. Լենինի անմիջական ցուցումներով Բաքվի պրոլետարիատի ու աշխատավորական լայն զանգվածների օգնությամբ իրականացրին սոցիալիստական մի շարք միջոցառումներ, դեկրետներ հրապարակվեցին, նավթարդյունաբերության, բանկերի ու Կասպիական առևտրական նավատորմի ագգայնացման, հողերի բռնագրավման և գյուղացիներին հանձնելու մասին։ Հիմնարկ-ձեռնարկություններում մտցվեց բանվորական հսկողություն, 8-ժամյա աշխատանքային օր, բարձրացվեց աշխատավարձը:
Վ. Ի. Լենինը իր նամակներում կոնկրետ խորհուրդներ և ցուցումներ էր տալիս նավթային տնտեսության կազմակերպման վերաբերյալ Սովետական Ռուսաստանը նավթարդյունաբերության կարիքների համար բաց թողեց 100 մլն ռուբլի։ Հատուկ հանձնաժողով ուղարկվեց Բաքու նավթի արդյունահանումն ու արտահանումը կանոնավորելու, որովհետև այն կենսական նշանակություն ուներ Սովետական Ռուսաստանի համար։
1918 թ .հուլիսի 31-ին սովետական իշխանությունը Բաքվում ժամանակավորապես ընկավ: Օգոստոսին գրավելով քաղաքը՝ անգլիական իմպերիալիստներն իրենց գործակալների հետ միասին դաժան հաշվեհարդար տեսան Բաքվի հերոսական կոմունայի և նրա պանծալի ղեկավարների հետ։
Բաքվի այս իրադարձությունները խիստ անհանգստացրին Վ. Ի. Լենինին, նա շարունակ հետաքրքրվում էր Բաքվի կոմիսարների վիճակով: Օգոստոսի 9-ին Վ. Ի. Լենինը Աստրախանի սովետի նախագահին հեռագրում է. «Դրությունը Բաքվում ինձ համար այնուամենայնիվ պարզ չէ:։
Ո՞վ է կանգնած իշխանության գլուխ:
Որտե՞ղ է Շահումյանը։ Դուք գիտեք, որ ես լիովին վստահում եմ Շահումյանին: Այստեղից չի կարելի հասկանալ դրությունը և արագ օգնելու հնարավորություն չկա»:
Բաքվի 26 կոմիսարների գնդակահարությունը մեծ կորուստ էր Անդրկովկասի պրոլետարիատի համար: Սակայն Բաքվի աշխատավորությունը երբեք վայր չդրեց իր զենքը։ Սրբությամբ պահելով անմահ հեղափոխականների հիշատակը՝ նա բոլշևիկների կուսակցության ղեկավարությամբ շարունակեց հերոսական պայքարը հանուն սովետական իշխանության: 1920 թ. ապրիլի 28-ին ռուս մեծ ժողովրդի օգնությամբ Ադրբեջանում հաստատվեցին սովետական կարգեր: Բոլշևիկների կուսակցության ղեկավարությամբ սովետական իշխանությունը հաղթանակեց նաև Հայաստանում ու Վրաստանում։
Գործը, որի համար իրենց կյանքը զոհաբերեցին Բաքվի 26 կոմիսարները, հաղթանակեց: Նրանց հիշատակը հավերժ է: «Բաքվի 26 կոմիսարներ» անունն են կրում քաղաքային շրջաններ Բաքվում, Երևանում, հրապարակներ, փողոցներ Մոսկվայում, Երևանում, Բաքվում, Թբիլիսիում և այլուր, դպրոցներ Անդրկովկասի և Սովետական Միության շատ քաղաքներում։
Բաքվի 26 կոմիսարների հերոսական կյանքն ու գործունեությունը ոգեշնչման աղբյուր են գրողների ու արվեստագետների համար։