Jump to content

Ինչ է, ով է/Դահուկներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Դահուկներ
«Ինչ է, ով է» մանկական հանրագիտարան
1984
Դահուկներ

Ընկերներին հղած նամակներից մեկում Վլադիմիր Իլյիչ Լենինը հարցնում էր «... իսկ դահուկներով զբոսնու՞մ եք։ Անպատճառ զբոսնեցեք։ Սովորեցեք ձեռք բերեք դահուկներ և սլացեք լեռները անպայման։ Ձմեռը լեռներում լավ է։ Սքանչելի՜ է...»։

Ով բարեկամանում է դահուկների հետ, գիտե թե ինչպիսի մեծ հաճույք է ձյունապատ լանջերով սլանալը կամ դահուկաղուրով անցնելն ու ձյունապատ անտառով հիանալը, կամ էլ դաշտի միջով արևի շոյող ճառագայթներին ընդառաջ վազելը։ Եթե մտնեք մարզական խանութ, այնտեղ կտեսնեք բազմաթիվ ու բազմազան դահուկներ` նեղ ու լայն, ծանր ու թեթև: Ամենափոքրերը մանուկների համար են, իսկ դպրոցականները պետք է ընտրեն տուրիստական կամ էլ մարզական դահուկներ։

Մրցարշավային դահուկներով հանդես են գալիս առաջնակարգ մարզիկ դահուկորդները։ Մրցարշավներն անց են կացվում լավ հարթեցված 3-ից մինչև 70 կմ մրցատարածությամբ դահուկաղուրում:

Սովետական դահուկորդները մեծ հաջողությունների են հասել, բազմիցս շահել աշխարհի առաջնությունը։ Իսկ 1956-1984 թվականների ձմեռային օլիմպիական խաղերում նրանք nվաճել են 59 մեդալ, որից 22-ը` ոսկե։

Առանձնահատուկ են լեռնադահուկային սպորտի դահուկները, երեսպատված են գույնզգույն պլաստիկ նյութերով, ունեն մետաղե եզրակ, փայլուն փականքներ ու դահուկակապի զսպանակներ. Այդպիսի դահուկները nախատեսված են սլալոմի (այս բառը nորվեգերեն է և nշանակում է «ոլորապտույտ հետք սարալանջին») և տափանված ձյան վրայով լեռնային գլխապտույտ զառիթափերից սրընթաց վարսահքի համար։ Սլալոմի մրցումներն անց են կացվում կարճ (100-500 մ), բայց խիստ ոլորապտույտ մրցուղով, որը նշագծված է տասնյակ «դարպասներով»՝ միմյանցից 35-45 մ հեռավորությամբ զույգ առ զույգ տեղադրված կարմիր, կապույտ կամ դեղին դրոշակներով: Մարզիկը պարտավոր է անցնել բոլոր դարպասներով, հակառակ դեպքում նա դուրս է մնում մրցապայքարից: Սրընթաց վարսահքի դեպքում դարպասները կրկնակի, եռակի լայն են և համեմատաբար սակավաթիվ, բայց մրցուղու երկարությունը մինչև 3 կմ է վարսահքի արագությունը, այս մրցաձևում հասնում է ժամում 90 կմ-ի, իսկ երբեմն նույնիսկ` ավելի է լինում: Լեռնադահուկային մրցումների երրորդ ձևը մինչև 1200 մ երկարության հսկա սլալոմն է: Ամենածանրը դահուկացատկի դահուկներն են. զույգը մինչև 9 կգ: Դրանցով ցատկում են ոստնակից (տրամպլինից), մարզահրապարակից, մարզիկը կքանստած սլանում է թափավազքի սարով և այնտեղ, ուր այն ընդհատվում է, սանդղավանդով (այդ տեղը կոչվում է «թռիչքասեղան») եռանդագին ետ է հրվում և թռչում միաժամանակ վերև ու առաջ, ասես ճախրելով օդում թռիչքի ժամանակ, անվեհեր մարզիկն ամբողջ մարմնով թեքվում է առաջ, որի շնորհիվ փոքրանում է օդի դիմադրությունը, առաջանում է ամբարձիկ ուժ և նա թռչում է տասնյակ մետրեր։ Թռիչքի երկարությունը որոշվում է լանջի վրա վայրէջքի տեղով և կախված է մարզիկի վարպետությունից ու ոստնակի չափերից. հսկայական ոստնակներից հնարավոր է կատարել 150 մ-ից ավելի հեռուցատկ թռիչքներ: Լինում են նաև որսորդական (անտառային) դահուկներ, որոնք նման են տուրիստականին, բայց զգալիորեն ավելի լայն են։ Իսկ հյուսիսային ժողովուրդների որսորդներն ու զանազան արշավախմբերի մասնակիցներն օգտագործում են քայլքի դահուկներ, որովհետև նրանց երկար ճանապարհ է սպասվում խոր կուսական ձյունածածկույթի միջով: Քայլքի դահուկները կրկնակի կարճ են սահքի դահուկներից և նման են թենիսի ձեռնաթիակների, փայտե ձվաձև օղագոտու վրա ձգված է կաշեփոկի կամ պարանի ցանց: