Ինչ է, ով է/Գորգ
Գորգ
Ավելի քան յոթ դար առաջ Ասիայի ճանապարհներով անցնում էր իտալացի հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն։ Նա այն խիզախներից էր, որին վիճակված էր ցրել Արևմուտքի և Արևելքի միջև եղած անհայտության մշուշը։ Պոլոն եղավ Հայաստանում և հետո իր ուղեգրություններում չմոռացավ հիշատակել Փոքր Ասիայի քաղաքներում ապրող հայերի մասին, «...որոնք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»: Ճիշտ է, դեռ նրանից դարեր առաջ արաբ աշխարհագիրներն ու ճանապարհորդները հիացած գովում էին հայկական բարձրարժեք գորգերը, բայց Եվրոպան դրանց հետ մոտիկից ծանոթացավ միայն 13-րդ դարից սկսած։ Այդ ծանոթությունը հետաքրքրական հետևանքներ ունեցավ։ 15—16-րդ դարերի եվրոպական նկարիչների կտավներում հանդիպում են հայկական գորգերի պատկերներ։ Դրանց մի փոքր մասը պահպանվել է աշխարհի տարբեր թանգարաններում։ Մինչև 20-րդ դարի սկիզբը բազմաթիվ զարդամոտիվներ շարունակ ընդօրինակել են ժողովրդական վարպետները։ Եվ այժմ հայկական գորգերի այդ շրջանի պատմությունն ուսումնասիրվում է իտալական, հոլանդական, գերմանական ականավոր նկարիչների կտավների շնորհիվ։
Գորգը բազմագույն զարդանկարներով, խավածածկ կամ առանց խավի ուղղանկյուն գեղարվեստական գործվածք է։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, վարագույր բնակարանը տաքացնելու, զարդարելու, ինչպես և ձայնակլանման միջոց։ Գորգերը հիմնականում գործում են թելերից, լինում են նաև ասեղնագործ և գույնզգույն կտորներից կարված։
Հայկական գորգերը մեծ համբավ ունեն։ Հայաստանը խավավոր գորգի, ինչպես նաև կապերտի (կարպետի) ստեղծման կենտրոններից է։ Կարպետ բառը հայերենից անցել է եվրոպական շատ լեզուների լատիներենին, անգլերենին, սերբերենին և այլն։ Գորգերը հավերժ երիտասարդ են իրենց մի զարմանալի հատկությամբ մեկ անգամ ստեղծվելով՝ նրանց զարդանկարները չեն մոռացվում, այլ շարունակ ընդօրինակվելով փոխանցվում են սերընդից սերունդ։ Հայկական զարդամոտիվներն արտահայտում են ժողովրդական հնագույն պատկերացումներ։ Ուշադիր ուսումնասիրելիս դիտողի համար բացվում է զարդերի լեզվով պատմվող հայկական առասպելների, հեքիաթների աշխարհը։ Ահա «վիշապագորգերն» իրենց վրա պատկերված գալարագեղ վիշապներով, սրանց զայրույթը մեղմելու համար զոհաբերված խոյերի մորթիներով, կայծակներով, ինչպես նաև այդ չար ուժերը զսպելու ելած ցուլերի, արծիվների, առյուծների պատկերներով։ Կենաց ծառերի, ականթատերևների, արմավենյակների ու վարսանդների գունագեղ, բազմապիսի պատկերումները հավաստում են կյանքի, արգասաբերության գաղափարը։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 13 – 17-րդ դարերում գործված վիշապագորգերում առասպելական կենդանիների տեսքով արտահայտվել են հայկական հեթանոսական հավատալիքների վերապրուկները՝ կապված Վահագնի, Աստղիկի, Անահիտի, Արամազդի, Միհրի և այլ աստվածների պաշտամունքի հետ։
Հայկական գորգերը նշանավոր են եղել նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ, որոնք ստացվել են բնական միջոցներով տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից, ծաղիկներից։ Հայտնի են եղել իրենց ամենաարժեքավոր գունանյութի՝ որդան կարմիրի շնորհիվ։
Հայաստանի ամեն մի շրջանին, անգամ առանձին գյուղերին, բնորոշ են սեփական զարդանկարները։ Դրանք ավելի հաճախ իրար հետ կապված են իմաստով, կան արվեստին բնորոշ ներդաշնակ գունային անցումներով։ Հայաստանի տարբեր նահանգների Այրարատի, Սյունիքի, Արցախի, Ուտիքի, Գուգարքի, Շիրակի, Տարոնի, Բարձր Հայքի և Վասպուրականի գորգերը հստակորեն տարբերվում են իրենց յուրօրինակության շնորհիվ։
Սովետական Հայաստանի գորգագործները, որ ժառանգել են հին ավանդույթները, այսօր էլ ամբողջ աշխարհին հայտնի են իրենց բարձր վարպետությամբ։ Թե ինչպիսին են այդ, ասես անձեռակերտ գորգերը, կարող եք տեսնել Հայաստանի տարբեր թանգարաններում, որտեղ անցալում ստեղծված լավագույն ցուցանմուշների կողքին կան նաև նորերը որոնք ցուցադրում են ժամանակակից գորգագործուհիների մատների բարդ ու նուրբ աշխատանքը։
Խավոտ և թաղիքե ամենավաղ գորգերը հայտնաբերվել են ՍՍՀԱ-ի տարածքում: Արևելքի գորգերից առավել հռչակված են իրանական, թուրքմենական, ադրբեջանական գորգերը։
Գորգերը գործվում են ձեռքով և մեքենաներով: Իջևանում կա գորգագործական խոշոր կոմբինատ, որն ամենամեծն է Անդրկովկասում և երրորդը ՍՍՀԱ-ում: Մեքենայական գորգագործությունը ավելի արտադրողական է, սակայն կատարման որակով և զարդանկարի բարդությամբ ձեռագործ գորգերն անգերազանցելի են։