Ինչ է, ով է/Բոր Նիլս
Բոր Նիլս
1943 թ. աշնանային մի մութ գիշեր Դանիայի ափերից գաղտնի հեռացավ փոքրիկ մի նավ։ Բարեհաջող անցնելով Էրեսուն նեղուցը՝ նավը խարիսխ նետեց Շվեդիայում։ Ափ իջան հիտլերականներից փախած երկու մարդ: Մի քանի ժամ անց փախստականներին ռմբակոծիչով ուղարկեցին ԱՄՆ: Ինքնաթիռում տեղ չկար, դրա համար էլ սկզբում վերցրին միայն ավագին և տեղավորեցին ռմբախցում: Ո՞վ էր այդ խորհրդավոր դանիացին: Ինչո՞ւ համաշխարհային պատերազմի այդ թեժ պահին այդքան ջանք, ժամանակ ու միջոցներ ծախսեցին նրան Դանիայից ԱՄՆ հասցնելու համար: Դա 20-րդ դարի մեծ գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորն էր: Իսկ ֆաշիստները հետապնդում էին նրան իրենց ձեռքը գցելու համար, որովհետև հույս ունեին նրա օգնությամբ ստեղծել ատոմային զենքը։
Կեսդարյա գիտական աշխատանքի ընթացքում Նիլս Բորը նյութի կառուցվածքի բազմաթիվ գաղտնիքներ բացահայտեց։ Նա առաջինը ստեղծեց ատոմի արդի մոդելը, բացատրեց, թե ինչպես է կառուցված ատոմը։ Դրա համար նրան շնորհեցին նոբելյան մրցանակ։
Երկար տարիներ Նիլս Բորը ղեկավարում էր Կոպենհագենի ֆիզիկական պրոբլեմների ինստիտուտը։ Ամբողջ աշխարհի ֆիզիկոսները հաշվի էին նստում նրա հեղինակության հետ։ «Ի՞նչ նոր բան է ասել Բորը», — հարցնում էին Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի լաբորատորիաներում։ Բորի մոտ գիտական խորհրդակցությունների՝ սեմինարների էին գալիս բոլոր երկրների անվանի ֆիզիկոսները։ Այնտեղ լինում էին նաև մեր սովետական գիտնականները։ Իսկ ինչպե՜ս էին ուզում այնտեղ լինել երիտասարդները։ Այդ սեմինարներում բանավիճում էին՝ հաշվի չառնելով ոչ տարիք, ոչ կոչումներ, որովհետև գիտական ճշմարտության առջև ամենքն էլ հավասար են։ Ինքը՝ Բորը կարող էր մի քանի օր վիճել ուզածդ երիտասարդ գիտնականի հետ։ Եվ երբեք համառորեն չէր պնդում իր տեսակետները, եթե որևէ մեկը համոզիչ կերպով հերքում էր դրանք։ Նա ասում էր, որ չի վախենում երիտասարդների առջև անգետ երևալ։ Գլխավորը ճշմարտությունն է և սիրած գիտության զարգացումը։
Շատ նոր բան է մուծել Նիլս Բորը ֆիզիկայի՝ ատոմի գաղտնիքների բացահայտման մեջ. Բայց նա հայտնի է նաև որպես խաղաղության, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման աննկուն մարտիկ. Պատերազմի ժամանակ նա հրաժարվեց մասնակցել ատոմային ռումբի ստեղծմանը։ Հետագայում էլ նա բոլոր երկրների կառավարություններին միշտ կոչ էր անում արգելել ատոմային զենքը։