Jump to content

Ինչ է, ով է/Բիլինաներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բիլինաներ
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Բիլինաներ

Բիլինաները ռուսական ժողովրդական ասք-երգեր են: Դեռ շատ վաղուց Ռուսիայում ձմռան երկար գիշերներին կամ վատ եղանակներին մարդիկ հավաքվում էին մի տեղ, ուռկան էին հյուսում, կարկատում ձկնորսական սարքերը, պատրաստում տնային զանազան իրեր, իսկ ասացողը ծոր տալով պատմում էր:

Դե լսեք ինձ, բարի մարդիկ,
Ասքն այս ճիշտ ու իմաստուն:

Առաջին բիլինաները հորինվել են դեռևս Կիևյան Ռուսիայում և երգվել ողջ երկրում։ Այդ բիլինաներն ամենից երկար, գրեթե մինչև մեր օրերը, պատմվում էին հյուսիսում` Սպիտակ ծովի, հյուսիսային գետերի ու լճերի ափերին ընկած գյուղերում ու ավաններում, այնտեղ, ուր

Մամուռ ու ճահիճ է Պոմորյան կողմում,
Քարեր ու կիրճեր Հյուսիսային կողմում,
Սլացիկ ու թավ են անտառները։

Ժողովուրդն առանձնապես շատ բիլինաներ է ստեղծել Ռուսիայի պաշտպան դյուցազունների մասին, որոնցից առաջինը գյուղացու որդի Իլյա Մուրոմեցն է` այրիների, որբերի ու խեղճերի հովանավորը։ Այս ռուս դյուցազնը մարմնավորում էր մարդու բոլոր լավագույն հատկությունները` խիզախություն, ազնվություն, հավատարմություն, անձնուրաց հայրենասիրություն: Բիլինաները պատմում են Իլյա Մուրոմեցի ահռելի ուժի, այս հիանալի դյուցազնի պայքարի մասին ընդդեմ Սոլովեյ Ռազբոյնիկի, թալանչի հրեշ Պոզանի, Կալին արքայի դեմ տարած հաղթանակի, ինչպես նաև` իշխան Վլադիմիրի հետ ունեցած վեճի մասին։ Իլյա Մուրոմեցի հետ դյուցազունների շարքում են նաև արդարամիտ ու խելացի Դոբրինյա Նիկիտիչը, հանդուգն ու կատակասեր Ալյոշա Պոպովիչը, որը «ոչ թե ուժով էր զորեղ, այլ պարծենկոտությամբ»։ Իսկ երբ դյուցազունները քաղաքում չեն լինում և Կիևին մոտենում է թշնամական անհաշիվ զորքը, նրա դեմ դուրս է գալիս տասներկուամյա Միխայլուշկո Դանիլովիչը՝ «ահեղ, բայց մանկական ձայնով դյուցազնը»։ Բիլինաների հերոսները մի քանի անգամ ուժեղ են սովորական մարդուց: Դյուցազնի նույնիսկ «մատակի պոչը փռվում էր, ծփում, բաշը ոլորվում, հյուսվում էր ասես...»։ Բիլինային մաճկալ Միկուլա Սելյանինովիչի «ուժից երկիրն է դողում»: Նրա արորը հողից հանելու համար «երեսուն ջահել կտրիճներ» են պետք: Դյուցազնական զարմանահրաշ ուժով օժտված մաճկալ Միկուլա Սելյանինովիչը մարմնավորում է ռուս աշխատավոր ժողովրդին: Հզոր դյուցազունները սարսափազդու ոսոխներ ունեն. Հրեշ Պոգանը, Սոլովեյ Ռազբոյնիկը, Տուգարին Զմեևիչը: Հանձին սրանց` ժողովուրդը ցույց է տվել ռուսական հողի թշնամիներին։ Բայց դյուցազունները միշտ հզոր են նրանցից և միշտ հաղթում են նրանց: Հրաշալի հերոսներին մենք հանդիպում ենք նաև հին կենցաղը պատկերող գեղեցիկ բիլինաներում: Ահա տավղահար Սադկոն նստած ժեռ քարին՝ ծովերի արքայի պահանջով այնպես է նվագում իր սոսի տավիղը, որ.

Վեր ելավ տեղից պարեց ծովարքան կապուտակ ծովում...

Բիլինաներում արտահայտված է ռուս ժողովրդի պայքարը զավթիչների դեմ և հավատը իր դյուցազնական ուժի հանդեպ:

Ռուս դյուցազունների և նրանց քաջագործությունների մասին դուք կարոդ եք կարդալ հետևյալ գրքում.

Թումանյան Հովհ., «Մուրոմցի Իլիան կռվում է Վլադիմիր իշխանի հետ», Ե., «Սովետական գրող», 1980։