Jump to content

Ինչ է, ով է/Բառարան և տեղեկատու

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բառարան և տեղեկատու
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Բառարան և տեղեկատու

Մարդը չի կարող հիշողության մեջ պահել ամեն բան անցյալի և ներկայի իրադարձությունները, փաստերը, տարեթվերն ու անունները։ Եվ երբ հարկավոր է լինում որևէ հարցի պատասխանն իմանալ կամ տեղեկանք ստանալ, մարդը դիմում է բառարանների և տեղեկատուների օգնությանը։

Այդ գրքերը (և՛ ժլատ են, և՛ առատաձեռն, գրանցում չկա ավելորդ ոչինչ, բայց կան անհրաժեշտ շատ և շատ բաներ։ Նրանցից մեկը ձեզ կհուշի գետերի, քաղաքների, ծովերի ու լեռների անունները, մյուսը կպատմի հիվանդությունների ու դրանց բուժման, երրորդը` բույսերի կամ մեքենաների մասին։ Բառարաններ էլ կան, որ ձեզ կբացատրեն անծանոթ բառի իմաստն ու ծագումը: Բառարաններում բառերը դասավորված են ըստ այբուբենի, իսկ տեղեկատուներում` ըստ թեմաների: Այն բառարանները, որոնցում բացտրվում է բառերի իմաստը, կոչվում են բացատրական: Ռուս նշանավոր գիտնական, գրող ու բժիշկ Վ. Ի. Դալը հավաքել է 200 հազար ռուսերեն բառ և բացատրել յուրաքանչյուրի իմաստը: Կան նաև երկլեզվյան, եռալեզվյան և բազմալեզվյան բառարաններ, որոնցում մեկ լեզվի բառը թարգմանվում է մեկ կամ մի քանի այլ լեզուներով։ Այս բառարաններն անհրաժեշտ են նրանց, ովքեր ուզում են այլ լեզուներ սովորել կամ կարդալ ուրիշ լեզուներով գրված գրքեր։ Մեզանից 800 տարի առաջ գրվել է Արիստակես Գրչի ուղղագրական բառարանը: 1926-1935 թվականներին հրատարակվեց ակադեմիկոս Հր. Աճառյանի «հայերեն արմատական բառարան»-ը յոթ հատորով, որտեղ մեծ գիտնականը ստուգաբանում է հայերեն բոլոր բառերի ծագումը: Շատ գործածական են Ստ. Մալխասյանցի քառահատոր «Հայերեն բացատրական բառարան»-ը, Էդ. Աղայանի երկհատոր «Արդի հայերենի բացատրական բառարան»–ը, Ա. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարան»-ը,: ՀՍՍՀ ԳԱ հրատարակած քառահատոր «Ռուս հայերեն բառարան»-ը և «ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ը, Հ. Բարսեղյանի «Հայերեն ուղղագրական, ուղղախոսական, տերմինաբանական բառարան»-ը: Ա. Ղարիբյանի և Գ. Շեկյանի «Դպրոցական ուղղագրական բառարան»–ը, «Ամենաիմաստունները» հանրագիտական բառարաններն են, ուր հավաքված են լինում մեր կյանքի բոլոր բնագավառներին, կարևոր իրադարձություններին, բնությանը, պատմությանը, տեխնիկային, գիտությանը, գրականությանը, արվեստին վերաբերող բառեր։ Հանրագիտական բառարաններից ավելի «խելոք» են միայն համընդհանուր բազմահատոր հանրագիտարանները, որոնցում կարելի է մանրամասն իմանալ գրեթե ամեն ինչի մասին։ Այդպիսին են «Սովետական մեծ հանրագիտարան»–ը («Большая Советская Энциклопедия»), «Հայկական սովետական հանրագիտարան»–ը և այլն: Բառարաններում և տեղեկատուներում կուտակված են լինում բազմաթիվ սերունդների ավանդն ու գիտելիքները: Այդ գրքերը սովորեցնում են մեզ, խնայում մեր ժամանակն ու ուժերը, օգնում խույս տալու սխալներից այս կամ այն աշխատանքում: