Jump to content

Ինչ է, ով է/Դավիթ Անհաղթ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Դավիթ Անհաղթ

Վաղ միջնադարյան հայ ականավոր փիլիսոփա և գիտնական Դավիթ Անհաղթն ըստ ավանդության, ծնվել է Տարոն նահանգի Ներգին գյուղում: Այդ պատճառով էլ գրականության մեջ նա հայտնի է նաև Դավիթ Ներգինացի անունով։ «Անհաղթ» պատվավոր մականունը ստացել է գիտական վեճերում հաղթանակներ տանելու համար: Գիտության հանդեպ ունեցած սերը երիտասարդ Դավթին բերել էր Ալեքսանդրիա քաղաքը, որը հին աշխարհի խոշորագույն գիտական կենտրոններից էր, հունական մշակույթի լավագույն ավանդույթների պահապանը վաղ միջնադարում: Այստեղ 6-րդ դարի առաջին կեսին Դավիթը սովորել, իսկ հետո երկար տարիներ փիլիսոփայություն է դասավանդել` իր շուրջը հավաքելով տարբեր երկրներից եկած աշակերտների: Փիլիսոփայական բանավեճերին մասնակցելու համար նրան հրավիրել են Աթենք և Կոստանդնուպոլիս, ուր նա միշտ փայլել է իր կուռ տրամաբանությամբ ու հռետորական ձիրքով։ Մեծ հռչակ վայելող փիլիսոփան ծեր հասակում վերադառնում է Հայաստան: Նա ստեղծում է իր դպրոցը և ծավալում բեղմնավոր գիտական ու մանկավարժական գործունեություն: Բազմաթիվ աշխատություններից, որ գրել է Դավիթ Անհաղթը, պահպանվել են միայն չորսը, այդ թվում` նրա ամենակարևոր երկը` «Սահմանք իմաստասիրության» («Փիլիսոփայության սահմանումները»): Նա առաջ է քաշում շատ հետաքրքիր հարցեր, որոնք այժմ էլ հուզում են փիլիսոփաներին և գիտնականներին։ Օրինակ, Դավիթը քննում է` ինչ է աշխարհը, ինչ օրինաչափություններ ունի այն, ինչ տեղ է գրավում մարդը Տիեզերքում և ինչպես նա պետք է ճանաչի աշխարհը, ինչպես պետք է օգտագործի իր մտավոր կարողությունները` բնության գաղտնիքները բացահայտելու համար։ Նա քննադատում է այն փիլիսոփաներին, որոնք պնդում էին, թե իբր մարդն ի վիճակի չէ թափանցելու իրերի և երևույթների էության մեջ: Դավիթն ապացուցում է, որ մարդու հինգ զգայարանները և բանականությունը լիովին բավարար են` լուծելու համար բնության բոլոր առեղծվածները: Բայց այդ նպատակին հասնելու համար մարդ պետք է տիրապետի ճանաչման տարբեր աստիճաններին, մտածողության օրենքներին: Այս ամենը մարդուն տալիս է փիլիսոփայական գիտությունը, որը սովորեցնում է ճանաչել աշխարհը և իմանալ ճշմարտությունը: Բայց կատարելության հասնելու համար մարդ չի կարող բավարարվել միայն գիտելիքներ ձեռք բերելով և ճշմարտություններ կուտակելով։ Նա պետք է կարողանա ճիշտ գործադրել դրանք կյանքում: Դավիթ Անհաղթի համար մեծ կարևորություն ունի մարդու բարոյական նկարագիրը: Կատարյալ մարդ կարող է համարվել միայն նա, ով ձեռք բերած գիտելիքները կամ արվեստը զուգակցում է բարոյական բարձր հատկանիշների` ազնվության, բարության, ընկերասիրության և խիզախության հետ: Մինչև Անհաղթը հայ փիլիսոփայության մեջ ոչ ոք մարդուն այդքան բարձր չի դասել: Նա գտնում է, որ առաքինությունը ձեռքբերովի է: Մարդը առաքինի չի ծնվում: Նա կարող է ծնվել խարտյաշ աչքերով կամ ֆիզիկական այլ հատկանիշներով, իսկ առաքինի է դառնում դաստիարակության և այլ միջոցներով: Լինել առաքինի նշանակում է լինել արդարամիտ: Դավիթ Անհաղթի առաջավոր գաղափարները լայն տարածում գտան Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Դա անհանգստացնում էր կրոնամոլ իշխանավորներին, որոնք և սկսեցին հալածել իմաստուն փիլիսոփային: Ըստ պահանված գրավոր ավանդության, Դավիթ Անհաղթն ստիպված է լինում հեռանալ ասպարեզից և մեկուսանալ Հաղպատի հին մենաստանում, որտեղ մահանում է: Բայց նրա թշնամիները չեն հասնում իրենց նպատակին։ Դավիթ Անհաղթի հռչակը տարածվում է երկրով մեկ: Նրա գրքերն անցնում են ձեռքից ձեռք, արտագրվում են բազմաթիվ օրինակներով, իսկ գաղափարները ձեռք են բերում հազարավոր հետևորդներ։ Նրա գործը հաղթում է։ Դավթի աճյունը մեծ շուքով տեղափոխում են հայրենի գավառը և որպես սուրբ մասունք թաղում Մուշ քաղաքի Առաքելոց վանքում։ Նրա գերեզմանը դառնում է ուխտավայր։ Դրանով ժողովուրդն իր հարգանքն ու երախտագիտությունն է հայտնում իր զավակին, որն անձնվիրաբար ծառայեց հայ մշակույթի ու գիտության զարգացմանը: Հետագա դարերի և հատկապես սովետահայ գիտնականների ուսումնասիրություններն ու Դավիթ Անհաղթի գործերի թարգմանությունները համընդհանուր ճանաչում բերեցին մեծ մտածողին: 1980 թ Երևանում, Մոսկվայում, ինչպես նաև մեր երկրի ուրիշ քաղաքներում և արտասահմանյան տարբեր երկրներում մեծ շուքով նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը: