Jump to content

Ինչ է, ով է/Գիրք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գիրք

Ահա բացում եք գիրքը աչքերը սահեցնում տողերի ուղիղ շարանով: Անցնում է մի քանի ակնթարթ և դուք արդեն մարտի եք գնում Պավել Կորչագինի հետ կամ էլ երեք հրացանակիրների հետ գլխովին նետվում հրապուրիչ արկածների մեջ։ Գիրքը ձեզ առաջնորդում է թե՛ դեպի տիեզերքի անհունը, թե՛ ծովի անդունդը և թե՛ ատոմի խորքը:

Գիրքն արդեն մի քանի հազար տարեկան է և այդ ընթացքում տարբեր կերպարանք է հագել։ Բաբելոնացիները ասորեստանցիները և ուրիշ հին ժողովուրդներ գրքերը պատրաստում էին կավից՝ սուր ձողիկով հատուկ նշաններ դրոշմելով փափուկ կավե սալիկների վրա։ Ապա այդ սալիկները չորացնում կամ թրծում էին։ Սալիկներից գրքեր էին կազմում, իսկ հետո էլ, նույնիսկ, ստեղծում ամբողջ գրադարաններ։ Աշուրբանիպալ թագավորին (մեր թվականությունից առաջ 7-րդ դար) պատկանող այդպիսի մի գրադարան է հայտնաբերվել Ասորեստանի հնագույն պետության մայրաքաղաքի տեղում հարյուր տարի առաջ պեղումներ կատարելիս:

Իսկ Չինաստանում առաջին գրքերը գրում էին հնդկեղեգից (բամբուկից) պատրաստված շերտիկներին և դրանք շարում ամուր թելի վրա: Ավելի ուշ չինացիներն իրենց գրքերը գրում էին մետաքսի, իսկ մեր թվականության 2-րդ դարից սկսած թղթի վրա վրձնով ու սևաներկով (տուշով):

Հին Եգիպտոսում գրքերի բովանդակությունը փորագրում էին քարե սալիկների վրա։ Այնուհետև հայտնագործեցին պապիրուսը։ Եղեգի մամլած շերտիկներն իրար սոսնձելով պատրաստում էին մի քանի տասնյակ մետր երկարությամբ ժապավեններ: Այդ ժապավենները գլանաձև փաթաթում էին և այդպես պահում։ Եգիպտական պապիրուսը, իբրև գրելու ամենալավ յյութ, օգտագործում էին նաև Հունաստանում և Հռոմում գրեթե 2 հզ տարի։ Հին աշխարհում ամենամեծ գրադարանը գտնվում էր Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Այն համարել են «աշխարհի ութերորդ հրաշալիքը»։ Ալեքսանդրիայում ուսանելու տարիներին այդ գրադարանից օգտվել են Մեսրոպ Մաշտոցի աշակերտները, այդ թվում՝ Մովսես Խորենացին:

Մեր թվականությունից առաջ 2-րդ դարում Պերգամոնի թագավորության վարպետները կենդանիների կաշվից պատրաստեցին գրելու նոր նյութ պերգամենտը, որ հայերեն կոչվում է մագաղաթ: Պապիրուսն ու մագաղաթը շատ թանկ էին, դրա համար էլ Հին Հունաստանում սևագրություններն ու նամակները մոմոապատ տախտակի վրա սրածայր փայտիկով։ Միջնադարում գրքերը ձեռագիր էին, գրում էին մագաղաթե թերթերի վրա: Որպեսզի թերթերը չծռմռվեին, մագաղաթները կարում էին միմյանց և ամփոփում կաշեպատ կամ լաթապատ փայտե կազմով։ Ստացվում էր մատյան։ Այդպես առաջացավ գրքի այն ձևը, որը մեզ համար այժմ սովորական է՝ 10-11 դարերից սկսած: Եվրոպայում գրելու հիմնական նյութը դարձավ թուղթը, որի պատրաստման եղանակը հայտնաբերվել էր Չինաստանում, դեռևս 1—2-րդ դարերում Հայաստանում թուղթը որպես գրելու նյութ սկսել են գործածել 8–9-րդ դարերից։

Մանրանկարներով զարդարված ձեռագիր գրքերը շատ թանկ էին: Վերջապես, 15-րդ դարում կատարվեց տպագրության գյուտը:

Հայերեն առաջին գրքերը եղել են ձեռագիր մատյաններ, որոնք ստեղծվել են 5-րդ դարում, հայ գրերի գյուտից հետո: Մեզ հասած հնագույն ձեռագիր մատյանը 7-րդ դարում ստեղծված «Վեհամոր ավետարանն» է։ Նույնիսկ տպագրության գյուտից հետո էլ հայերեն ձեռագիր գրքերի ստեղծումը շարունակվեց մինչև 18-րդ դարի վերջը: Ձեռագիր գիրքը կամ մատյանը գրվում էր մեկ օրինակ, մագաղաթի թերթերի վրա, ապա բազմացվում ընդօրինակմամբ։ Ընդօրինակողը կոչվում էր գրիչ։ Հայաստանում (Անի, Վաղարշապատ, Հաղպատ, Սանահին, Տաթև, Գլաձոր, Վան, Աղթամար, Կարին, Բաղեշ), Կիլիկիայում և հայ գաղթավայրերում (Լվով, Կաֆա, Վենետիկ և այլն) կային գրչության կենտրոններ՝ դպրոցներ, ուր ստեղծվում և ընդօրինակվում էին հայերեն ձեռագիր գրքեր։ Երբ գրիչն ավարտում էր երկի ընդօրինակումը, գրված էջերը հանձնվում էին զարդանկարչին, որը կոչվում էր ծաղկող: Նա մագաղաթների էջերի լուսանցքներում նկարում էր ձեռագրի բովանդակության այս կամ այն դրվագն արտահայտող պատկերներ, հաճախ էլ տարբեր բնույթի այլ նկարներ, խորաններ, զարդեր։ 13–14-րդ դարերի ձեռագիր մատյանների էջերում են ստեղծվել հայկական մանրանկարչության գլուխգործոցները: Գրված ու ծաղկեցված մագաղաթի թերթերն այնուհետև անցնում էին կազմարարի ձեռքը, որը դրանք կարում էր, կազմում, և այդպես ձեռագիրը գրքի կերպարանք էր ստանում: Տարբեր դարերից մեզ է հասել շուրջ 25 հզ. հայերեն ձեռագիր գիրք: Տասնյակ հազարներ էլ կորստյան և ոչնչացման են մատնվել օտար նվաճողների ձեռքով: Օրինակ՝ 1170 թ. սելջուկյան արշավանքների ժամանակ, Սյունիքի Բաղաբերդ ամրոցում ավարի է մատնվել շուրջ 10000 ձեռագիր գիրք: Հայերեն առաջին տպագիր գիրքը, որ կոչվում է «Ուրբաթագիրք», լույս է տեսել Վենետիկում (Իտալիա), 1512 թ. Հակոբ Մեղապարտի ջանքերով։ Ներկայումս աշխարհի տարբեր վայրերում լույս են տեսնում հարյուրավոր հայերեն գրքեր։ Հայկական ՍՍՀ-ում տարեկան տպագրվում է մոտ 1000 անուն գիրք։ Կատարելագործվել է նաև գրքերի ձևավորման, նկարազարդման արվեստը: Հայկական ՍՍՀ-ում ձեռագիր ու հնատիպ (այսինքն մինչև 1800 թ․ լույս տեսած) հայերեն գրքերի ամենամեծ գրապահոցը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանն է, ուր պահվում են նաև այլ լեզուներով ստեղծված բազմաթիվ ձեռագրեր:

Աշխարհի ամենամեծ գրադարաններից մեկում՝ Մոսկվայի Վ․ Ի․ Լենինի անվան ՍՍՀՄ պետական գրադարանում, պահպանվում են միլիոնավոր գրքեր: Ամենաարժեքավորները հավաքված են հազվագյուտ գրքերի բաժնում։ Առանձնահատուկ խնամքով են պահպանվում առաջին տպագիր՝ տպագրության «խանձարուրային շըրջանի» գրքերը՝ ինկունաբուլաները (լատիներեն «ինկունաբուլա» բառից, որ նշանակում է «խանձարուր»): Դրանք մինչև 1501 թ․ հունվարի 1-ը տպագրված գրքերն են։ Այս գրադարանում պահպանվող որոշ հազվագյուտ գրքեր ավելի քան մեկուկես մետր բարձրությամբ հսկայական հատորներ են: Դրանք մի մարդը հազիվ թե բարձրացնի։ Կան փոքր գրքեր, որոնցից մի քանիսը լուցկու տուփից մեծ չեն, կան նաև այնպիսիները, որոնք փոստային դրոշմանիշի չափ են:

Հայկական ՍՍՀ Ալ․ Մյասնիկյանի անվան պետական գրադարանը հայ գրքի ամենախոշոր պահոցն է աշխարհում։ Այնտեղ նույնպես պահվում են միլիոնավոր գրքեր ու պարբերականներ։ Հատուկ հոգատարությամբ են պահպանվում 1512–1800 թվականներին լույս տեսած հայերեն գրքերը, որոնք գտնվում են անձեռնմխելի և հնատիպ գրքերի բաժնում:

Լենինի անվան, ինչպես և Ալ․ Մյասնիկյանի անվան գրադարաններում պահվում են նաև մետաքսի, մետաղե բարակ թիթեղների, կաշվի վրա տպագրված գրքեր։

Բայց բոլոր գրքերից մարդկության համար առանձնապես թանկ են գիրք-մարտիկները։ Դրանց հեղինակներն իրենց կյանքով են հատուցել այդ համարձակ ու ճշմարտացի գրքերը գրելու համար, գրքեր, որոնք պայքարի են կոչում անարդարության, ճնշողների դեմ, մարդկանց ճշմարտությունը պատմում Երկրի վրա կյանքի ծագման, Երկրի և այլ մոլորակների կառուցվածքի մասին։ Դրանցից շատ քչերն են հասել մինչև մեր օրերը, որովհետև ինկվիզիցիան դաժան դատաստան էր տեսնում ոչ միայն նրանց հեղինակների, այլև հենց գրքերի հետ։ Այդպես, խարույկի վրա այրեցին նշանավոր գիտնական Ջորդանո Բրունոյին և նրա ստեղծագործությունները։

ՍՍՀՄ-ում շատ են սիրում և գնահատում գիրքը։ ՍՍՀՄ-ում ամեն տարի ավելի շատ գիրք է հրատարակվում, քան աշխարհի որևէ այլ երկրում։

Բարեկամացեք գրքի հետ, նա ձեր առջև կբացի գիտելիքների բոլոր գանձերը։ Մաքսիմ Գորկու խոսքերով ասած գիրքը «... մարդկության ստեղծած բոլոր հրաշքներից ամենամեծն է...»։

«Օ, գրքերի աշխարհը - տիեզերք է անեզր»,- այսպես է արտահայտվել գրքերի մասին հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը: