Jump to content

Ինչ է, ով է/Գեղանկարչություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Գեղանկարչություն

Եգիպտոսում գիտնականները գտել են գրեթե երկու հազար տարի առաջ ապրած մարդկանց դիմանկարներ։ Հին աշխարհի գեղանկարիչը նկարել է դրանք վառ գույնի ներկերով տախտակի վրա և այնքան հրաշալի, որ սևահեր, թխամորթ, ցոլուն աչքերով մարդիկ թվում են կենդանի կանգնած քո առջև:

Գեղանկարչությունը ներկերով նկարելու այն արվեստն է, երբ նկարչի պատկերածը հուզում է մեզ այնպես, ինչպես կհուզեր իրական կյանքում։ Նկարիչը գույների և գծերի զուգորդությամբ վերարտադրում է մարդկային դեմքի արտահայտությունն ու խաղերը, լույսի շողն ու ստվերը: Լավ նկարը միշտ էլ մեր մեջ որևէ տրամադրություն է առաջացնում՝ ուրախ, եթե գույները պայծառ ու տոնական են, թախծոտ, եթե նկարիչը պատմում է ինչ–որ տխուր բանի մասին և նրա վրձինը ներկապնակի վրա խառնում ու կտավին է հանձնում մուգ, մռայլ գույներ:

Գեղանկարիչն իր տեսած ամեն բանը չէ, որ անխտիր նկարում է: Նա ձգտում է մեր առջև բանալ կյանքի դյութիչ պատկերները, բարձրաբերձ լեռների վեհ գեղեցկությունը, փոթորկոտ ծովի ահարկու ուժը, ծաղիկների նրբին գույները, փորձում արտահայտել, նույնիսկ, մարդկային զգացմունքների ողջ խորությունը:

Ռուս գեղանկարիչ Ալեքսանդր Իվանովը մի այնպիսի հիասքանչ նկար ունի, որ այն համեմատում են երաժշտության և բանաստեղծության հետ: Այնինչ կտավի վրա յուղաներկով պատկերված է սոսկ քամուց օրորվող մեն մի ճյուղ: «Մի՞թե որևէ հետաքրքիր ու գեղեցիկ բան կա այս սովորական ճյուղի մեջ»,- հնարավոր է, որ մտածեք դուք։ «Նայեցեք, հապա,— ասում է նկարիչը,- տեսնո՞ւմ եք, որքան նրբագեղ ու սլացիկ են ոստերի գալարները, ինչ բազմերանգ են տերևները, արևի տակ ոսկեզօծ են, ստվերում՝ կապտականաչ, գրեթե սև»: Ճյուղը նկարված է այնպես թեթև, այնքան ներթափանցված լույսով ու ճախրասլաց, որ ակամա ինքդ քեզ հանդիմանում ես. «Այդ ինչպես է, որ առաջ չէի նկատում ծառերի գեղեցկությունը»։ Այդուհետև կսկսես նկատել ծաղիկների, քարերի ամպերի նրբերանգները, լույսի շողերն ու մութ, թավշե ստվերները Այդ ամենը տեսնել մեզ սովորեցրեց գեղանկարիչը:

Ահա Մարտիրոս Սարյանի «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում» կտավը: Ամենասովորական մի պատկեր է ասես, լերկ, ժայռոտ լեռների փեշին՝ նեղ հովտում ծվարած մի գյուղ, մի կտոր երկինք, մի քանի ծառ ու փոքր մի նախիր: Բայց տեսեք, ի՜նչ խրոխտ ու վեհ են ուս ուսի թիկնել լեռները, ի՜նչ երկնասլաց են դրանց ժայռեղեն կատարները, իսկ որքան մտերմիկ է ձորակում ծվարել գյուղը և որքա՜ն ջերմորեն փարվել տաք լեռան փեշին: Բնության ինչպիսի՛ վեհասքանչ պատկեր։ «Իսկ ինչո՞ւ է, այ, այն լեռը մանուշակագույն, գուցե կհարցնեք դուք, միթե այդպիսի լեռ լինում է»։ «Իսկ դուք ուշադիր նայե՞լ եք մեր Հայաստան աշխարհի լեռներին: Չե՞ք նկատել, հապա, թե ինչպես են նրանք անսպասելիորեն գունափոխվում վայրից վայր, եղանակից եղանակ, ժամեժամ, թե ինչպիսի անհավանական երանգներ են ստանում արևի ճառագայթների տակ»,– ասում է նկարիչը։ Իրոք որ, լեռներն այնքան դյութիչ են, այնքան լուսաշաղախ ու խորհրդավոր: Եվ դու լցվում ես գեղեցիկ մի հույզով, գեղեցկանում ես ինքդ:

Գեղանկարչության, ինչպես և արվեստի այլ բնագավառների սքանչելի ստեղծագործությունները սովորեցնում են մեզ ճիշտ կողմնորոշվել կյանքում, ներշնչում ուժ ու կորով, երևան հանում մարդկանց գեղեցկությունը, ազնվությունը, խելքը և հարկադրում ջերմորեն սիրել նրանց։

Նայեցեք Բ. Իոգանսոնի «Կոմունիստների հարցաքննությունը» նկարին։ Մենք չգիտենք, թե ինչ է եղել ու ինչ կկատարվի պատանու և աղջկա հետ, որոնց այժմ հարցաքննում են չարությամբ ու վախով համակված սպիտակգվարդիականները։ Բայց վստահ ենք՝ կոմունիստներն արիաբար կտանեն տանջանքները և իրենց ընկերներին չեն մատնի։ Այդ միտքը նկարիչը կարողացել է հաղորդել՝ ձեռքին ունենալով միայն վրձին ու ներկեր։ Գեղանկարչություն բառի փոխարեն հայերը երբեմն օգտագործել են նաև գունանկար, գունանկարչություն, գունագրություն, կենդանագիր, կենդանագրություն, երփնագիր բառերը: Հայկական գեղանկարչությունը սկզբնավորվել է շատ վաղուց։ Միջնադարում հայկական գեղանկարչությունը դրսևորվել է մանրանկարչությամբ: 4-րդ դարից առանձին թերթիկներով, իսկ 9-րդ դարից մատյաններով մեզ են հասել մանրանկարչության բազմաթիվ նմուշներ։

Գեղանկարը պետք է դիտել ուշադիր և համբերությամբ։ Երբ դուք սովորեք հասկանալ նրա ինքնատիպ լեզուն՝ գեղանկարչի ներկապնակի գաղտնիքները, շատ նկարներ կսիրեք և նրանց հերոսների հետ կմտերմանաք այնպես, ինչպես գրքերի հերոսների հետ:

Գեղանկարչության մասին դուք կարող եք կարդալ հետևյալ գրքերը
Каменева Е. О., Какого цвета радуга, М., «Дет. лит», 1971.
Туберовская О. М., В гостях у картин. Рассказы о живописи, Л., «Дет. лит.», 1973.