Jump to content

Ինչ է, ով է/Գագարին Յու. Ա.

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գագարին Յու. Ա.
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984

Գագարին Յուրի Ալեքսեևիչ

1961 թ ապրիլի 12-ին աշխարհով մեկ կայծակի նման տարածվեց ցնցող մի լուր. «Մարդը, սովետական մարդը, տիեզերքում է»: Իրականացավ դեպի աստղերը թռչելու մարդկանց դարավոր երազանքը։ Հեքիաթն իրողություն դարձրեց սմոլենսկցի երիտասարդ Յուրի Գագարինը, Սովետական Միության քաղաքացին։ Ողջ մոլորակը հիացած էր նրա սխրանքով: Գագարինի անունը միանգամից հայտնի դարձավ ողջ աշխարհին, բայց նա մնաց նույն համեստ ու բարի, ժպտադեմ ու հմայիչ մարդը: Տիեզերքի հերոս դարձավ իր կամքի, հաստատակամության և երազանքին հավատարիմ մնալու շնորհիվ։ Իսկ այդ երազանքը նա մանկուց էր փայփայում: Գարնանը, ձնհալից հետո երեխաներն օդապարուկ էին թռցնում։ Յուրան վազում էր օդապարուկի ետևից, երկինք նայելով, մտածում «Երանի՜, ես էլ թռչեի նրա հետ..»: Շուտով խաղաղ մանկություն ներխուժեց պատերազմը։ Յուրին ինքն էլ ապրեց նրա սարսափները։ Պատերազմից հետո սովորեց Մոսկվայի մոտ գտնվող արհեստագործական ուսումնարանում, ապա` Սարատովի ինդուստրիալ տեխնիկումում: Նա աերոակումբի անդամ էր, թռչում էր պարաշյուտով: Հետո ընդունվեց Օրենբուրգի ռազմաօդաչուական ուսումնարանը, որն ավարտելուն պես խնդրեց իրեն ուղարկել Հյուսիս։ Այնտեղ Գագարինը շատ էր թռչում, սովորում էր, իսկ ամբողջ ազատ ժամանակը կարդում։ Անցնում էին տարիները: երկրի արհեստական արբանյակներին հետևեց տիեզերական հրթիռը, որը լուսանկարեց Լուսնի հակառակ, չերևացող երեսը։ Թռիչքը դեպի անհայտություն մոտենում էր: «Տիեզերական» նախապատրաստությունը Յուրի Գագարինն սկսեց տիեզերագնացների առաջին խմբում, հաջողությամբ անցավ փորձությունը խլախցիկում, արագընթաց ցենտրիֆուգում, հաղթահարեց թռիչքներն անկշռության պայմաններում: Դեպի տիեզերք կատարվելիք թռիչքին նա պատրաստվում էր համառորեն` չխնայելով ո՛չ ջանք, ո՛չ ժամանակ։ Պատրաստակամորեն օգնում էր ընկերներին, ընկերներն էլ` նրան: Յուրաքանչյուրն այրվում էր առաջինը Տիեզերք թռչելու ցանկությամբ: Բայց ոչ ոք գրեթե չէր կասկածում, որ առաջինը կթռչի Յուրի Գագարինը։ Այդպես էլ եղավ: Պետական հանձնաժողովը նրան հանձնարարեց առաջին թռիչքը: Մենակ մնալով այդ աննախադեպ երթուղում` նա մտածում էր տիեզերական ուղեծրերի առաջին հայտնագործողի վիթխարի պատասխանատվության մասին։ Դա պատասխանատվություն էր երկրի վրա բնակվող բոլոր մարդկանց առջև: Բայց տիեզերքից հնչող նրա ձայնը հանգիստ էր. -Թռիչքը Նորմալ է ընթանում: Տեսնում եմ Երկրի հորիզոնը: Այնքան գեղեցիկ լուսապսակ է։ 108 րոպեում մեր մոլորակի շուրջը կատարելով մեկ լրիվ պտույտ` Գագարինի տիեզերանավը բարեհաջող վայրէջք կատարեց: Սկսվեց տիեզերական դարաշրջանը: Գագարինից հետո տիեզերք թռան ուրիշները։ Առաջին տիեզերագնացը ուրախանում էր իր ընկերների հաջողությամբ, երազում նոր թռիչքների մասին և պատրաստվում դրանց։ Սակայն ողբերգական մահը ընդհատեց Նրա կարճատև, վառ կյանքը: Բայց նրա թողած հետքը հավերժ կմնա թե՛ երկրի վրա և թե՛ Տիեզերքում։

Կարդացեք հետևյալ գրքերը. Նագիբին Յու., Փոքր պատմվածքներ մեծ կյանքի մասին, Ե., 1982 Гагарик Я. А. Вижу земля, «Дет. лит.», 1971