Ինչ է, ով է/Գունդ
Գունդ
Ձեզ անշուշտ, լավ ծանոթ է կլորիկ ու ողորկ գունդը։ Թե ձեռքիցդ բաց թողնես, կգլորվի կգնա: Գնդի ձև ունեն շատ մարմիններ ու առարկաներ, որսորդական հրացանի փոքրիկ կլոր կոտորակներն ու հսկա գնդաձև աստղերը, քաղցր ձմերուկներն ու գույնզգույն փուչիկները, ապակե լուսամփոփների անդորր սփռող գնդերը և անդորրը խախտող թնդանոթային ռումբերն ու ծովային ականները։ Քիչ խաղեր կան, որ առանց գնդերի են խաղում: Գնդեր են վոլեյբոլի, ֆուտբոլի ու բասկետբոլի, մեծ սեղանի թենիսի, թենիսի, բիլիարդի փոքր գնդակները: Միլիոնավոր մեծ ու փոքր մետաղե գնդիկներ են աշխատում գնդիկավոր առանցքակալներում։ Նավթի ու այլ հեղուկների հսկայական պահեստարաններ (ռեզեր վուարներ) կառուցելիս ամենաքիչ քանակությամբ մետաղ է ծախսվում, եթե դրանք պատրաստում են գնդի ձևով: Գնդաձև էր նաև Երկրի սովետական առաջին արբանյակը։ Գնդի կենտրոնում մի շատ հետաքրքիր կետ կա, որը հենց այդպես էլ անվանում են` «գնդի կենտրոն»։ Եթե կենտրոնից ուղիղ գծով ճանապարհորդության դուրս գանք, ապա, որ ուղղությամբ էլ շարժվենք, գնդի կենտրոնից մինչև նրա մակերևույթը եղած հեռավորությունը միշտ նույնը կլինի: Այդ հեռավորությունն անվանում են գնդի շառավիղ: Թոքրիկ կոտորակների շառավիղը նույնպես փոքրիկ է, իսկ վիթխարի Լուսնի շառավիղը 1737 կմ է: Հակադիր ուղղված, բայց նույն ուղղի վրա գտնվող երկու շառավիղներ կազմում են գնդի տրամագիծը, որը միշտ երկու անգամ երկար է շառավղից։ Փորձեք ինքներդ չափել գնդակի տրամագիծը: Տրամագիծը գտնելուց հետո հեշտ է որոշել նաև շառավիղը, այն հավասար է տրամագծի կեսին: Որ մասում էլ գունդը կտրենք ու բաժանենք երկու մասի հատույթն անպայման շրջանի տեսք կունենա։ Կտրեք ձմերուկը և ինքներդ կհամոզվեք, որ դա ճիշտ է: Ամենամեծ շրջանը կստացվի, եթե գունդը կտրենք նրա կենտրոնով։ Այդ շրջանն ունի նույն շառավիղը, ինչ և գունդը: Եթե մենք ունենայինք գնդի մեծ շրջանի չափերով գործվածքի չորս կտոր, ապա կկարողանայինք գնդի համար «հագուստ» կարել, գնդաձև մի պատյան: Ճիշտ է, դերձակը պետք է շատ հմուտ լիներ և հագուստն այնպես ձևեր, որ գործվածքի ոչ մի ծեղ զուր չկորչեր, հիշեցեք, որ գնդի մակերևույթի մակերեսը ուղիղ չորս անգամ մեծ է նրա մեծ շրջանի մակերեսից։ Հիշեցեք նաև, որ եթե 10 սմ շառավիղ ունեցող վոլեյբոլի գնդակի պատյանի մեջ լիքը ջուր լցնենք, ապա այդ ջրի քանակությունը կկազմի 4 լիտրից քիչ ավելի։ Բավական է գնդի շառավիղը մեծացնենք երկու անգամ և այնտեղ կտեղավորվի արդեն 8 անգամ ավելի հեղուկ: Իսկ ի՞նչ եք կարծում, որքան ջուր կարելի է լցնել 30 սմ տրամագիծ ունեցող գնդի մեջ։ Պարզվում է, որ այն 27 անգամ ավելի շատ ջուր է տեղավորում, քան մեր վոլեյբոլի գնդակի պատյանը: