Jump to content

Ինչ է, ով է/Բուժքույր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Բուժքույր

Մարտի թեժ պահն է: Պայթում են արկերը, երկինք են բարձրանում հողի հրեղեն լեռներ։ «Ուռա» բացականչություններով գրոհի են նետվում սովետական մարտիկները` պաշտպանելով հարազատ հողի յուրաքանչյուր մետրը: Գնդակից խոցված ընկնում է առաջին մարտիկը, երկրորդը: Մինչդեռ ընկերները պետք է առաջ գնան, թշնամուն դուրս քշեն հայրենիքի սահմաններից։ Իսկ կռվի դաշտում վիրավորներն այդպես, առանց օգնության, պառկած չեն մնում: Ռազմաճակատի բոլոր հատվածներում մարտիկների ետևից գնում են բժիշկները` բուժքույրերը, սանիտարները: Ահա տնքալով ընկավ վիրավոր ռազմիկը: Եվ անմիջապես սողեսող նրան է մոտենում բուժքույրը, կապում վիրավորի վերքերը, ջուր տալիս խմելու, հետո ճարպկորեն գրկում է զինվորին և իր ծանր բեռով, դարձյալ սողեսող, շարժվում դեպի դաշտային հիվանդանոց: Այստեղ վիրավորին ցույց են տալիս անհրաժեշտ բժշկական օգնությունը, մշակում վերքը, վիրահատում, գիպսակապ դնում: Այստեղ էլ բուժքույրը բժշկի առաջին օգնականն է: Քանի-քանի վտանգավոր երթ է կատարում բուժքույրը մեկ օրվա ընթացքում, քանի կյանք է փրկում: Իսկ որքան բարի, սփոփիչ խոսքեր է ասում ամեն մի վիրավորի։ Նա գիտե, որ բարությունն ու գթասրտությունը երբեմն ավելի լավ են օգնում, քան ցանկացած դեղ: Ժամանակ առ ժամանակ նա հերթապահում է նաև գիշերը։ Դաշտային հիվանդանոցի գիշերային այդպիսի հերթապահություններից մեկն է պատկերել պատերազմի մասնակից, սովետական նկարիչ Բ. Մ. Նեմենսկին։ Այդ և սովետական նկարիչների շատ այլ կտավներ հավերժացնում են հարյուր հազարավոր բուժքույրերի` Հայրենական մեծ պատերազմի հերոսական մասնակիցների սխրանքը։ Խաղաղ ժամանակներում էլ բուժքույրերը պետք է լինեն տոկուն ու անվախ: Վիրահատարանում շատ բարդ, ժամեր տևող վիրահատություն է կատարվում: Բժշկի կողքին մշտարթուն կանգնած է բուժքույրը։ Նա մատուցում է վիրաբուժական գործիքները, վիրակապելու նյութերը, որոնք ինքն էլ նախօրոք պատրաստում է: Հիվանդասենյակում տնքում է հիվանդը, նա շատ վատ է զգում, ջուր է ուզում, իսկ կողքին հարազատներից կամ ծանոթներից ոչ ոք չկա: Եվ նորից օգնության է հասնում բուժքույրը սփոփում է, ուղղում բարձը, ջուր տալիս, եթե պետք է, սրսկում, դեղ տալիս, կերակրում իր ձեռքով: Ձեզանից նա, ով հաճախել է մանկապարտեզ կամ էլ երբևէ դիմել պոլիկլինիկա, բուժվել հիվանդանոցում, լավ գիտե, որ բուժքույրը բժշկի հավատարիմ օգնականն է: Զուր չէ, որ հիվանդները երբեք նրան այլ կերպ չեն կոչում, քան «քույր», «քույրիկ»։ Այդ փաղաքշական բառն առաջին անգամ նման նշանակությամբ օգտագործվել է այն ժամանակ, երբ ծնունդ էր առնում բուժքրոջ մասնագիտությունը: Դա 1854–1855 թվականներին էր, Սևաստոպոլ քաղաքի հերոսական պաշտպանության ժամանակ Սևաստոպոլի հասարակ կանայք դուրս էին եկել կռվի դաշտ` օգնելու քաղաքի պաշտպաններին։ Նրանք զինվորների համար հաց ու ջուր էին բերում, կապում վերքերը, վիրավորներին հեռացնում մարտադաշտից։ Եվ զինվորներն իրենց կամավոր օգնականներին ու փրկիչներին փաղաքշորեն անվանում էին «քույր», «քույրիկ»... Առաջին ռուս բուժքրոջն անվանում էին Դաշա Սևաստոպոլսկայա: Նրա կերպարը հավերժացվել է նկարիչ Ֆ. Ա. Ռուբոյի «Սևաստոպոլի պաշտպանությունը» համայնապատկերում: Հաշվի առնելով կանանց «գթասիրտ մասնակցությունը» Սևաստոպոլի պաշտպանությանը` ռուս մեծ վիրաբույժ Ն. Ի. Պիրոգովը կառավարությանն առաջարկեց Պետերբուրգի բժշկավիրաբուժական ակադեմիային կից բացելու գթության քույրերի (այդպես էին 19-րդ դարում, Ն. Ի. Պիրոգովի ժամանակներում, անվանում բուժքույրերին) դասընթացներ: Այդպես սկսվեց բուժքույրերի մասնագիտական ուսուցումը։ Սովետական Միությունում բուժքույրերի ուսուցման համար ստեղծված են բժշկական ուսումնարաններ: