Jump to content

Ինչ է, ով է/Գլխուղեղ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Գլխուղեղ

Դուք նայում եք ձեր շուրջն ու տեսնում առարկաներ, մարդիկ: Դուք կարդում եք, գրում: Ենթարկվելով սեփական ցանկությանը` բացում եք գրապահարանն ու գիրք հանում կամ գնդակն այնպես եք նետում, որ հասնի ուղիղ նպատակակետին: Եվ այդ բոլորն անում եք այնպես, ինչպես մտածել էիք։ Առանց դժվարության մտաբերում եք, թե որտեղ եք եղել երեկ կամ էլ պատկերացնում եք այն կենդանաբանական այգին, ուր այցելել էիք անցյալ ամռանը: Դուք վարժություն կամ խնդիր եք վճռում: Այս ամենը ձեզ համար սովորական և դյուրին գործ է: Բայց երբևէ մտածե՞լ եք, արդյոք, թե ինչպես է, որ մենք ընկալում ենք շրջապատը: Ինչպես է, որ հիշում ենք, մտածում։ Ինչպես ենք կարողանում ղեկավարել մեր շարժումները։ Մարմնի ո՞ր օրգանն է կատարում այդ ամբողջ աշխատանքը: Այդ ամենը կառավարում է մեր գլխուղեղը` մարմնի կարևորագույն օրգանը: Կենդանիների գլխուղեղը փոքր է: Ձկներինը երբեմն ցորենահատիկի չափ է լինում: Կատուների, շների, կապիկների գլխուղեղը շատ ավելի մեծ է: Մարդու գլխուղեղը մի մեծ և բարդ «ապարատ» է, որը մեզ հնարավորություն է ընձեռում ընկալելու շրջապատող աշխարհը, շարժումներ կատարելու, հիշողության մեջ պահելու այն ամենը, ինչ մենք տեսել և արել ենք։ Այն կառավարում է մարդու խոսքը, մարդու միտքը: Մարդու գլխուղեղը կազմված է հսկայաթիվ նյարդային բջիջներից: Գլխուղեղն ամփոփող գորշ նյութի շերտում միայն կա 14 միլիարդ այդպիսի բջիջ: Նյարդային ամեն մի բջիջ ընկալում է մարդուն հասնող ազդանշանները։ Բջիջների ների մի մասն ընկալում է տեսողական ազդանշանները, մյուսները` ձայնը, երկրորդները` հպումները մաշկին։ Կան հատուկ բջիջներ, որոնք «հրամաններ են տալիս» ձեռքերին ու ոտքերին: Նրանք տեղավորված են գլխուղեղի կեղևի առջևի բաժիններում: Կակաչի սերմում կտեղավորվի մի քանի տասնյակ հազար այդպիսի բջիջ: Նյարդային բջիջներն ունեն փոքրիկ ելուստներ, որոնցից դուրս են գալիս սարդոստայնի թելիկների նման նուրբ նյարդաթելեր: Սրանց մի մասը նյարդային բջջին տեղեկություններ է բերում աչքերից, ականջներից, ոտքերից, ձեռքերից: Մյուսները գլխուղեղի հրամանները հասցընում են մկաններին։ Բոլոր նյարդային բջիջների աշխատանքը սերտորեն կապված է, այնպես որ մի բջջում ծագած գրգիռն ամենանուրբ փոքրիկ «սարքերի»` սինապսների, միջոցով հաղորդվում է մյուսներին: Այդպիսի ամեն մի «սարք» հատուկ քիմիական նյութեր արտադրող բարդ ֆաբրիկա է, իսկ այդ նյութերը հնարավորություն են տալիս գրգիռը մի նյարդային բջջից հաղորդելու մյուսին: Մարդու գլխուղեղում կան ոչ միայն այնպիսի նյարդային բջիջներ, որոնք ընդունում են մարմնի տարբեր օրգաններից եկող ազդանշաններն ու առաջ բերում այդ օրգանների շարժումը, այլև այնպիսիները, որոնք տարբեր տեսակի բջիջները կապում են միմյանց: Դրանք առանձնապես շատ են և նման են մանրագույն աստղիկների: Այդ բջիջներն ապահովում են ամբողջ գլխուղեղի ներդաշնակ աշխատանքը: Նրանց շնորհիվ է, որ մարդն ընդունակ է մտածելու և զգալու: Գլխուղեղի բոլոր բջիջները խիստ հստակ են դասավորված: Մեր զգայարաններից եկող գրգիռներն ընդունող բջիջների վրա կառուցված են այն բջիջները, որոնք այդ հաղորդումները մշակում են, միավորում, դասավորում բարդ պատկերներով։ Գլխուղեղի խորքում եղած բջիջների կուտակն անվանում են գլխուղեղի բուն: Այդ բջիջները գլխուղեղը լիցքավորում են էներգիայով, ապահովում նրա արթուն վիճակը: Երբ գլխուղեղի այդ բաժինները դադարում են աշխատել, մարդը քնում է: Գլխուղեղի ետին բաժինները` ծոծրակային, քունքային և գագաթնային մասերը, շատ բարդ «սարքեր» են։ Դրանց օգնությամբ մարդն ազդանշաններ է ստանում արտաքին աշխարհից, վերամշակում դրանք և պահպանում դրանց հետքերը: Գլխուղեղի առջևի բաժինները (ճակատային մասերը) կազմակերպում են մարդու բոլոր շարժումներն ու գործողությունները, նրան հնարավորություն տալիս իրականացնելու իր մտահղացումները, չշեղվելու, ուշադիր լինելու աշխատանքում: Մարդու գլխուղեղը բաժանված է երկու մեծ մասերի` ձախ և աջ կիսագնդերի։ Արտաքինից նրանք միանման են, բայց տարբեր աշխատանքներ են կատարում։ Մարդկանց մեծ մասի համար ավելի կարևոր է ձախ կիսագունդը: Եթե ձախ կիսագնդի աշխատանքը խախտվի, մարդը չի կարողանա ոչ խոսել, ոչ էլ հասկանալ ուրիշի խոսքը։ Մարդու գլխուղեղն աշխարհում գոյություն ունեցող «ապարատներից» ամենաբարդն է ու ամենակատարյալը: Գիտնականները բացահայտել են նրա բազմաթիվ գաղտնիքներ: Բայց մարդկային ուղեղի կառուցվածքի և աշխատանքի շատ առեղծվածներ էլ դեռ սպասում են իրենց հետազոտողներին: