Ինչ է, ով է/Գազ
Գազ
Առօրյա կյանքում գազ ասելով ամենից հաճախ նկատի են ունենում մեթանը, որը կապույտ բոցով այրվում է խոհանոցի գազասալիկի այրիչում։ Այն ստանում են գազի ստորգետնյա հանքավայրերից, իսկ այդպիսի հանքավայրեր մեզ մոտ՝ Սովետական Միությունում շատ կան Սիբիրում և Միջին Ասիայում։ Վնասակար խառնուրդներից մաքրելուց հետո գազը խողովակաշարերով մատուցում են գործարաններին և բնակելի տներին։ Բացի դրանից, գազ է դուրս գալիս նավթի որոշ հորատանցքերից։ Գազ կարելի է ստանալ նաև այրվող հանածոները ածուխն ու թերթաքարերը հատուկ եղանակով մշակելու միջոցով։ Քիմիկոսները գազից ստանում են սինթետիկ թելեր՝ հագուստներ պատրաստելու, փաթեթանյութ՝ արագ փչացող սննդամթերքները պահելու համար և շատ այլ բաներ։
Բայց մեթանը չէ միայն, որ գազ է։ Գազ է նաև թթվածինը, որը մենք շնչում ենք։ Առանց թթվածնի մի լուցկի անգամ չէր այրվի։ Այն փչում են դոմենյան և մարտենյան վառարանների մեջ, որպեսզի մետաղներն ավելի արագ հալվեն։ Իսկ ածխաթթվական գազն, օրինակ, համ ու հոտ է տալիս «գազով ջրին», որը մենք բոլորս էլ, հավանաբար, խմել ենք։
Գազերը շատ են։ Օդն, օրինակ, մի քանի գազերի խառնուրդ է։ Բոլոր գազերի հիմնական հատկությունն այն է, որ զբաղեցնում են իրենց մատչելի ողջ տարածությունը։ Եթե շշի միջից պոմպով արտածծենք այնտեղ եղած օդի կեսը, ապա մնացած օդը հավասարաչափ կտարածվի շշով մեկ։
«Աշխատավոր» գազերը մարդուն մեծ օգուտ են բերում։ Սեղմած օդը Երկրի վրա աշխատում է ավտոմոբիլների անվադողերում, իսկ տիեզերքում բաքերից վառելանյութ է մղում դեպի հրթիռային շարժիչները։ Պնևմատիկ (օդի ճնշմամբ գործող) հատուկ սարքերում օդը կառավարում է տարբեր ավտոմատների փականները, բորբոքում կրակը դարբնոցում, հնչյուններ գորգում փողային նվագարաններից, ջրի հարթության վրայով սահեցնում առագաստանավերը... Զանազան գազերի խառնուրդները լույս են ճառագում ազդագրային խայտաբղետ խողովակներից, գազային լազերներում ծնվում են լույսի հզոր հոսքեր։ Քսենոն գազով են լցնում լուսանկարչական ապարատների լուսաբռնկիչ լամպերի անոթները։ Իսկ կրիպտոն գազը սովորական էլեկտրական լամպերի շիկացած թելը պահպանում է վաղաժամ այրվելուց, և լամպը երկար է ծառայում։