Ինչ է, ով է/Բուրատինո
Բուրատինո
Թե ո՞վ է Բուրատինոն, բոլորը գիտեն: Այն ուրախ, երկարաքիթ փայտե մարդուկն է, որին ծեր Կառլոն պատրաստեց մի սովորական փայտի կտորից: Այսպես եղավ. «Առաջին հերթին Կառլո հայրիկը փայտի վրա փորեց մազերը, հետո` ճակատը, հետո` աչքերը: Հանկարծ աչքերն իրենք իրենց բացվեցին և պլշեցին ուղիղ նրա վրա.. Կառլոն ցույց էլ չտվեց, թե վախեցավ և միայն քնքշանքով հարցրեց.
-Փայտե աչիկներ, այդ ինչո՞ւ եք այդպես տարօրինակ նայում ինձ: Բայց տիկնիկը լուռ էր, երևի նրա համար, որ դեռ բերան չուներ։ Կառլոն փայտի վրա այտեր փորեց, հետո քիթ, ամենասովորական մի քիթ: Հանկարծ քիթը սկսեց ձգվել, աճել և այնպիսի երկար ու սուր քիթ ստացվեց, որ Կառլոն նույնիսկ կռնչաց:
-Լավ չի, շատ է երկար:
Եվ սկսեց քթի ծայրը քերել, կտրել: Բայց ո՞ւր... Քիթը ծռմռվում էր, այս ու այն կողմ դառնում, այդպես էլ մնաց՝ երկար-երկար, հետաքրքրասեր ու սուր:
-Լսի՛ր,-խստորեն ասաց Կառլոն, քեզ դեռ չեմ պատրաստել-վերջացրել, իսկ դու արդեն սկսել ես անկարգություններ անել: Ի՞նչ կստացվի դրանից, հը...» Ինչպես տեսնում եք, Կառլո հայրիկը հենց նոր էր սկսել Բուրատինոյին պատրաստել, իսկ նա արդեն դրսևորում էր իր չարաճճի ու անհանգիստ բնավորությունը: Դուք, անշուշտ, արդեն փոքր չեք և շատ լավ եք հասկանում, որ կյանքում նման բան չի լինում։ Եվ իրոք, ո՞վ է տեսել, որ փայտե տիկնիկի քիթն ինքն իրեն երկարի և խույս տա դանակից: Այդ բոլորը կատակ է, հնարանք, ամենասովորական մի հեքիաթ: Հեքիաթ է, ճիշտ է, և այդ հեքիաթը գրել է խոսքի իսկական վարպետ, հրաշալի գրող Ալեքսեյ Նիկոլաևիչ Տոլստոյը: Սկզբում Ալեքսեյ Նիկոլաևիչը վճռել էր միայն ռուսերեն վերապատմել իտալացի գրող Կառլո Կոլլոդիի «Պինոքիո» հանրահայտ հեքիաթը: Եվ «Ոսկե բանալու» առաջին գլուխներն էլ գրեթե նույնությամբ կրկնում են Կոլլոդիի սյուժեն: Բայց հետո, թերևս հենց իր հեղինակի համար էլ անսպասելի, Բուրատինոն ձեռք բերեց բոլորովին այլ բնավորություն, քան Պինոքիոյինն էր: Փայտե մարդուկն սկսեց քմահաճություն դրսևորել, անսպասելի ծեծկռտուք սարքեց հենց իր` Կարաբաս Բարաբասի հետ, հեղինակին ներքաշելով նորանոր արկածների մեջ, որոնց մասին իտալական հեքիաթում խոսք անգամ չկար: Ա. Ն. Տոլստոյն, իհարկե, հեշտությամբ կարող էր «կարգի հրավիրել» իր անհնազանդ Բուրատինոյին, ինչպես ասում են, նրան իր տեղը նստեցնել: Դրա համար նա պետք է պարզապես դադարեր ինքնուրույն, տաղանդավոր արվեստագետ լինելուց և սահմանափակվեր ուրիշի գրածի պարզ վերապատմողի դերով։
Բարեբախտաբար, նա այդպես չվարվեց։ Դրա համար էլ նրա «Ոսկե բանալին» իտալական հին հեքիաթի պարզ փոխադրությունը չէ միայն։ Դա յուրօրինակ, ինքնատիպ, վառ գիրք է, ռուսերեն գրված մանկական ամենասիրելի գրքերից մեկը։ «Ոսկե բանալին» լույս է տեսել նաև հայերեն, և դուք կարող եք գրադարանից վերցնել այն ու կարդալ։