Jump to content

Ինչ է, ով է/Գավրոշ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Գավրոշ

Փարիզի աղմկոտ փողոցներով օրեր շարունակ թափառում է տասներկուամյա մի տղա։ Նրա հագին կանացի կարճ վերնաշապիկ է, չափից դուրս երկար տաբատ, իսկ փողպատի փոխարեն վզին պատռված թաշկինակ է կապել: Հաճախ էլ քաղցած է մնում։ Բայց նա՝ Գավրոշը, չի վհատվում, նրա շուրթերին միշտ մի ուրախ երգ կա և ուրիշներին օգնելու հնար էլ է գտնում. իր թաշկինակն օրինակ, տվեց մի աղքատ աղջկա, իսկ վերջին դրամով հաց գնեց մոլորված երեխաների համար: Սրանց նաև օթևան տվեց «իր տանը»՝ հրապարակում կանգնած փայտե հսկայական փղի փորում։

Բայց Գավրոշի կյանք ներխուժեցին փոթորկոտ ժամանակներ: Ֆրանսիայում հեղափոխություն բռնկեց: Բուրժուական կառավարությունը ապստամբած բանվորների, արհեստավորների, ուսանողների դեմ զորք հանեց:

Փողոցներում բարիկադներ են բարձրանում ցած գլորած ծառերից ու լապտերասյուներից, իրար գլխի դիզած սալաքարերից, տախտակներից ու ջարդոտած կահույքից։

Գավրոշն օգնում էր ապստամբներին: Երբ նրանց փամփուշտները վերջանում էին, Գավրոշը դուրս էր գալիս բարիկադների ետևից, իջնում սալարկուղուն և սպանված զինվորների պայուսակներից փամփուշտներ հավաքում: Գնդակների տարափի տակ վախ չիմանալով, նա երգում է իր ուրախ երգը և ծիծաղում կառավարության զինվորների երեսին:

Քթիցս արցունք է գալիս
Բյուժո բարեկամ,
Ժանդարմներըդ փոխ տուր ինձ,
Խրատեն նրան։
Շինելը կապտավուն,
Գլխարկին էլ մի հավ։
Մոտեցանք մեր ուղուն
Կեցցե ծուղրուղուն։

Բայց երգը կիսատ մնաց նրա շուրթերին: Նա ընկավ խոցված...

Գավրոշի և շատ վիշտ ու ցավ տեսած ուրիշ հասարակ մարդկանց մասին է պատմում ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի (1802-1885) «Թշվառներ» վեպը: Իսկ Գավրոշի մասին կարդացեք երեխաների համար լույս տեսած առանձին գրքույկը։ Հյուգոյի գրքերը՝ «Փարիզի աստվածամոր տաճարը», «Մարդ, որը ծիծաղում է», «Իննսուներեքը», կարդում և սիրում են, որովհետև դրանք պատմում և ազնիվ, բարի ու արդարամիտ մարդկանց մասին, հանուն մարդու ազատության և արժանապատվության մղվող պայքարի մասին։

Հյուգոն բարեկամական և նամակագրական կապեր է ունեցել մի շարք հայ մտավորականների հետ: Նրա «Թշվառներ» և «Փարիզի աստվածամոր տաճարը» վեպերը դեռևս նրա կենդանության օրոք թարգմանվել են հայերեն և ձոնվել հեղինակին: «Թշվառների» թարգմանիչ Գր. Չիլինկիրյանին հղած պատասխան նամակում Վ. Հյուգոն գրում է. «Ձեր հիանալի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում, այնտեղ տեսնում անցյալի խորհրդավոր նշույլի շողշողալը։

Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելս: Երախտագիտությամբ եմ ընդունում ձեր ազնիվ ձոնը և շնորհակալություն հայտնում»։

Կարող եք կարդալ հետևյալ գիրքը
Հյուգո Վ., Գավրոշ, Ե., «Հայպետհրատ», 1932: