Ինչ է, ով է/Գրաֆիկ
Գրաֆիկ
Հայր ու որդի պատրաստվում էին մեկնել Կիրովական քաղաքը: նրանք ապրում էին Երևանում, որտեղից դեպի Կիրովական տանում է 150 կմ երկարությամբ ասֆալտապատ խճուղին: «Գնանք ավտոբուսով, առաջարկեց հայրը, մեկնում է առավոտյան ժամը 10-ին, շարժվում է ժամում 45 կմ արագությամբ և ընդամենը երկու կանգառ ունի: Նայիր, հիմա ես կգծեմ ավտոբուսի շարժման գրաֆիկը»: Եվ հայրը սև մատիտով գծեց գրաֆիկի երկու փոխուղղահայաց ուղիղներ և կտրուկ վեր բարձրացող բեկյալ գիծը։ «Հորիզոնական ուղղի վրա ես նշել եմ ժամանակը` արտահայտված ժամերով, իսկ ուղղահայացի վրա` Երևանից եղած հեռավորությունը կիլոմետրերով, ասաց հայրը։ -Ժամը տասին գրաֆիկի գիծն սկսում է վեր բարձրանալ: Տասնմեկն անց կեսին ավտոբուսը կես ժամով կանգ է առնում Ապարանում: Այդ ժամանակամիջոցում Երևանից եղած հեռավորությունը չի ավելանում, ուստի և այստեղ գրաֆիկը հորիզոնական է, ապա գրաֆիկի գիծը նորից վեր է ձգվում, այսինք՝ ավտոբուսը շարունակում է ճանապարհը: Ժամը հինգը դեռ չլրացած` մենք կլինենք Կիրովականում»։ «Ավելի լավ է հեծանվով գնանք, առաջարկեց որդին: Դուրս կգանք առավոտը վաղ, ժամը յոթին, կշարժվենք ժամում 15 կմ արագությամբ: Հինգ ժամում կանցնենք ճանապարհի կեսը, երեք ժամի չափ կհանգստանանք, կնախաճաշենք և նույն արագությամբ կշարունակենք ճանապարհը»: Եվ որդին կանաչ մատիտով գծեց հեծանվային ճանապարհորդության գրաֆիկը։ «Տեսնում ես,-ասաց նա, տասնմեկն անց կեսին կլինենք Ալագյազ գյուղում, իսկ չորսն անց կեսին՝ Սպիտակում։ Կիրովական կհասնենք ժամը ութին»։ Ճանապարհորդությունը շատ հետաքրքրական էր: Բայց այն սկսվեց ոչ թե առավոտյան ժամը յոթին, այլ ութին (գուշակիր, թե ինչո՞ւ) և ընթացավ բոլորովին էլ ոչ այնպես, ինչպես նախատեսված էր։ Նայեցեք այդ ճանապարհորդության գրաֆիկի կարմիր գծին և ասացեք, թե ի՞նչ պատահեց հեծանիվներին: Ի՞նչ արագությամբ էին հեծանվորդները շարժվում առաջին ժամում։ Որտե՞ղ ջարդվեցին հեծանիվները և որքա՞ն ժամանակում հաջողվեց դրանք նորոգել: Որտե՞ղ էին հեծանվորդները շարժվում պլանավորվածից ավելի արագ, ո՞ր ժամերին էին նստել խարույկի մոտ: Ի՞նչ արագությամբ էին շարժվում նրանք խճուղու նորոգվող տեղամասով: Ե՞րբ անցան Ալագյազ գյուղով և հասան Կիրովական: Ընդամենը քանի՞ կիլոմետր անցան հեծանիվներով և քանի՞սը ճանապարհին հանդիպած մեքենայով: Մեր զրույցում հայրն ու որդին կառուցում էին անցած ժամանակից ունեցած կախվածության գրաֆիկը: Բայց տրանսպորտի տարբեր տեսակների շարժման գրաֆիկների չէ միայն, որ դուք կհանդիպեք կյանքում։ Հիվանդանոցներում, որպեսզի ավելի լավ պատկերացնեն հիվանդության ընթացքը, գծում են հիվանդի մարմնի ջերմաստիճանի գրաֆիկը, ինչպես նաև` ջերմաստիճանի կախումը բուժման ժամանակից: Խոշոր գործարանի դիրեկտորի աշխատասենյակում կարելի է տեսնել արտադրական բազմաթիվ գրաֆիկներ, օրինակ, պլանի կատարման ընթացքի գրաֆիկը։ Ամեն անգամ, երբ թվային որևէ մեծություն (ճանապարհ, ջերմաստիճան, արտադրանքի քանակ, կշիռ, երկարություն) կախված է թվային մեկ այլ մեծությունից, ապա այդ կախման բնույթն ամենից ավելի ակներև ցուցադրում է գրաֆիկը: Օրինակ, եթե դուք փոքրիկ եղբայր ունեք, որին պարբերաբար կշռում են ու չափում հասակը, ապա դուք կարող եք նկարել նրա մարմնի կշռի և հասակի կախվածության գրաֆիկը: Գյուղատնտեսության մեջ օգտագործվում են պարարտանյութի քանակից բերքի կախվածության գրաֆիկներ։ Վանդակավոր թղթի վրա գծեք տարբեր չափերի քառակուսիներ և հաշվեք դրանցից յուրաքանչյուրի մեջ եղած վանդակների քանակը։ Այժմ դուք կարող եք կառուցել քառակուսու կողմի երկարությունից քառակուսու մակերեսի կախվածության գրաֆիկը: Աշխատեք պատասխանել մեր զրույցի բոլոր հարցերին: Ապագայում շատ անգամ հարկ կլինի, որ դուք ինքներդ կառուցեք տարբեր գրաֆիկներ, էլ ավելի հաճախ անհրաժեշտ կլինի պարզել, թե ի՞նչ են պատմում ուրիշների կառուցած գրաֆիկները: Չէ՞ որ գրաֆիկներից օգտվում են թե՛ բժիշկներն ու ինժեներները, թե՛ գիտնականներն ու շինարարները, թե՛ տնտեսագետներն ու օդերևութաբանները, ինչպես նաև` ուրիշ շատ ու շատ մասնագիտությունների տեր մարդիկ: