Jump to content

Ինչ է, ով է/Գառնի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Գառնի

Գեղամա լեռների ճյուղերից մեկը ծունկ է տալիս Ազատ գետի աջ ափին և դառնում եռանկյունաձև բարձրիկ հրվանդան։

Հենց այդ հրվանդանի վրա է Գառնիի՝ 24 սյուներով հրաշակերտ տաճարը, որը հեթանոսական ժամանակներից մեզ հասած եզակի կառույցներից է Սովետական Միության տարածքում։

Բայց միշտ է կանգուն եղել այն։

Տաճարը կառուցվել է 77 թ և կանգուն մնացել շուրջ 1600 տարի Հայաստանի ամենաերկարակյաց այս շինությունը փլվել է 1679 թ. հունիսի 4-ի կործանարար երկրաշարժից. ժամանակի պատմիչ Զաքարիա Սարկավագի հավաստմամբ: Երկրաշարժի ցնցումն այնքան ուժեղ է եղել, որ մի քանի տոննա կշիռ ունեցող քարերը դյուրությամբ բեկվել են տաճարից, օդ բարձրացել փետուրի պես և թափվել մոտակա ձորը:

Դրանից հետո ճարտարապետական հնամենի կոթողը կիսավեր է մնացել մոտ 300 տարի: 1909—1911 թվականներին անվանի գիտնական Նիկողայոս Մառը տաճարի հիմքի մոտ է հավաքել ցիրուցան եղած կապտավուն որձաքարերը՝ հուսալով, որ մի օր կվերականգնվի հայոց այս գեղեցկաշեն կառույցը։ Սակայն հետագայում քանդակազարդ շատ խոյակներ ու սյուներ անհետացել են և նորոգող ճարտարապետները դրանց հետքերը որոնել են Գառնիից հեռու ընկած վայրերում: Գառնիի տաճարը վերականգնվել է ճարտարապետ Ա. Սահինյանի նախագծով և անմիջական ղեկավարությամբ 1969—1975 թվականներին:

Ենթադրվում է, որ սյունազարդ տաճարը նվիրված է եղել արևի հայոց աստված Միհրին։ 24 սյուները խորհրդանշել են օրվա 24 ժամերը:

Հետագայում տաճարը եղել է Հայոց Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովիդուխտի ամառանոցը՝ հովանոցը: Պատմիչներն այն կոչել են նաև Տրդատի թախտ կամ Տրդատի սարավույթ:

Տաճարի կողքին հնում եղել են պալատական շենքեր: Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որ պատրաստված է 15 գույնի բնական քարերից և պատկերում է ծով ու ծովային տեսարաններ: Այս խճանկարը հին Հայաստանի մոնումենտալ գեղանկարչության հրաշալի հուշարձաններից է։

Այո, հին է այս հոյակապ տաճարը, բայց նրանից ավելի հին է Գառնի անունը, որով կոչվել են նաև բարձրիկ հրվանդանի վրայի ամրոցն ու կողքի գյուղաքաղաքը: Պատմահայր Մովսես Խորենացին գրում է, որ այս բնակավայրը հիմնադրել է Հայկ նահապետի ծոռ Գեղամը, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի։

Այժմ իր նախկին տեսքն ստացած տաճարը Սովետական Հայաստանի տեսարժան վայրերից է: 1980 թվականից սկսած այստեղ անց են կացվում երգի ու պարի ամենամյա փառատոներ: Գառնիի հրաշալի տաճարն են այցելում արտասահմանյան տարբեր երկրներից Հայաստան ժամանած հազարավոր զբոսաշրջիկներ։