Jump to content

Ինչ է, ով է/Բույսերի արմատներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բույսերի արմատներ
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Բույսերի արմատներ

Սերմի սաղմում միաժամանակ գտնվում են թե՛ ապագա ցողունը, և թե՛ սաղմնային արմատիկը: Հետագայում նրանց ճանապարհները կբաժանվեն, ցողունը կձգվի վեր դեպի լույսը, արմատը կուղղվի ներքև` դեպի հողը, և բույսը կկապի հողին։ Բույսը հողում կանգուն պահելը կարևոր գործ է: Բայց արմատի հիմնական աշխատանքը հողից ջուր և «սնունդ»` հանքային աղեր, հայթայթելն է: Բոլոր ուղղություններով հողի մեջ խոր թափանցելու համար արմատները խիստ ճյուղավորվում են: Արմատի ճյուղավորվելու ունակությունը զարմանք է հարուցում. արմատը հարյուրավոր անգամ ավելի շատ է ճյուղավորվում, քան ցողունը: Աշորայի ամեն մի թուփ ամառվա ընթացքում առաջացնում է միլիոնավոր արմատներ և միլիարդավոր մանրագույն մազարմատներ: Եթե դրանք բոլորը միացնենք իրար, կստացվի 600 կմ երկարությամբ մի գիծ: Որքան ուժեղ է զարգացած արմատը, այնքան շատ ջուր և սննդանյութ է հայթայթում հողից, լավ սնուցում բույսը: Արմատի հզորությունը շատ կարևոր հատկանիշ է լավագույն բույսերի ընտրության ժամանակ, որով զբաղվում է նոր սորտեր ստեղծող գիտնական-սելեկցիոները։

Արմատը սննդանյութերը ոչ միայն որոնում ու հայթայթում է, այլև պահեստավորում, և յուրատեսակ ստորգետնյա քիմիական լաբորատորիա է: Ծխախոտի արմատներում, օրինակ, կուտակվում է նիկոտին, կոկսագիզի արմատներում առաջանում է կաուչուկ, գագարի արմատներում ընդերվում են շաքար ու կարմիր կարոտին, իսկ կարոտինից մարդու կամ կենդանու օրգանիզմում գոյանում է A վիտամին: Արմատը նաև դիսպետչեր է, այսինքն՝ նա է բաշխում սննդանյութերը, ապահովում ցողունի և տերևների աճը։

Տերևներն ու արմատները տարբեր խնդիրներ են կատարում, բայց նրանց աշխատանքը մեկ ամբողջություն է կազմում, հողից ջուր և աղեր կլանելու համար արմատը պետք է շնչի, բայց նա շնչել չի կարողանա, եթե չստանա տերևների պատրաստած շաքարը:

Մակաբույծ բույսերը, միջատների թրթուրները, վնասատու մանրէները արմա տի թշնամիներն են։ Բայց նա նաև օգնականներ ունի: Անխոնջ հողավար անձրեվորդերը հաճախ են նրա համար ճանապարհ բացում: Կան և անտեսանելի բարեկամներ, օրինակ, ընդավոր բույսերի արմատների վրա բնակվող պալարաբակտերիաները։ Սրանց շնորհիվ ընդավորներն ազոտ են ստանում ոչ միայն հողից, ինչպես մնացած բույսերը, այլև օդից.

Գյուղատնտեսական բույսերը մշակելիս մարդը փխրեցնում և պարարտացնում է հողը: Որքան լավ աշխատեն արմատները, այնքան առատ կլինի բերքը։